Շարունակում ենք գրել 20-րդ դարի ամենասարսափելի բռնապետերի մասին: Նախորդ հոդվածում խոսվեց Կուբայի բռնապետ Ֆիդել Կաստրոյի մասին: Այս անգամ կխոսենք Իրաքի երկարամյա բռնապետ Սադամ Հուսեյնի վերաբերյալ:
Մարդ, ով անմիջական պատասխանատվություն է կրում Իրաքի այսօրվա սարսափելի վիճակի համար: Մարդ, ով գազային գրոհի միջոցով սպանդի ենթարկեց հազարավոր քրդերի: Մարդ, ում որդիներն Իրաքի ժողովրդի դահիճներն էին: Սադամ Հուսեյնը արևելյան դասական բռնապետ էր, ով իր քաղաքական գործունեությունը սկսել էր երիտասարդ տարիքում և «ԲԱԱՍ» (Արաբական սոցիալիստական վերածննդի կուսակցություն) խմբավորման հետ մեկտեղ զենքի ուժով Իրաքում հասել էր իշխանության:
Ինչպես հատուկ է զենքի ուժով իշխանության եկած ցանկացած բռնապետի՝ Սադամը նույնպես Իրաքում հաստատեց Մերձավոր Արևելքի ամենաանմարդկային քաղաքական վարչակարգերից մեկը:
Սադամ Հուսեյնը ծնվել է 1937թ. Ալ Աուջա համայնքի մոտակայքում: Նա բավականին դաժան մանկություն է ունեցել. զրկված է եղել հորից, իր ծնվելուց որոշ ժամանակ առաջ 12 տարեկան հասակում քաղցկեղից մահացել է իր եղբայրը: Այդ ամենը ծանր հարված էր Սադամի մոր համար, ով բռնապետի լույս աշխարհ գալուց հետո անգամ չէր ցանկանում վերջինիս երեսին նայել: Հուսեյնի մասին հոգ է տարել իր քեռին, ով իրաքյան այդ ժամանակվա իշխանությունների խիստ քննադատներից էր: Սադամ Հուսեյնը մանուկ ժամանակ բավականին հաճախ քաղցած է մնացել: Այդ ամենին գումարվել է նաև իր խորթ հոր դաժան վերաբերմունքն իր հանդեպ: Այս ամենն իրենց դերն են ունեցել ապագա բռնապետի հոգեկերտվածքի ձևավորման գործում: Սադամը երազում էր զինվորական դառնալու մասին, որպեսզի կարողանար դուրս գալ աղքատության ճիրաններից: Իրականում նա բավականին դժվարությամբ կարողացել է միջնակարգ կրթություն ստանալ: 1953թ. ընդունվել է և հետագայում ավարտել Ալ-Կարխ դպրոցը: Հետագա տարիներին նա ավարտել է Կահիրեի համալսարաններից մեկը՝ ստանալով իրավաբանի մասնագիտացում:
1950-ականներին Եգիպտոսում հեղափոխական ալիք էր բարձրացել, որի առաջնորդը Գամալ Աբդել Նասերն էր: Այս գործիչը դարձել էր երիտասարդ Հուսեյնի կուռքը: Եգիպտական իրադարձություններն իրենց առարկայական դերն ունեցան ապագա բռնապետի կյանքում: Այդ շրջանում Սադամն արդեն իսկ անդամակցում էր ընդհատակյա զինված միավորումներին: Խոսքը «ԲԱԱՍ» խմբավորման մասին է:
1956թ. երկրում անհաջող ռազմական հեղաշրջման փորձ կատարվեց: 1958թ. արդեն գեներալ Աբդել Կասեմի զինվորականները կարողացան գահընկեց անել Ֆեյսալ 2-րդ արքային: Կասեմի և «ԲԱԱՍ» խմբավորման միջև հակամարտություն էր առաջացել: 1963թ. խմբավորումը կարողացավ զավթել իշխանությունը: Հեղաշրջման ժամանակ սպանվեց Աբդել Կասեմը: Իշխանության գալուց հետո խմբավորումը սկսեց երկրում տեռոր իրականացնել:
Այդ ժամանակաշրջանից սկսած հալածվում էին հյուսիսային քրդերը: Հետագայում խմբավորումը կորցրեց իշխանությունը և այն անցավ Աբդել Արեֆի ձեռքը: Սադամը բանտարկվեց, սակայն կարողացավ փախչել բանտից: Հինգ տարի անց «ԲԱԱՍ» խմբավորումը կրկին հեղաշրջման շնորհիվ վերցրեց իշխանությունը: Նախքան դա փորձ էր եղել արշավանք կազմակերպել դեպի Բաղդադ, որն անհաջողությամբ էր ավարտվել: Փաստացի երկրում 1958թ. զենքի ուժով իշխանություն փոխելուց հետո ոչ միայն չէր բարելավվել վիճակը, այլև Իրաքը շարունակական հեղաշրջումների մի փուլի մեջ էր գտնվում:
