1920 թվականի պատմական մի լուսանկարի հետքերով... ԱՄՆ Կոնգրեսի գրադարանում պահվող այս լուսանկարում՝ 1-ին աշխարհամարտին մասնակցած 500 հայ վետերանների Ամերիկայի և Հայաստանի Հանրապետության դրոշների ներքո շքերթն է ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում, 1920 թվականի ապրիլի 14-ին: Շքերթից հետո պատերազմի հայ վետերանները ռազմածովային նավատորմի նվագախմբի ուղեկցությամբ երթով շարժվեցին դեպի կառավարության շենք, ուր ԱՄՆ այն ժամանակվա պետքարտուղար Բեյնբրիջ Քոլբիին է հանձնվում Հայաստանի առաջին Հանրապեությունը պաշտոնապես ճանաչելու մասին դիմումը:
ԱՄՆ-ն Հայաստանի անկախությունը ճանաչեց մի քանի օր անց՝ 1920-ի ապրիլի 23-ին: Այդ իրադարձության մասին պետքարտուղար Բեյնբրիջ Քոլբին պաշտոնական գրությունով տեղեկացնում է Վաշինգտոնում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Գարեգին Պաստրմաճյանին, որտեղ մասնավորապես ասվում էր. «Ես հաճույք ունեմ Ձեզ և Ձեր միջոցով Ձեր կառավարությանը տեղեկացնելու, որ Նախագահի հանձնարարականով, Միացյալ Նահանգների կառավարությունը այսօրվանից ճանաչում է Հայաստանի Հանրապետության de facto կառավարությունը»:
Ռուբեն Շուխյան