Ջեքի Կուգանը Մերձավոր Արևելքի քարտեզի մոտ... 1924 թվականին արված լուսանկարում Հոլիվուդի հայտնի կինոաստղ, Չառլի Չապլինի «Փոքրիկը» համր ֆիլմի դերակատար Ջեքի Կուգանն է՝ Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույցի (Near East Relief) օգնության բաշխման քարտեզի մոտ, իսկ ձախից Ուիլյամ Բայբին է՝ նպաստամատույցի գրասենյակի ղեկավարներից մեկը:
Առաջին աշխարհամարտից հետո Մերձավոր Արևելքում մեծագույն հումանիտար աղետ էր՝ ծայրաստիճան թշվառ վիճակում տարածաշրջանում էին գտնվում հարյուր հազարավոր փախստականներ: Հաշվի առնելով Ջեքի Կուգանի հռչակը՝ արդեն ճանաչված մանկահասակ դերասանին Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույց կոմիտեն 1920-ականների սկզբին ներգրավեց տարածաշրջանի հայ, հույն և սիրիացի որբերին օգնություն ցուցաբերելու գործում:շ
Ջեքի Կուգանի մասնակցությամբ ողջ Միացյալ Նահանգներով մեկ ստեղծվեցին «Nestle» կաթնամթերքի և հագուստ հանձնելու կայաններ, ուր նրա կոչով հազարավոր ամերիկացի երեխաներ հանձնում էին հագուստ և կաթնամթերք: Կուգանն ինքը 1925-ին մարդասիրական օգնությամբ բեռնված նավերից մեկով Ամերիկայից հասավ Հունաստան և անձամբ բաշխեց այդ օգնությունը Հունաստանի որբանոցներում հաստատված հայ և հույն երեխաներին:
Ռուբեն Շուխյան