1969թ. Սադամը զբաղեցրեց կուսակցության գլխավոր քարտուղարի պաշտոնը, իսկ 1970թ.-ին դարձավ կուսակցության փոխնախագահը: Սադամն այդ շրջանից սկսեց իշխանությունն իր ձեռքում կոնսոլիդացնելու գործընթացը: 1978թ. նա հանդիպեց Խորհրդային պետության ղեկավար Բրեժնևի հետ և պայմանավորվածություն ձեռք բերեց դեպի Իրաք զենքի առաքման շուրջ: Իրաքը պատրաստվում էր Իրանի դեմ պատերազմին: Այդ շրջանում սկսվեցին քաղաքական հակառակորդների նկատմամբ հետապնդումները: Հետապնդվողները բանտերում ենթարկվում էին ծեծի և սեռական բռնությունների: Շատ հաճախ նրանց վրա ծծմբական թթու էին լցնում կամ պարզապես կախում: Տարածված էր նաև քաղբանտարկյալների աչքերի առջև նրանց ընտանիքների անդամների խոշտանգումները: 1976թ. բոլոր քաղաքական հակառակորդները կա՛մ բանտերում էին, կա՛մ սպանված էին: Այդ շրջանում արդեն իսկ բոլոր ուժայինները Սադամի ուղղակի վերահսկողության տակ էին և լուռ ենթարկվում էին:
1979թ. նախագահ Ալ-Բաքրը հրաժարական տվեց, և Սադամ Հուսեյնը դարձավ երկրի նախագահ: Նախագահ դառնալուց հետո նա սկսեց կուսակցության շարքերում զտումներ իրականացնել: Անմիջապես ձերբակալվեցին 21 կուսակցական գործիչներ: Հետագայում ևս 60 պատգամավոր ձերբակալվեց: 1979թ. Իրանում տեղի ունեցավ իսլամական հեղափոխություն, որը կտրուկ փոխեց տարածաշրջանում իրերի դրվածքը: Իշխանությունն անցավ հեղափոխական խորհրդի ձեռքը՝ Այաթոլլա Խամենիի գլխավորությամբ: Խամենին չէր թաքցնում իր բացասական վերաբերմունքը սունիների, արևմուտքի և իրաքյան «բասիստների» հանդեպ: Իրանը և Իրաքը նաև չլուծված տարածքային հարցեր ունեին: 1980թ. ապրիլին մահափորձ կատարվեց Իրաքի վարչապետի տեղակալ Թարիք Ազիզի նկատմամբ: Այդ ամենը նպաստեց երկու երկրների միջև սահմանային բախումների սկսելուն: 1980թ. սեպտեմբերին իրաքյան զորքը ներխուժեց Խուզեստան: Ռազմական գործողությունները տեղի էին ունենում 700 կմ երկարություն ունեցող ռազմաճակատի երկայնքով: Իրաքյան զորքերը ռմբակոծում էին խոշոր քաղաքները՝ ներառյալ Թեհրանը:
Ռազմական գործողությունների մեկնարկից մեկ շաբաթ անց Սադամ Հուսեյնը պատրաստակամություն հայտնեց բանակցությունների սեղանի շուրջ նստել: Հուսեյնը հույս ուներ, որ հեղափոխությունից հետո բռնաճնշումների ենթարկվող իրանյան բանակը հեշտությամբ պարտության կմատնվի: Իրականում, կարճ ժամանակ անց իրանական բանակը սկսեց լուրջ դիմադրություն ցույց տալ: Իրանական զորքը 1980թ. ձմռանը փորձեց հակահարձակման անցնել: Այդ ամենն ավարտվեց կատարյալ ֆիասկոյով: 1981 թվականին, երբ շարունակվում էին երկկողմ ռազմական գործողությունները, անսպասելիորեն իսրայելական օդուժը ռմբակոծեց Բաղդադի մոտակայքում գտնվող ատոմային կենտրոնը: Դա Իրաքի համար հարված էր մեջքից: Հետագայում ռազմական բախումները շարունակվեցին փոխնիփոխ հաջողություններով: Այդ պատերազմն ավարտվեց 1988 թվականին: Ռազմական գործողությունների ընթացքում իրաքյան կառավարությունը բազմիցս իրաքյան քրդերի դեմ քիմիական զենք է օգտագործել: Նրանք Իրաքի լեռնային շրջաններում, մասնավորապես, Խալաբաջայում ապրող քրդերն