Ասում են՝ Իրանի և Պակիստանի սահմանին գտնվող Սիսթան և Բալուչեսթան նահանգի (Իրանի ամենաընդարձակ նահանգն է, որտեղ ապրում են բալուչներ և ֆարսեր: Տեղի բնակչության մի մասը իսլամի սուննի, իսկ մի մասը՝ շիա ուղղության հետևորդ են) վարչական կենտրոնը հանդիսացող Զահեդան քաղաքի ծայրամասերից մեկում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին պատկանող զինվորական կազմ է պայթեցվել:

Գործողության պատասխանատվությունը ստանձնել է «Անսար ալ-Ֆուրքան» սուննիական ծայրահեղական խմբավորումը: Ըստ գրոհայինների՝ հարձակումն իրականացվել է որպես վրեժ Սիրիայում տեղի ունեցող գործընթացներին Իրանի մասնակցության, ինչպես նաև՝ ընդհանրապես՝ տարածաշրջանում Թեհրանի իրականացրած քաղաքականությանն ի պատասխան:


Փաստորեն, հատկապես վերջին տարիներին մերձավորարևելյան տարածաշրջանում նկատվող իսլամական ծայրահեղ արմատական դրսևորումների ազդեցությունից անմասն չի մնում նաև Իրանը, որքան էլ Իսլամական Հանրապետության իշխանությունները հետևողական պայքար են մղում այդօրինակ խմբավորումների գործունեությունը չեզոքացնելու ուղղությամբ:

 

Արմեն Պետրոսյան