Աբովյան և Պուշկինի փողոցների խաչմերուկին կանգնած Աբովյան 3/1 երկհարկանի անկյունային շենքը արդեն իսկ ուշագրավ է նրանով, որ նրա նախագծման և շինարարության աշխատանքներին իրենց համատեղ մասնակցությունն են ունեցել 20-րդ դարասկզբի Երևանի դիմագիծը կերտողները՝ ճարտարապետներ Վասիլի Միրզոյանն ու Բորիս Մեհրաբյանը: Այս շենքում է տեղակայված եղել վաճառական Գևորգ (Եգոր) Խանզադյանի Հին Երևանում ամենաճանաչված կտորեղենի ու գալանտերեայի ապրանքների «Սաքսոնական» խանութը:

 

19-րդ դարի երկրորդ կեսից Երևանում սկսեցին կառուցվել այսպես կոչված եկամտաբեր տներ: Նրանց սեփականատերերը՝ քաղաքի ունևոր խավի ներկայացուցիչները հնարավորություն ստացան կառուցել իրենց տները հետևյալ սկզբունքով. առաջին հարկում տեղակայվում էր խանութը կամ արտադրական ձեռնարկությունը, իսկ երկրորդ (հետագայում նաև երրորդ) հարկը շենքի սեփականատիրող բնակելի հատվածն էր հանդիսանում: Այդպիսի սկզբունքով էր կառուցված նաև Գևորգ Խանզադյանի «Սաքսոնական» խանութը, որը հիմնադրվել էր դեռևս 1877 թվականին:

 

1896-ին Վասիլի Միրզոյանը նախագծեց և ձեռնամուխ եղավ Խանզադյանի եկամտաբեր տան նոր շենքի կառուցմանը՝ շենքի այդ հատվածը ներկայիս Աբովյան փողոցին հարող մասն է: 1905-ին արդեն Բորիս Մեհրաբյանի նախագծով Պուշկինի (Թարխանովսկայա) փողոցի և մի քանի տարի անց՝ նաև Հին Երևանցու փողոցների կողմից ավելացվեցին շինության նոր երկու թևերը: Շենքի ճարտարապետությունը բնորոշվում է հարթությունների ճշգրիտ երկրաչափական ձևերով, այն ունի լակոնիկ և զուսպ ուրվագիծ՝ առանց արտաքին զարդաքանդակների: Հետնամասի կողմից շենքն ուներ տիպիկ երևանյան բակ՝ փայտյա աստիճաններով, երկար պատշգամբով և կից փոքր այգիով:

 

Ուշագրավ է 20-րդ դարի սկզբին երևանյան մամուլում տպագրված գովազդներից մեկը, որտեղ կարդում ենք հետևյալը. «Ե. Ս. Խանզադովի (Խանզադյանի) Սաքսոնական խանութ Երևանում. ֆիրման գործում է 1877 թվականից: Ռուսական և արտասահմանյան ապրանքների մեծածախ և մանրածախ առևտուր: Ցանկացած ժամանակ' սեզոնային նորությունների լիակատար ընտրություն: Շաբաթ օրերին՝ մնացորդների (կտորեղենի) վաճառք: Վաճառքը՝ ֆիքսված գներով: Դրամարկղում՝ հատուկ զեղչեր»:

 

Ներկայումս էլ շենքը ծառայում է իր նպատակին, այստեղ տեղակայված են տարբեր խանութներ՝ հագուստի, հուշանվերների, կարպետների, գործում է նաև բացօդյա սրճարան: Մինչ հիմա էլ գեղեցիկ պատկեր է ներկայացնում խաչմերուկի վրա դուրս եկող անկյունային շքամուտքը (այժմ այստեղ հուշանվերների խանութի մուտքն է)՝ երկրորդ հարկի փակ պատշգամբով:

 

Թերևս հենց նմանատիպի շենքերով էր նախատեսում կառուցապատել ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը իր կողմից նախագծված Հյուսիսային պողոտան, որն ուղղված կլիներ քաղաքի հին կենտրոնի վերականգնմանը: Աբովյան (Աստաֆյան) փողոցը Երևանի անդրանիկ և գլխավոր փողոցն է հանդիսանում, մեր քաղաքի դիմագիծը, և այն ամեն գնով անհրաժեշտ է պահպանել՝ գոնե այն հին շինությունները, որոնք դեռևս կանգուն են մնացել: 17-18-րդ դարերի եվրոպական ճանապարհորդների կողմից արված Երևանի համայնապատկերները վկայում են, որ այն ժամանակվանից արդեն փողոցի ուրվագիծը առկա էր և այն բուն քաղաքի թաղամասերը Երևանի բերդին միացնող գլխավոր ուղին էր:

 

1856 թվականին կազմված Երևանի գլխավոր հատակագիծը նախատեսեց քաղաքի կանոնավոր ճարտարապետական կառուցապատումը, և Երևանի առանցքը հանդիսացավ ամենաերկար՝ Ամրոցային (Կրեպոստնայա) փողոցը: 1869-ին ի պատիվ Երևանի նահանգապետ գեներալ-մայոր Միխայիլ Աստաֆևի Ամրոցային փողոցը ստանում է Աստաֆյան (Աստաֆևսկայա) անվանումը: Աստաֆյան փողոցը դառնում է Երևանի ամենաարտահայտիչ և քաղաքաշինական առումով կարևոր հատվածներից մեկը: Այն քաղաքի ամենաաշխույժ և մարդաշատ փողոցն էր. այստեղ էին բնակվում Երևանի մեծահարուստներն ու քաղաքի ճանաչված բնակիչները, այստեղ էին գտնվում բազմաթիվ խանութներ, արտադրամասեր և հյուրանոցներ: Խաչատուր Աբովյանի անունով փողոցն անվանակոչվեց 1920 թվականին, Առաջին հանրապետության օրոք:

 

Ռուբեն Շուխյան