Ներկայացվող Աբովյան 8 շենքը վերջերս հիմնովին և մասնագիտական բարձր որակով վերանորոգվել է, և այժմ այստեղ է տեղակայված «Նոյյան տապան» գրախանութը: Շենքը դարասկզբին պատկանել է երևանաբնակ մեծահարուստ առևտրական Բարսեղ Եղիազարյանին, որը նաև ժամանակին ճանաչված հասարակական գործիչ էր՝ Երևանի քաղաքային դումայի պատգամավոր: Նա հայտնի է եղել իր բարեգործական ձեռնարկումներով, խոշոր ներդրումներ է կատարել Երևանի ջրմուղի կառուցման հիմնադրամի համար: Բարսեղ Եղիազարյանը 19-րդ դարավերջին, 20-րդ դարասկզբին Երևանում ունեցել է բամբակամշակման արտադրություն, կտորեղենի երկու խոշոր խանութ և երեք բնակելի տուն քաղաքի կենտրոնական հատվածում:

 

Աբովյան 8 շենքը կառուցվել է Երևանի բազմաթիվ բարձրարվեստ շինությունների հեղինակ ճարտարապետ Վասիլի Միրզոյանի նախագծով: Չնայած Աբովյան 8-ի հիմնադրումը ընդունված է համարել 1880-ական թվականները, բայց փաստերը վկայում են (այդ թվում նաև Վասիլի Միրզոյանի անձնական նամակագրությունը), որ շինարարությունը վերջնականապես իր ավարտին է հասցվել և շենքն իր ներկայիս տեսքն է ստացել 1905 թվականից ոչ շուտ: Սև տուֆից, երկհարկանի, նրբաճաշակ հորինվածքով, բազմաթիվ կամարներով և զարդաքանդակներով այս շենքը իրավմամբ համարվում է այդ ժամանակաշրջանի Երևանի ամենագեղեցիկ կառույցներից մեկը և Վասիլի Միրզոյանի լավագույն ճարտարապետական նախագիծը:

 

Շենքը նաև պատմական մեծ արժեք է ներկայացնում: 1914 թվականից, 1-ին համաշխարհային պատերազմի հենց սկզբից, այստեղ երկրորդ հարկում սկսում է գործել Երևանի բարեգործական ընկերության կողմից հիմնված «Հայկական հիվանդանոցը»՝ 30 մահճակալով, որը նախատեսված էր ռազմաճակատի վիրավոր զինվորների համար: Այն կառավարում էր 20 հայ տիկնանցից բաղկացած կոմիտեն, իսկ հիվանդանոցի տնօրենն էր անվանի բժիշկ-վիրաբույժ Հովհաննես Հովհաննիսյանը։ 1918-ի մայիսի վերջին հիվանդանոցն արդեն իր խնամակալության տակ է առնում Սարդարապատի ճակատամարտի վիրավոր հերոսներին:

 

Ուշագրավ փաստ է նաև, որ այս շենքի պատերի մոտ են անցել 1919 և 1920 թվականների մայիսի 28-ին Առաջին հանրապետության անկախության տոնի առթիվ կազմակերպված համահայաստանյան պաշտոնական շքերթներն ու զորահանդեսները: Շենքի պատշգամբից և պատուհաններից այդ տոնախմբություններն են դիտել և ծափահարել Հայաստանում հավատարմագրված դիվանագետներն ու հյուրերը: Ճակատագրի բերումով, հենց այս շենքի նույն պատշգամբից է 1920 թվականի դեկտեմբերի 2-ին Հայաստանում հռչակվել խորհրդային կարգերի հաստատումը:

 

1920-1937 թվականներին շենքում գործել է Խորհրդային Հայաստանի կոմկուսի Կենտրոնական կոմիտեն և այստեղ են աշխատել Հայաստանի կոմկուսի առաջին քարտուղարները, այդ թվում՝ Աղասի Խանջյանը (1930-1936), որի վերաբերյալ շենքի պատին կա համապատասխան հուշատախտակ: Հետագայում այստեղ երկար տարիներ տեղակայված է եղել Ստեփան Շահումյանի անվան պրոպագանդայի և քաղաքական լուսավորության տունը, իսկ 1981 թվականից՝ «Գիտելիք» ընկերության վարչությունը:

 

Ռուբեն Շուխյան