Վերջին 3 տարիների ընթացքում Մերձավոր Արևելքում առվելապես սիրիական հակամարտության հետևանքով աճող իսլամական ծայրահեղ արմատական հոսանքների գործունեության հետևանքով տարածաշրջանում ընթացող գործընթացները մագնիսի ձգողությամբ շարունակում են կլանել իսլամականներին աշխարհի բոլոր ծայրերից:
Տարբեր հետազոտությունների համաձայն՝ Սիրիայի տարածքում գործող տարաբնույթ հակակառավարական կառույցների շարքերում կռվում են զինյալներ աշխարհի ավելի քան 8 տասնյակ երկրներից:
Այսպես, եթե Հարավ-արևելյան Ասիայի մի շարք պետություններից, մասնավորապես՝ Ինդոնեզիայից, Մալազիայից, Ֆիլիպիններից մոտ 100 մուսուլմանների մասնակցությունը մերձավորարևելյան հակամարտություններին ինչ-որ առումով օրինաչափ է թվում, ապա նույնը չի կարելի ասել, ասենք, Ճապոնիայի մասին. ըստ այդ պետության ՌՈՈՒ-ի նախկին հրամանատար Տոշիո Տամոհամիի, ով ներկայում զբաղվում է քաղաքականությամբ և ղեկավարում ճապոնական կուսակցություններից մեկը, 9 ճապոնացիներ հանդես են գալիս «Իսլամական պետության» (ԻՊ) կազմում:
Իսկ ինչ վերաբերում է մյուս աշխարհամասերից ստացվող նոր տվյալներին, ապա եթե ԱՄՆ ԿՀՎ ղեկավար Ջեյմս Կոմին միտումնավոր կերպով նվազեցնում է ԻՊ-ի շարքերում կռվող ամերիկացիների թվաքանակը՝ նշելով շուրջ 1 տասնյակ թիվը (նախկինում ամերիկյան վարչակարգի և հետախուզության մի շարք պաշտոնյաներ նշում էին 100 թիվը), ապա ԵՄ հակաահաբեկչական հանձնաժողովի ղեկավար Ժիլ դը Կերշովը հայտարարել է, որ ներկայում Սիրիայի և Իրաքի տարածքում ընթացող ռազմական գործողություններին մասնակցում են մի շարք եվրոպական պետությունների շուրջ 3000 քաղաքացի. այս միտումները հատկապես աճեցին ԻՊ-ի կողմից այդ երկրների տարածքների որոշ հատվածներում խալիֆայություն հռչակելուց հետո:
Ինչ խոսք, կարելի է արձանագրել, որ Մերձավոր Արևելքում իսլամական ծայրահեղ արմատական կառույցների դեմ հայտարարված միջազգային պայքարը կրկնակի արդյունք է ունենում՝ մի կողմից, միանշանակորեն էական վնաս է հասցվում ծայրահեղական կառույցներին մարդկային և ենթակառուցվածքային առումով, մյուս կողմից, այնուամենայնիվ, ունենում է նաև հակառակ էֆֆեկտը՝ նպաստելով ծայրահեղ արմատական գաղափարների տարածմանը, ծայրահեղական բջիջների ակտիվացմանը, նրանց հավանական հակազդեցությանն, ինչի հետևանքով նաև համլրվում են վերոնշյալ կազմակերպությունների շարքերը, և, իհարկե, աճում է ահաբեկչական գործողությունների իրականացման հնարավորությունը հենց արևմտյան պետություններում:
Արմեն Պետրոսյան