Ժամանակակից քարոզչական հակամարտությունների առանձին ճակատամարտերը սովորաբար հաղթում են այն մասնակիցները, որոնք բոլոր անհրաժեշտ գործիքակազմին զուգահեռ տիրապետում են նաև վառ երևակայության և ունեն տարբեր իրավիճակները սեփական շահերին համահունչ ներկայացնելու ունակություններ: Այս պարագայում, անխոս, կարևոր է նաև քարոզչական նպատակներով օգտագործվող տեղեկատվության արժանահավատության գործակիցն, ինչն, անշուշտ, առանձին դեպքերում որոշակի տրամաբանական հավանականությանը զուգահեռ, գերազանցում է իրական լինելու բոլոր հնարավոր սահմանները: Նման դեպքերի բավական հաճախ ականատես ենք լինում նաև հայերս՝ գրեթե ամեն օր առնչվելով արևելյան հարևան պետության քարոզչամեքենայի «գլուխգործոցներին»:
Բովանդակային առումով բավականաչափ հետաքրքիր է նաև արաբ-իսրայելական, իրանաիսրայելական քարոզչական դիմակայությունները, որոնց համար կիրառելի թեմաների և իրավիճակների պակաս կարծես թե չկա՝ հաշվի առնելով մերձավորարևելյան տարածաշրջանում ծավալվող գործընթացները:
Վերոնշյալի համատեքստում, օրերս բավականաչափ ուշագրավ տեղեկատվություն են տարածել մի շարք իրանական ԶԼՄ-ներ՝ հաղորդելով, որ իսրայելցի գործարարները մեծածավալ գույք են ձեռք բերում Իրաքի հյուսիսում՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության վերահսկողության ներքո գտնվող տարածքներում: Մասնավորապես, Մոսուլի և իրաքյան մի շարք այլ քաղաքների անշարժ գույքի գործակալությունները բավականաչափ մատչելի գներով գնում են իսլամականների հարձակումից հետո իրենց բնակավայրերը լքած քրիստոնյաների և եզդիների բնակարաններն, ապա՝ վաճառում դրանք իսրայելցիներին, ովքեր պատրաստվում են հրեական բնակավայրեր կառուցել այդ տարածքներում:
Տեղեկատվությանն առավել արժանահավատություն հաղորդելու նպատակով, որոշ անանուն աղբյուրներին հղումով, անգամ նշվում են թվեր. իբր 2000 հրեա արդեն իսկ հաստատվել են Իրաքյան Քուրդիստանի տարածքում:
Ինչ խոսք, տրամաբանական առումով, երևույթն, անշուշտ, բացառել չի կարելի, անգամ հնարավոր բիզնեսի գաղափար է, բայց թե որքանով է իրական և անվտանգ պատերազմական իրավիճակում նման ներդրումներ կատարելն, ավելին՝ մարդկանց բնակեցումը, յուրաքանչյուրը թող ինքնուրույն դատի...
Արմեն Պետրոսյան