էին, որոնք հրաժարվում էին կռվել Իրանի դեմ: Այդ ողբերգության ժամանակ զոհ գնաց մինչև 5000 մարդ: Ընդհանուր առմամբ, քիմիական գրոհի թիրախում 272 բնակավայր հայտնվեց: Այդ շրջանում քիմիական զենքի գրոհի էին ենթարկվել նաև Բալիսանի և Քարադագի շրջանի քրդական գյուղերը: Քրդերի մասսայական բնաջնջման դեպքերից հետո Իրաքը հայտնվեց մեկուսացման մեջ և պատժամիջոցների տակ: Ընդհանրապես, քրդերի հանդեպ հանցագործությունները սկսվել էին դեռևս 1982թ., երբ Հուսեյնը պայմանագիր էր կնքել թուրքերի հետ՝ քրդերի դեմ միացյալ պայքար տանելու համար: Պատերազմի ընթացքում Հուսեյնը քրդերի դեմ «Անֆալ» կոչվող գործողությունն իրականացրեց, որի հետևանքով 182 հազար քուրդ տեղահանվեց և գնդակահարվեց: 1983թ. ոչնչացվեց քրդական Բարզան ցեղի արական հատվածը՝ շուրջ 8 հազար տղամարդ: Պատերազմի ընթացքում 4 միլիոն քրդերից 2 միլիոնը տեղափոխվեց համակենտրոնացման ճամբարներ, որտեղ վերջիններիս գերակշիռ մեծամասնությունը գտավ իր մահը: Ավերվեց մոտ 4000 քրդական գյուղ, որոնց բնակիչները կոտորվեցին:
1990թ. Հուսեյնը նոր ռազմական հակամարտության մեջ ներքաշեց Իրաքը: Այս անգամ թիրախը Քուվեյթն էր: Քուվեյթն Իրաքին բավականաչափ ֆինանսական օգնություն էր ցույց տվել Իրանի դեմ պատերազմի ժամանակ: Սակայն պատերազմի ավարտից հետո կտրուկ սրվեցին երկու երկրների հարաբերությունները: Մասնավորապես, Իրաքը Քուվեյթին մեղադրեց «Նավթային գողության» մեջ: Շուտով Հուսեյնը զորք մտցրեց Քուվեյթ: 1990թ. օգոստոսին իրաքյան զորքը ներխուժեց Քուվեյթ և օկուպացրեց այն: Քուվեյթի նկատմամբ ագրեսիան հարուցեց միջազգային հանրության զայրույթը: Այս հարցում իր ուրույն դերակատարումն ունեցավ ԱՄՆ-ն: 1990 թվականի վերջերին ԱՄՆ-ը մասնակցեց Սաուդյան Արաբիայի պաշտպանությանը, որը հայտնի է «Պաշտպանություն անապատում» գործողությամբ: Շուրջ 500.000 ամերիկյան զորք տեղակայվեց Սաուդյան Արաբիայի տարածքում՝ Իրաքի հնարավոր հաձակումը կանխելու նպատակով: Այդ շրջանում ԱՄՆ-ը վերջնագիր ներկայացրեց Սադամ Հուսեյնին: Համաձայն այդ վերջնագրի՝ Հուսեյնի զորքերը պետք է լքեին Քուվեյթի տարածքը մինչև 1991 թականի հունվարի 15-ը, հակառակ դեպքում կբախվեին բազմազգ ուժերին: 1991 թվականի հունվարի 15-ը լրացավ, սակայն Իրաքի կողմից որևէ պատասխան չհնչեց: Հաջորդ գիշեր «Պաշտպանություն անապատում» գործողությունը դարձավ «Փոթորիկ անապատում»: Իրաքի ռազմական թիրախների ռմբակոծումը տեղի ունեցավ առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում, որի ժամանակ շուրջ 2500 գործողություն իրականացվեց: Իրաքն օգտագործեց տարատեսակ հրթիռներ, որպեսզի հակահարված հասցնի Սաուդյան Արաբիայում և Իսրայելում տեղակայված ամերիկյան զորանոցներին: Իրաքն Իսրայելի նկատմամբ հրթիռներ օգտագործելով ցանկանում էր, որպեսզի հարևան արաբական երկրները նույնպես ներգրավվեն այս կռվում, սակայն դիվանագիտական ճնշման և բանակցությունների արդյունքում արաբական երկրները չմիջամտեցին և չներգրավվեցին պատերազմում:
