15:41
1920 թվականի հունվարի 31-ին հիմնադրվեց Հայաստանի համալսարանը

1920 թվականի հունվարի 31-ին հիմնադրվեց Հայաստանի համալսարանը

Պատմական անհերքելի իրողություն է, որ Հայաստանի Առաջին Հանրապետության ղեկավարները ջանք ու եռանդ չէին խնայում, որպեսզի մեր նորանկախ երկիրը արժանապատիվ կերպով կարողանա Եվրոպայի մի մասնիկը դառնալ՝ և՛ քաղաքական, և՛ մշակութային արժեհամակարգի առումով: Եվ ահա 1919 թվականի մայիսի 16-ին Հայաստանի կառավարությունը մայրաքաղաք Երևանում պետական համալսարան հիմնելու որոշում է ընդունում: Չնայած երկրի ծայրաստիճան անբարենպաստ տնտեսական վիճակին, դա կարևորագույն առաջնային խնդիր համարվեց՝ ամեն ինչ արվում էր, որպեսզի Հայաստանում ձևավորվի ազգային գաղափարներ կրող նոր, ազատ ու հայեցի սերունդ:

Երևանում այդ պահին հարմար շենքային պայմաններ չլինելու պատճառով՝ որոշվում է Հայաստանի առաջին համալսարանը բացել և դասընթացների մեկնարկը տալ Ալեքսանդրապոլում (Գյումրի): Մի քանի ամիս տևած քրտնաջան նախապատրաստական աշխատանքներից հետո, 1920 թվականի հունվարի 31-ին համալսարանը մեծ հանդիսավորությամբ բացվեց Ալեքսանդրապոլի առևտրային ուսումնարանի շենքում: Պաշտոնական այդ արարողությանը մասնակցեցին Հայաստանի առաջին պետական դեմքերը՝ վարչապետ Ալեքսանդր Խատիսյանի, լուսավորության նախարար Նիկոլ Աղբալյանի, ինչպես նաև ճանաչված գործիչներ Ռուբեն Դարբինյանի և Ռուբեն Տեր-Մինասյանի գլխավորությամբ:

Համալսարանի բացմանը ներկա են եղել նաև բազմաթիվ արտասահմանյան հյուրեր և դիվանագիտական ներկայացուցիչներ Երևանից և Թիֆլիսից, որոնց թվում էին Հայաստանում ԱՄՆ լիազոր ներկայացուցիչ գնդապետ Ուիլյամ Հասկելը՝ տիկնոջ հետ, Անգլիայի և Ֆրանսիայի ներկայացուցիչները: Երկար հարյուրամյակների անկախության կորստից հետո պատմական հայրենիքում առաջին պետական բարձրագույն ուսումնական հաստատության հիմնադրումը՝ դա իրոք որ պատմական մեծ իրադարձություն է եղել Հայաստանի համար: Առաջին հանրապետության արդարադատության նախարար Ռուբեն Դարբինյանը հետագայում տպագրված իր հուշերում մանրամասն պատմել է համալսարանի բացման կապակցությամբ Ալեքսանդրապոլում տեղի ունեցած մեծ տոնախմբության մասին:

Առաջին ուսումնական կիսամյակում համալսարանն ունեցավ մեկ` պատմա-լեզվաբանական ֆակուլտետ, 262 ուսանող և 32 դասախոս, իսկ համալսարանի առաջին ռեկտորն է եղել իրավագիտության պրոֆեսոր Յուրի Ղամբարյանը: Համալսարանում դասախոսելու հրավիրվեցին արտասահմանյան բուհերն ավարտած, մանկավարժական և գիտական աշխատանքի փորձ ունեցող այնպիսի անվանի մասնագետներ, ինչպիսիք էին՝ Հակոբ Մանանդյանը, Մանուկ Աբեղյանը, Աշխարհբեկ Քալանթարը, Ստեփան Մալխասյանցը, Սիրական Տիգրանյանը և ուրիշներ։ Ի դեպ, հենց ականավոր հայագետ և բանասեր Ստեփան Մալխասյանցն է 1920-ի փետրվարի 1-ին կարդացել առաջին հանդիսավոր դասախոսությունը Հայաստանի նորաբաց համալսարանում:

1920 թվականի հունիսին կառավարությունը որոշում է կայացնում տեղափոխել համալսարանը մայրաքաղաք Երևան: Քանի որ Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույց կոմիտեն (Ամերկոմ) սկսել էր կենտրոնացնել իր խնամատարության տակ գտնվող բոլոր որբանոցները Ալեքսանդրապոլում՝ տեղափոխման էր ենթակա նաև Երևանի Աստաֆյան (Աբովյան) փողոցի նախկին սեմինարիայի շենքում գործող որբանոցը: Հենց այս շենքում էլ որոշվում է վերսկսել համալսարանի դասընթացները, և սեմինարիայի ազատված տարածքում իրականացվում են վերանորոգման աշխատանքներ: Համալսարանում դասերը մեկնարկեցին 1920-ի հոկտեմբերի 1-ին, և այդ պահից սկսած արդեն Երևանի համալսարանի պատմությունը կապվում է Աբովյան փողոցում տեղակայված «սև շենքի» հետ:

Լուսանկարներում. Գյումրիում Հայաստանի համալսարանի առաջին շենքի պատկերներն են՝ մեկդարյա տարբերությամբ:

Ռուբեն Շուխյան
Հայ-եվրոպական մշակութային կենտրոն

Առաջարկում ենք նաև
Լրահոս