Շատ է շահարկվում հայեցի, հային, հայ ընտանիքին, հայ կնոջը, հայ տղամարդուն, հային հարիր չէ խոսքերը:
Չընդունելով նման մտածելակերպը, այնուամենայնիվ որոշեցի ես էլ ասեմ…
Հայ կնոջն իհարկե հարիր է տոպրակներով, պայուսակներով, շոգ-կրակին, ցուրտ-սառնամանիքին, ողնաշարը ծռած, կքած ու տանջված վազվզի խանութից շուկա, շուկայից տուն: Միաժամանակ հասցնի գնա աշխատանքի, տունը մաքրի, լվացք անի, ճաշ եփի, խոհանոցն օկուպացնի ու քրտնամխած պահածոներ փակի, ամուսնուն, տնեցիներին կերակրի…Ու այնպես անի, որ միշտ հաճելի ու գեղեցիկ, հմայիչ տեսք ունենա…
Հայ տղամարդուն բնականաբար հարիր է այդ նույն ժամանակ ընկերների հետ ուտի-խմի, խաղատներ ու սրճարաններ գնա, <<բեսեդկաներում>> նարդի խաղա, զառ գլորի, քաղաքական բանավեճի մեջ մտնի ու երկրագնդի ողջ ապագան կանխորոշի…
Կերած-խմած տուն գա ու մի լավ մուննաթ գա կնոջ վրա՝ հայավարի, հային հարիր, որ հարևաններն էլ լսեն ու վերհիշեն, որ ինքն իսկական հայ տղամարդ է…Տուն գալով՝ անցնի <<դիվանագիտական աշխատանքի>> ու կոնստրուկտիվ բանակցություններ վարի հեռուստացույցի հետ:
Իսկ կինը՝ հայ կնոջը հարիր, այդ ընթացքում կարդուկի շորերի հերթական խմբաքանակն ու ամուսնու հանձնարարություններով պարբերաբար կվազվզի, կապահովի հեռուստացույցի հետ նրա <<բանակցությունների>> արդյունավետ գործընթացը…
Դե ինչ, ա′յ այսպիսի ոչ հայեցի, հային ոչ հարիր մտքեր ու խոհեր…
Ռոբերտ Մելքոնյան