Հետագայում փետրվարին ցամաքային պատերազմ սկսվեց: Չնայած օդային ռմբակոծությունները շաբաթներ շարունակ տևեցին, ամերիկյան զորքը Քուվեյթն ազատագրեց ընդամենը 100 ժամ տևած ցամաքային կռվի արդյունքում: Գործողությունն ավարտվեց փետրվարի 27-ին: Ամերիկյան զորքերը Քուվեյթից շարժվեցին և մտան հարավային Իրաք: Գործողության ռազմավարական նպատակն իրականացվել էր: Սադամի զորքը դուրս էր շպրտված Քուվեյթից, սակայն նա շարունակում էր Իրաքը ղեկավարել Բաղդադից: Նախագահ Բուշը վախենում էր, որ դաշնակիցները չէին կարող օկուպացնել Բաղդադը: Մտահոգութուն կար, որ, եթե Սադամի ռեժիմը տապալվի, ապա ողջ ազգը կարող է քաղաքացիական պատերազմի մեջ ներքաշվի: Շուտով Իրաքը համաձայնվեց հրադադարի մասին պայմանագիր կնքել: Արդյունքում հակամարտությունը դադարեցվեց:
Ինչպես նշվեց, Քուվեյթի օկուպացիայից հետո Իրաքի նկատմամբ պատժամիջոցներն էլ ավելի սաստկացան: Դրանք որոշակիորեն մեղմացան 1990-ականների կեսերին: Սադամի ռեժիմն այդ շրջանում շարունակում էր գոյատևել: Նրա ռեժիմի սարսափի խորհրդանիշն էին Սադամի երկու որդիները՝ Ուդեյ և Կուսեյ Հուսեյնները: Այս երկուսը բազմաթիվ հանցագործությունների հեղինակ էին: Ուդեյ Հուսեյնը համարվում էր Սադամի ամենահավանական իրավահաջորդը: Սակայն նրա հանդեպ իրականացված մահափորձից հետո հիմնական շեշտը դրվեց Կուսեյ Հուսեյնի վրա: Ինչևիցե, այս երկու հանցագործներին վիճակված չէր դառնալ իրենց բռնապետ հոր իրավահաջորդը, քանի որ 2000-ականների սկզբին մոտենում էր Սադամի ռեժիմի վերջը: 2001թ. սեպտեմբերի 1-ի սարսափելի ահաբեկչությունից հետո ԱՄՆ-ն սկսեց միջազգային սպառնալիք հանդիսացող ահաբեկչական կառույցներին և դրանց սատարող երկներին պատժելու քաղաքականություն վարել: Աֆղանական գործողությունից հետո 2003թ. մարտին նախագահ Բուշը կոչ արեց Սադամին վայր դնել իր լիազորությունները և որդիների հետ միասին հեռանալ երկրից: Հակառակ դեպքում՝ ռազմական գործողություններն անխուսափելի են: Դրան ի պատասխան՝ Սադամի որդի Ուդեյը հայտարարեց, որ Ջորջ Բուշը պետք է լքի Սպիտակ տունը: Նա նշեց, որ Իրաք ներխուժման դեպքում ամերիկացիներին իսկական դժոխք կսպասվի: Իրականում, կոալիցիոն ուժերը բավականին արագ կարողացան կոտրել իրաքցիների դիմադրությունը:
Ռազմական գործողությունների մեկնարկի օրը Բաղդադն օդային ռմբակածության ենթարկվեց: Մի քանի շաբաթ անց ցամաքային գործողության արդյունքում մայրաքաղաքը արդեն գրավված էր: Սադամն այդ ողջ ժամանակ փորձում էր ցույց տալ, որ իրավիճակը վերահսկվում է իր կողմից: Նա բավականին հաճախ հայտնվում էր հեռուստաէկրաններին և ժողովրդի մեջ: 2003թ. ապրիլի 9-ին Բաղդադի բնակիչներն ամերիկացիների օգնությամբ հողին հավասարեցրին երկարամյա բռնապետի արձանը: Ընդհանրապես, իրաքցիների զգալի հատվածն ուղղակի ցնծություն էր ապրում բռնապետության ավարտի կապակցությամբ: 2003թ. հուլիսին հատուկ գործողության ժամանակ սպանվեցին Սադամի հանցագործ որդիներ Ուդեյը և Կուսեյը: Դեկտեմբերին հայտնաբերվեց նաև անձամբ Սադամ Հուսեյնը: 2005թ. հոկտեմբերին սկսվեց վերջինիս դատավարությունը: Սադամը մեղադրվում էր մարդկության դեմ գործած հանցագործությունների մեջ: Դատավարությունն ավարտվեց 2006թ. դեկտեմբերի 30-ին, երբ Սադամը կախաղան բարձրացվեց: Այդպիսով Մերձավոր Արևելքի ամենասարսափելի բռնապետերից մեկն իր արժանի պատիժը ստացավ մարդկության դեմ կատարած հանցագործությունների, մասնավորապես, քրդերի ցեղասպանության կազմակերպման համար:
Դավիթ Ֆիդանյան