Թիֆլիսահայ մեծանուն գործարար, բարերար Միքայել Արամյանցի 118-ամյա տունը, որն Ախթալայի և ողջ լոռեցիների հպարտությունն է, այսօր անտերության է մատնված: Շվեյցարական ոճով կառուցված այդ հոյակերտ դղյակը շատ բան է ասում 19-րդ դարավերջում հայկական ազնվական ընտանիքների նիստուկացի, գործունեության մասին: Ժամանակին այն ոչ միայն Արամյանցների համար է որպես հանգստյան տուն ծառայել, այլև դարձել է հայ մտավորականության հավաքատեղի: Այդտեղ տարբեր ժամանակներ հանգստացել են Հովհաննես Թումանյանը, Խրիմյան Հայրիկ Կաթողիկոսը, նշանավոր օպերային երգիչ Ֆյոդր Շալյապինը, թատերական ռեժիսոր Վսևոլոդ Մեյերխոլդը, լիտվացի բանաստեղծ Մեժելայտիսը և այլք:


Նշեմ, որ Հայաստանի Առաջին Հանրապետության Հռչակագիրն ընդունվել է Արամյանցի Թիֆլիսում գտնվող տանը, որը հանդիսանում է ներկայիս Թբիլիսի Մարիոթ հյուրանոցը և ժամանկին ճանաչվել է 20-րդ դարի լավագույն կովկասյան շինություն: Ցարական Ռուսաստանի օրոք Արամյանցի տունը Լոռվա ձորում էլեկտրական լուսավորությամբ լուսավորվող միակ շինությունն էր, իսկ թենիսի խաղադաշտն առաջինն է եղել Հայաստանում:


Խորհրդային տարիներին Արամյանցի տունը վերածվեց առողջարանային ու հանգստի կենտրոնի' վերանվանվելով Ալավերդու «Դեբեդ» տուրիստական հանգրվան: 1992 թ. ՀՀ արհեստակցական միությունների կոնֆեդերացիան այն սեփականության իրավունքով հանձնեց Տուրիզմի և էքսկուրսիաների հանրապետական խորհրդին, որն էլ իր հերթին 2005-ին այն ընդամենը 1 մլն 200 հազար դրամով վաճառեց ամերիկահայ գործարար Սերոբ Տեր-Պողոսյանի «Մեթըլ Փրինս» ընկերությանը (Տեր-Պողոսյանը 2012 թ. դատապարտվեց 15 տարվա ազատազրկման մանկապղծության մեղադրանքով, իսկ 2014 թ. բանտում մահացավ):
Կառույցը ներկայումս անմխիթար ու բարձիթողի վիճակում է և գտնվում է վերջնական ոչնչացման եզրին: Արամյանցի դղյակը պատմամշակութային կարևոր հուշարձան է, սակայն պետք է նշեմ, որ սեփականատերը բացառապես չի կատարում իր պայմանագրային պարտականությունը, և այն չի շահագործում՝ որպես տուրիստական հանգրվան:
Խնդրի վերաբերյալ երկու օր առաջ մի խումբ մտավորականներ, ովքեր տարբեր ժամանակներում եղել էին այդ դղյակում, բաց նամակով դիմել էին վարչապետին, և խնդրել հաշվի առնելով հուշարձանի աղետալի վիճակը, հրատապ խորհրդակցություն հրավիրել պատկան մարմինների հետ, նաև օգտվելով ՀՀ Կառավարության իրավունքից՝ կառույցը ճանաչել գերակա պետական շահ և լուծել այս թնջուկը:


Վարչապետի արձագանքը բառացիորեն տևեց մեկ օր. բաց նամակին գործադիրի ղեկավարն անդրադաձավ կառավարության այսօրվա նիստին. «Շինությունը իրականում կարող է լինել շատ գրավիչ զբոսաշրջության ոլորտի տեղ և կարծում եմ, այստեղ մենք, անպայման, մեր վերաբերմունքը պետք է ցուցաբերենք»,-նշել է վարչապետը: Կարապետյանը հանձնարարեց կադաստրի պետական կոմիտեին մեկօրյա ժամկետում ներկայացնել գույքի վրա գրանցված բոլոր ծանրաբեռնումները, իսկ Դավիթ Հարությունյանին՝ շահագրգիռ նախարարությունների մասնակցությամբ ուսումնասիրել խնդիրը և առաջարկություններ ներկայացնել:


Սա բավականին լուրջ քայլ է, քանի որ տեղացիների համար էական լուրջ կառույց ներակայցնող «Արամյանցի դաչեն» փաստացի կվերադառնա պետության գերակայության տակ, ինչն իր հերթին հնարավորություն կտա տեղում զարգացնել զբոսաշրջությունը, եթե հաշվի առնանեք, որ Լոռին պատմամշակութային կոթողների պակաս չունի, Արամյանցի դղյակը կհամալրի դրանց շարքը և կամբողջացնի Լոռվա մշակույթի յուրահատուկ կոլորիտը:

 

 

Արմեն Հովասափյան