ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (23 դեկտեմբեր 2016թ.)
Հիսուս մի առակ պատմեց իր աշակերտներին՝ ցույց տալու համար, թե պետք է միշտ աղոթել առանց վհատելու: Եվ ասաց.
-Մի քաղաքում մի դատավոր կար, որ ո՛չ Աստծուց էր վախենում և ո՛չ էլ մարդկանցից ամաչում: Նույն քաղաքում մի այրի կին էլ կար, որ դիմում էր նրան և խնդրում. «Իրավունքս պաշտպանի՛ր իմ հակառակորդից»: Դատավորը երկար ժամանակ մերժում էր դատը տեսնել, սակայն ի վերջո ինքն իրեն ասաց. «Թեև Աստծուց չեմ վախենում և մարդկանցից չեմ ամաչում, բայց քանի որ այս այրին նեղություն է տալիս ինձ, նրա դատը տեսնեմ, որպեսզի անվերջ մոտս գալով՝ չանհանգստացնի ինձ»:
Ապա Տերը շարունակեց.
-Լսեցե՛ք, թե ի՛նչ է ասում այդ անիրավ դատավորը: Իսկ Աստված ինչքա՞ն կհամբերի իր ընտրյալների կրած անիրավությանը. չի՞ պաշտպանի նրանց, որոնք գիշեր ու ցերեկ դիմում են իրեն: Այո՛, ասում եմ ձեզ, նրանց իրավունքն իսկույն կպաշտպանի: Բայց Մարդու Որդին երբ գա, արդյոք հավատ կգտնի՞ երկրի վրա:
(Ղուկասի ավետարան 18:1-8)