Օրեր առաջ արդեն անդրադարձել եմ Ախթալայում գտնվող թիֆլիսահայ բարերար Միքայել Արամյանցի' նախորդ դարսկզբին կառուցված փառահեղ դղյակի կործանման մասին, սա մի շինություն է, որի նման երկրորդը չկա ՀՀ տարածքում, այդ թվում՝ իր պահպանված վիճակով: Արդեն նշել եմ, թե ինչ աղետալի վիճակում է դղյակը գտնվում, և պատկան մարմինները պետք է հնարավոր ամեն քայլ ձեռնարկեն խնդրի հրատապ կարգավորման համար:

 

Այս առիթով մի խումբ մտավորականներ անգամ դիմել էին գործադիրի ղեկավարին, ով, ի դեպ, մեկօրյա կտրվածքով արձագանքել էր խնդրին:

 

Նախօրեին պարզ դարձավ, որ դղյակի ճակատագիրը կարող է պարզ դառնալ դեկտեմբերի 15-ին: Այդ օրը վերջնաժամկետն է, որ ՀՀ մշակույթի և տարածքային կառավարման ու զարգացման նախարարությունները և Կադաստրի պետական կոմիտեն պետք է առաջարկություններ ներկայացնեն ՀՀ վարչապետին՝ դղյակի փլուզման հարցին դրական լուծում տալու համար:

 

Նշեմ, որ շենքը գրավադրված է բանկում, կալանքի տակ է, պետք է նախարարություններն առաջարկ ներկայացնեն՝ այդ հարցին դրական լուծում տալու նպատակով: Դրական լուծումը կարող է լինել գերակա հանրային շահ ճանաչելը: Դրանից հետո նախատեսվում է կատարել վերանորոգումն աշխատանքներ:
Եվս մի քանի խոսք դղյակի մասին. Ախթալայի աշխարհագրական դիրքը բավականին հարմար է և նպաստավոր ակտիվ հանգիստ անցկացնելու համար, բացի դրանից՝ բավականին հարմար է կլիմայաբուժության, արևաբուժության և հատկապես յոգա կազմակերպելու համար:

 

Արամյանցն իր եվրոպացի մասնագետների խորհուրդով է ընտրել հենց այդ նպաստավոր տեղանքը դղյակի համար. շուրջբոլորը վեհաշուք բնապատկերներ են և առանձնահատուկ մաքուր օդ:

 

Մի առիթով Արամյանցը նշել է. «Ես ու Ալեքսանդրը (ի նկատի ունի մեծ բարեգործ Ալեքսանդր Մանթաշյանցին) ապրում ենք Թիֆլիսում, գումար աշխատում Բաքվում, իսկ հանգստանում՝ Ախթալայում»:

 

Թիֆլիսից բարեգործների հետ հաճախ Ախթալայի դղյակ էին ժամանում և իրենց ակտիվ հանգիստը վայելում Թումանյանն ու Շիրվանզադեն, Շալյապինն ու Մեյելխոլդը, Խրիմյան Հայրիկն ու Բաշինջաղյանը:

 

Հ.գ. Շենքի փլուզումը օր-օրի շարունակվում է, ցանկացած պահի արևելյան կողմը հնարավոր է փլվի, այնպես որ, հարկավոր է շուտափույթ միջոցառումների կիրառում:

 

Արմեն Հովասափյան