1920 թվականի բարեգործական մի նախաձեռնության հետքերով... Առաջին աշխարհամարտից հետո Մերձավոր Արևելքում մեծագույն հումանիտար աղետ էր՝ ծայրաստիճան թշվառ վիճակում տարածաշրջանում էին գտնվում հարյուր հազարավոր հայ, հույն և սիրիացի փախստականներ: Նրանց օգնելու հիմնական դերը ստանձնել էր Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույց կոմիտեն: Նպաստամատույցը Հայաստանում և Անդրկովկասում գործել է 1919 թ. մայիսից, երբ Հայաստանի առաջին Հանրապետության կառավարության հետ կնքված պայմանագրով ստանձնել է հայ որբերի խնամքն ու դաստիարակությունը պետական մանկատներում, ապաստարաններում, հիվանդանոցներում, իսկ նրանց թիվը միայն մեր տարածաշրջանում 1919 թվականի դրությամբ կազմում էր շուրջ 75 որբանոց և 10 հիվանդանոց, որտեղ ընդրկված էին պատերազմից տուժած տասնյակ հազարավոր հայ որբեր, գումարած դրան՝ նաև բազմաթիվ որբանոցներ Թուրքիայում, Հունաստանում և այլ երկրներում, որտեղ նույնպես կային հազարավոր հայ որբեր: Նշենք, որ Մերձավոր Արևելքի նպաստամատույցի գործունեությունը Հայաստանում շարունակվեց անգամ խորհրդային կարգերի հաստատվելուց հետո։

 

Այդ ամենը ահռելի գումարներ էր պահանջում, և նպաստամատույցի դրամահավաքի համար ԱՄՆ-ում կազմակերպվում էին բազմաթիվ միջոցառումներ բոլոր նահանգներում, որին ներգրավված էին հանրությանը հայտնի տարբեր բնագավառի գործիչներ: Ոշագրավ մի նյութ է ներկայացրել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը: 1920 թվականի լուսանկարում՝ Նյու Յորքի խաղադաշտում բեյսբոլի լեգենդար ամերիկյան մարզիկ Բեյբ Ռութը պաշտոնապես նվիրում է իր 50-րդ հաղթանակած մականը հայուհի Նվարդ Ձերոն Կոշկարյանին: Նվարդը այս դրվագում հանդես է գալիս որպես Մերձավոր Արևելքի նպաստամատույցի ներկայացուցիչ, որից հետո այդ մականը հանվում է բարեգործական աճուրդի՝ ցեղասպանությունը վերապրած հայ որբերին աջակցելու նպատակով:

 

Երգչուհի, պարուհի և նկարչուհի Նվարդ Ձերոնը ծնվել է Մանուկ և Հեղինե Կոշկարյանների ընտանիքում, որը սերում էր Արևմտյան Հայաստանի Խարբերդի նահանգի Փարչանճ գյուղից: Սովորել է Չիկագոյի Արվեստների ինստիտուտում, այնուհետև շարունակել ուսումը Ֆրանսիայում և Իտալիայում: Հայտնի է, որ Նվարդը Ամերիկայի տարբեր քաղաքներում կազմակերպում էր համերգներ, ներկայացնելով հայկական մշակույթը՝ ազգային երաժշտությունը, պարը և տարազները: