«Իսլամական պետություն» (ԻՊ) իսլամական ծայրահեղ արմատական կազմակերպության վերահսկողության ներքո գտնվող տարածքներում առանձնակի ուշադրության է արժանացվում, ավելին՝ իրավական կարգավորման է ենթարկվում կանանց հագուկապը, դիմահարդարումը, վարքն: Այդ նպատակով հատկապես գործում է ԻՊ-ի բարքերի ոստիկանությունը և ոստիկանության՝ ամբողջությամբ կանանց ներգրավվածությամբ հատուկ ստորաբաժանումը, որը կոչվում է «ալ-Խանսա»:
Այդ նորմերը հատկապես խիստ են գործում կառույցի վերահսկողության ներքո գտնվող խոշոր քաղաքներում՝ Մոսուլում, ալ-Ռակկայում, Դեր ալ-Զորում: «Ալ-Խանսայի» ներկայացուցիչները պարբերաբար պարեկային ծառայություն են իրականացնում վերոնշյալ քաղաքների փողոցներում, որոնց ընթացքում ձերբակալում և, կախված հանցանքի չափից, համապատասխան հրապարակային պատժի ենթարկում «իրավախախտ» կանանց, ովքեր, ասենք, ըստ իսլամականների չափանիշների, անհրաժեշտ չափով չեն փակել դեմքերը գլխաշորով:
Նման օպերատիվ գործողությունների ընթացքում վերջին օրերին Մոսուլում 15 իրաքցի կանայք պատժվել են՝ դեմքին ծծմբաթթվի այրվածքներ ստանալով:
Իսկ Դեր ալ-Զորում մի քանի կանայք էլ աչքերն անհրաժեշտ չափով չփակելու համար հրապարակային կերպով արժանացել են երկաթե ձողերով հարվածների:
Պետք է նշել, որ վերոնշյալ պատիժները սահմանված են ԻՊ-ի կողմից վերջերս հրապարակված մուսուլման կանանց վարքի վերաբերյալ ուղեցույցում: Այդ փաստաթղթում նաև նշվում է, որ աղջիկները կարող են ամուսնանալ 9 տարեկան հասակում, կանայք պետք է տնից դուրս գան միայն հատուկ անհրաժեշտության դեպքում, իրենց ամուսիններին դավաճանած կանայք կպատժվեն հրապարակային քարկոծմամբ, կանանց կարելի է պատանդ վերցնել՝ որպես ռազմագերի, իսկ ոչ մուսուլման կանանց թույլատրվում է օգտագործել սեռական ստրկության մեջ:
Ահա թե ինչպիսի երևույթներ են առկա քաղաքակիրթ աշխարհում 21-րդ դարում՝ այսպես կոչված «գենդերային հավասարության» ժամանակաշրջանում:
Արմեն Պետրոսյան