Սիրիական ռազմադաշտում ծավալվող գործընթացներին Ռուսաստանի ուղղակի ներգրավումը և ընտրված թիրախներին հասցվող շեշտակի հարվածները չէին կարող անարձագանք մնալ Բաշար ալ-Ասադի վարչակարգի դեմ հանդես եկող հակակառավարական խմբավորումների կողմից: Իսկ արձագանքն էլ իրեն երկար սպասեցնել չտվեց: Այսպես, ռուսական օդատիեզերական ուժերի առաջնային թիրախ համարվող և սիրիական ռազմադաշտի երկու ամենալուրջ և կազմակերպված դերակատարներն՝ «ալ-Կաիդայի» ճյուղավորումը հանդիսացող «Ջաբհաթ ալ-Նուսրան»(ՋՆ) և «Իսլամական պետությունը» (ԻՊ) մեկը մյուսին հաջորդելով ջիհադ հայտարարեցին նախ Ռուսաստանի, Արևմուտքի դեմ և ապա՝ սեփական ուժերին շատ ավելի վայրագորեն գործելու կոչ ուղղեցին Արաբական Հանրապետության տարածքում Մոսկվայի հովանավորյալ ուժերի և դավանական խմբերի հանդեպ (ավելի վաղ Ռուսաստանին պատերազմ էին հայտարարել սիրիական հակակառավարական մի շարք այլ խմբավորումներ ևս):
Հոկտեմբերի 12-ի ուշ երեկոյան նախ շրջանառության մեջ դրվեց ՋՆ առաջնորդ Աբու Մուհամմադ ալ-Ջուլանիի, ապա՝ հոկտեմբերի 13-ին՝ ԻՊ-ի տեղեկատվության հարցերով պատասխանատու Մուհամմադ ալ-Ադնանիի աուդիոուղերձները, որոնց բովանդակության մեջ հիմնական ընդհանրություններ կային՝ հատկապես Սիրիայում Ռուսաստանի գործողությունների առնչությամբ:
Կովկասում և ամենուր ռուս զինծառայողների և քաղաքացիական բնակչության դեմ հարձակումներ իրականացնելու կոչերը, կարծես, ամենաառարկայական գործողությունն է, որ ներկայում կարող էին անել իսլամական ծայրահեղ արմատական կառույցները:
Այս համատեքստում, մինչ այժմ Սիրիայի տարածքում գործող հակակառավարական որոշ խմբավորումների (խոսքը չի վերաբերում վերոնշյալ կառույցներից և ոչ մեկին) հաջողվել է մի քանի անգամ հրթիռակոծել Դամասկոսում ՌԴ դիվանագիտական ներկայացուցչության շինությունն ու հարակից տարածքներն, ինչի հետևանքով որոշ անէական վնաս է հասցվել դեսպանատանը:
Ինչ վերաբերում է Լաթակիային և Տարտուսին, որտեղ տեղակայված են ռուսական զինուժի միավորներն, ապա ռուսական կողմի մարտավարական առաջնային խնդիրներից մեկը հենց այդ օբյեկտների բարձրագույն մակարդակի անվտանգության ապահովումն է, ինչը փորձում են ներկայում իրականացնել ռուսները՝ հատկապես Լաթակիայի՝ ընդդիմադիրների վերահսկողության ներքո գտնվող ծայրամասային շրջանները սիրիական բանակի վերահսկողությանը վերադարձնելուն միտված հատուկ ռազմագործողությունների միջոցով:
Ինչ խոսք, չի բացառվում, որ պայմանավորված սիրիական հակամարտության շրջանակներում որոշ հնարավոր զարգացումներով, ծայրահեղական կառույցները նաև որևէ կերպ ձեռք բերեն այնպիսի սպառազինություն, որով կարողանան խոցել ռուսական մարտական ինքնաթիռները, բայց ներկայում նրանք զուրկ են նման հնարավորությունից:
Ինչ վերաբերում է Սիրիայից դուրս ահաբեկչական հարձակումներ կազմակերպելու հավանականությանն, ապա դրանց վերաբերյալ հնչած կոչերը առնվազն ներկայում կարող են ունենալ զուտ հոգեբանական ազդեցություն: Բանն այն է, որ որքան էլ ազդեցիկ լինեն ԻՊ-ը և ՋՆ-ը Սիրիայի և Իրաքի տարածքներում, այնուամենայնիվ, ինքնուրույն ահաբեկչական գործողություններ Ռուսաստանի տարածքում նախաձեռնելու՝ կառույցների հնարավորությունները դեռևս չափազանց սահմանափակ են:
Գուցե նրանց ուղերձները ոգեշնչեն, եզակի գործողությունների մղեն իսլամական ծայրահեղ արմատական գաղափարներով զինված որոշ անհատ մահմեդականների, բայց կազմակերպված հարձակման համար անհրաժեշտ ներուժը կառույցների մոտ, անշուշտ, դեռևս բացակայում է:
Վերոնշյալի համատեքստում, վառ օրինակ է Մոսկվայում հոկտեմբերի 11-ին կանխված ահաբեկչական հարձակման նախապատրաստման փորձը, որը թեպետ որևէ կապ չուներ ԻՊ-ի հետ, չնայած, որ հանցավոր խմբավորման կազմում եղել են նաև Սիրիայում ռազմական գործողություններին մասակցած անձիք, բայց այն, ըստ ՌԴ Ազգային հակահաբեկչական կոմիտեի տվյալների, նպատակ էր հետապնդում նախազգուշացնել ռուսական իշխանություններին՝ Սիրիայում նախաձեռնված գործունեության վտանգավոր հետևանքների մասին:
Արմեն Պետրոսյան