Ըստ ՀՀ հուշարձանների տեղեկատվական շտեմարանի՝ Հանրապետության 37 հասցեում գտնվող շենքը կառուցվել է 1905 թվականին, այսինքն, այն արդեն շուրջ 112 տարվա պատմություն ունի: Ճշտենք, որ այստեղ խոսքը Հանրապետության փողոցին հարող երկհարկանի հատվածի մասին է, որտեղ այժմ տեղակայված է «Արցախբանկը», ինչպես նաև դեպի Տիգրան Մեծի պողոտա դուրս եկող շենքի օվալաձև անկյունը:
Հին Երևանի կանգուն վկաները. Աբովյան 52 1905-1917 թթ. այս շենքը ծառայել է որպես Երևանի նահանգի նահանգապետի պաշտոնական նստավայր, և այստեղ է գտնվել նաև նահանգապետի բնակարանը, որտեղ նա ապրել է իր ընտանիքի հետ: 1918-1920 թթ. այս շենքում է գործել արդեն Հայաստանի առաջին Հանրապետության կառավարությունը, իսկ խորհրդային կարգերի հաստատումից հետո որոշ ժամանակ՝ Խորհրդային Հայաստանի կառավարությունը, որն այն ժամանակ կոչվում էր կենտրոնական գործադիր կոմիտե: 1960-ական թվականներից այստեղ շուրջ երեք տասնամյակ գործել է Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեն՝ ներկայիս սփյուռքի նախարարության նախատիպը: Այստեղ էր գտնվում նաև այն ժամանակ հայկական սփյուռքում մեծ ժողովրդականություն վայելող և Սփյուռքահայության կոմիտեի կողմից հրատարակվող «Հայրենիքի ձայն» շաբաթաթերթի խմբագրությունը:
Դեռ խորհրդային տարիներին, պահպանելով ընդհանուր ճարտարապետական ոճը, շենքին կից ավելացվեց ներկայիս Մելիք-Ադամյան փողոցի հատվածը: 1980-ականներին Հանրապետության և Մելիք-Ադամյանի փողոցների եռանկյունում իրականացվեց հաջողված ճարտարապետական նախագիծ, որի նպատակն էր այս տեղանքում վերստեղծել Հին Երևանին բնորոշ քաղաքային միջավայրը: Իսկ արդեն 2006-2010 թթ. շենքի և՛ պատմական հատվածը, և՛ կից կառույցը ներսից հիմնովին վերակառուցվում է, և շենքի արտաքին տեսքը ամբողջությամբ պահպանելով՝ ավելացվում են վերնահարկեր: Ներկայումս այս շենքը բիզնես կենտրոն է, որտեղ տեղակայված են տարբեր կազմակերպություններ, այդ թվում նաև գործում է «Տաշիր Պիցցա» ցանցի պիցցերիաներից մեկը:
Հանրապետության փողոցը մինչխորհրդային Երևանի ամենաերկար և կարևոր փողոցներից էր համարվում, այն ներառում էր նաև ներկայիս Մհեր Մկրտչյանի փողոցը և ձգվում էր մինչև Անգլիական այգի: Այս փողոցում էին գործում բազմաթիվ արտադրամասեր, խանութներ և վարչական հիմնարկներ: Փողոցը կոչվում էր Նահանգային (Գուբերնսկայա), քանի որ այստեղ էր գտնվում նահանգապետի նստավայրը և նահանգային գործադիր վարչության շենքը: Առաջին հանրապետության օրոք փողոցը անվանափոխվեց և դարձավ Հանրապետության փողոց: Խորհրդային կարգերի հաստատումից հետո այն վերանվանվեց Լենինի, իսկ 1953-ից ՝ սկսեց կրել հեղափոխական Ստեփան Ալավերդյանի անունը: 1991-ին, անկախության վերականգնումից հետո, փողոցին վերադարձվեց նախկին անվանումը՝ Հանրապետության:
Հայաստանի առաջին Հանրապետության ծնունդը մեր նորագույն պատմության շրջադարձային էջերից է համարվում, երբ անկախության կորստից երկար հարյուրամյակներ անց հայերը, վերջապես,պետականություն ունեցան իրենց հայրենիքում: Հանրապետության 37 շենքում են գործել Առաջին հանրապետության բոլոր կառավարությունները և չորս վարչապետերը՝ Հովհաննես Քաջազնունին, Ալեքսանդր Խատիսյանը, Համո Օհանջանյանը և Սիմոն Վրացյանը: Ասում են, որ Սարդարապատի հերոսամարտի հաղթական ավարտից օրեր անց հենց այս շենքի երկրորդ հարկի օվալաձև պատշգամբից է Արամ Մանուկյանը հայտարարել Հայաստանի փաստացի անկախ դառնալու մասին և կարդացել Թիֆլիսի Ազգային խորհրդի մայիսի 30-ի հռչակագիրը: Հռչակագրում, մասնավորապես, ասվում էր. «Որոշ ծանրակշիռ պատճառներով թողնելով մոտիկ օրերում կազմելու հայոց ազգային կառավարություն, Ազգային խորհուրդը ժամանակավորապես ստանձնում է կառավարական բոլոր ֆունկցիաները՝ հայկական գավառների քաղաքական և վարչական ղեկը վարելու համար»:
Ազգային խորհրդի անդամները Թիֆլիսից Երևան ժամանեցին 1918 թվականի հուլիսին: Արդեն հուլիսի 24-ին հրապարակվում է Հայոց Ազգային խորհրդի թիվ 1 որոշումը Հայաստանի գործադիր բարձրագույն իշխանություն՝ կառավարություն կազմելու վերաբերյալ: Նրանք առաջինն էին պատմական այդ բախտորոշ պահին՝ վարչապետ Հովհաննես Քաջազնունի, ներքին գործերի նախարար Արամ Մանուկյան, արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Խատիսյան, զինվորական նախարար Հովհաննես Հախվերդյան, ֆինանսների և արդարադատության նախարար Խաչատուր Կարճիկյան: Պետականության բացակայության երկար հարյուրամյակներից հետո այդ կառավարությունը փաստացի հանդիսացավ հայկական առաջին ինքնիշխան գործադիր կառույցն իր իսկ հայրենիքում:
Ուղիղ մեկ տարի անց, 2018 թվականի մայիսին, կլրանա Հայաստանի առաջին Հանրապետության հռչակման և մայիսյան հերոսամարտերի մեկդարյա հոբելյանը, և հոբելյանական պաշտոնական միջոցառումների ժամանակ, անպայման, իր ուրույն տեղը պետք է գտնի նաև Հանրապետության 37 շենքի պատմության պատշաճ կերպով ներկայացումը:
Ռուբեն Շուխյան