Թեև Հայաստանի Հանրապետությունը Հարավային Կովկասում է, Մերձավոր Արևելքի և հատկապես Սիրիայի քրիստոնյաները մեր երկիրը դիտարկում են որպես տարածաշրջանի միակ քրիստոնեական պետություն և ակնկալում, որ հենց Երևանը պետք է լինի մերձավորարևելյան քրիստոնեական համայնքների հովանավորը։

Ակնհայտ է, որ նման դերակատարության ստանձնումը պահանջում է որոշակի ռեսուրսներ և պարունակում նաև ռիսկեր, սակայն բնականաբար մեր պետությանը կարող է տալ նաև լրացուցիչ լծակներ և բացել հնարավորություններ տարածաշրջանային լուրջ դիրքեր զբաղեցնելու առումով։

Տարածաշրջանային քրիստոնեական գերտերության տեսլականը կարող է ունենալ նաև հստակ գաղափարական հիմնավորում՝ նկատի ունենալով Հայաստանի՝ առաջին քրիստոնյա պետությունը լինելու հանգամանքը։

Հաշվի առնելով այս ամենը, կարծում եմ՝ առնվազն փորձագիտական մակարդակում արժե քննարկել խնդրի բոլոր դրական և բացասական կողմերը։