Հիսուս տասներկու աշակերտների հետ շրջում էր քաղաքներում և գյուղերում՝ քարոզելով և Աստծու արքայությունն ավետելով: Նրա հետ էին նաև մի շարք կանայք, որոնք բժշկվել էին չար ոգիներից և հիվանդություններից, ինչպես Մարիամը, որը կոչվում էր Մագդաղենացի, և որից նա յոթ չար ոգիներ էր դուրս հանել, Հովհաննան՝ Հերովդեսի պալատի վերակացու Քուզայի կինը, Շուշանը, ինչպես նաև շատ ուրիշներ, որոնք իրենց միջոցներով հոգում էին Հիսուսի կարիքները:

 


(Ղուկասի ավետարան 8:1-3)
Ի՞նչ նմանություն կա Աստծու տաճարի և մեհյանների միջև: Արդարև, մե՛նք ենք կենդանի Աստծու տաճարը, ինչպես Աստված ինքն ասաց.
«Պիտի բնակվեմ նրանց մեջ և պիտի ապրեմ նրանց հետ:
Ես նրանց Աստվածը պիտի լինեմ, և նրանք՝ իմ ժողովուրդը»:
Ահա թե ինչու Աստված հրահանգում է մեզ.
«Անջատ և հեռո՛ւ կացեք հեթանոսներից, մի՛ դիպչեք պիղծ բաներին, և ես կընդունեմ ձեզ: Ես հայր կլինեմ ձեզ համար, և դուք կլինեք իմ որդիներն ու դուստրերը»:
Սիրելինե՛ր, այս խոստումները եղել են մեզ համար: Ուստի հեռո՛ւ մնանք մարմնական և հոգեկան ամեն պղծությունից, մաքրենք մեզ կատարելապես՝ ապրելով Աստծու երկյուղով:
(Պողոս առաքյալի երկրորդ նամակը կորնթացիներին 6:16-7:1)