Իսրայելի նախկին արտգործնախարար, «Մեր տունը Իսրայելն է» կուսակցության առաջնորդ Ավիգդոր Լիբերմանը սուր քննադատությամբ է հանդես եկել՝ ռուս-թուրքական հարաբերություններում առաջացած ճգնաժամից օգտվելու նպատակով իսրայելաթուրքական հարաբերությունների բարելավման վերաբերյալ ակտիվացած քննարկումների հետ կապված՝ գնահատելով նման մոտեցումները՝ որպես տեղի ունեցող գործընթացները պետական մակարդակով չհասկանալու դասական օրինակ: «Դա քաղաքական հիմարություն է»,- ընդգծել է Լիբերմանը:
Ըստ նրա՝ Էրդողանի գլխավորած Թուրքիան ոչ միայն տարիներ շարունակ բացահայտ թշնամանք է ցուցաբերում Իսրայելի հետ հարաբերություններում, այլև՝ թաքստոցի է վերածվել պաղեստինյան «ՀԱՄԱՍ» կազմակերպության ղեկավարների համար:
«Դա այն նույն Թուրքիան է, որն աջակցում է արմատական իսլամն ամբողջ աշխարհում և ոչնչացնում է քրդերին «Իսլամական պետության» դեմ պայքարի քողի ներքո: Դա այն նույն Թուրքիան է, որը համարվում է «Իսլամական պետության» նավթի վաճառքի գլխավոր միջնորդը՝ նման կերպով հանդիսանալով նաև այդ ահաբեկչական կազմակերպության գլխավոր հովանավորը»: Եվ հանկարծ, առանց որևէ պատճառի Թուրքիան «կփոխի կողմնորոշումը» և կդառնա Իսրայելի դաշնակի՞ցը: Անգամ այնպիսի չափավոր սուննիական պետություններ, ինչպիսիք են Եգիպտոսը կամ Սաուդյան Արաբիան, նողկում են Էրդողանի վարչակարգից»,-նշել է Լիբերմանն, ինչպես նաև հավելել, որ նման քաղաքականությունը կարող է կտրուկ արձագանքի հանգեցնել նաև Կրեմլի կողմից:
Թեպետ Լիբերմանին առանձնապես չեմ համակրում, բայց նրա բնորոշումը Թուրքիա պետության վարած քաղաքականության վրաբերյալ շատ դիպուկ է և ուղենշային՝ Անկարայի հետ հարաբերվելու հարցում:
Արմեն Պետրոսյան