Իրաքյան Բասրա նահանգի խորհուրդը հայտնել է ինքնավարության մասին հայտարարելու իր մտադրության մասին, եթե կենտրոնական կառավարությունը շարունակի ոտնահարել նահանգի ֆինանսական իրավունքները, գրում են արաբական ԶԼՄ-ները։
Նահանգային խորհրդի ղեկավարի տեղակալ Բալիս Կայտանն ասել է, որ Բասրա նահանգը զբաղեցնում է երկրի բյուջեում ամենամեծ մասնաբաժինը՝ ընդհանուր բյուջեի ավելի քան 80 տոկոսը՝ շնորհիվ նավթի արտահանման, նավահանգիստների և այլ ռեսուրսների։
«Բաղդադի կառավարությունը տևական ժամանակ նահանգին չի տրամադրել իր ֆինանսական միջոցները»,-ասել է նա՝ ընդգծելով, որ դա բացասաբար է ազդել նահանգում ծառայությունների և ռազմավարական նախագծերի վրա։
Փաստացի Իրաքում սկսվել է պետության կազմաքանդման գործընթացը: Իրաքյան Քրդստանում հանրաքվեն միայն արագացրել է այդ գործընթացը. դե–յուրե միասնական, դաշնային Իրաքում փաստացի սկսելու են առաջանալ էթնիկ–կրոնական սուբյեկտներ` Սուննիստան, Շիաստան և Քրդստան։ Բաղդադի իշխանությունները չունեն ռեսուրսներ այդ գործընթացը կանգնեցնելու համար։
Սունիական շրջաններին աջակցություն են ցուցաբերելու Սաուդյան Արաբիան և Ծոցի այլ միապետություններ, շիաներին (Բասրայում մեծամասնություն են կազմում շիաները)`Իրանը, իսկ Քրդստանին թե՛ ԱՄՆ–ն, թե՛ Իսրայելը։
Մերձավոր Արևելքում («արաբական գարունը» միայն արագացրեց այդ գործընթացը), սկսվել է միասնական, արաբական պետությունների կազմաքանդումը`էթնիկ–կրոնական սահմաններով, ինչը ձեռնտու է ԱՄՆ–ին ու նրա տարածաշրջանային դաշնակից Իսրայելին: Արաբական միասնականությունն ու ազգայնականությունը`պանարաբիզմը, միշտ էլ սպառնալիք են հանդիսացել հրեական պետության գոյությանը և պաղեստինյան հարցի լուծմանն`Թել–Ավիվի սցենարով։
Տարածաշրջանային տերությունները`Թուրքիա, Սաուդյան Արաբիա, Իրան սկսելու են աջակցել իրենց կրոնակից, ազգակիցներին`proxy պետություններին, ազդեցության գոտիներ ստեղծելով ի դեմս թուրքմենների, սունիական ցեղերի, շիաների`ալևիների և այլն։
Պետությունների կազմաքանդումն իր հետ բերելու է նաև ուժերի բալանսի խախտում: ԱՄՆ–ն անհանգստացած է, որ Իրանը կարող է օգտվել արաբական առանցքի երկրների կազմաքանդումից և ստեղծել «շիական աշխարհ»: Իրանից այն ձգվելու է դեպի Աֆղանստան, Մահրիբ, Լիբանան և Սիրիա, բացի այդ, Եմեն, Բահրեյն, Սաուդյան Արաբիա` ի դեմս տեղի շիական համայնքների։