Ալեքսանդր Թամանյանը ծնվել է 1878 թվականին Եկատերինոդարում (այժմ՝ Կրասնոդար)։ 1904 թվականին ավարտել է Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայի բարձրագույն գեղարվեստի ուսումնարանի ճարտարապետության բաժանմունքը՝ նկարիչ-ճարտարապետի կոչումով։ 1917 թվականին եղել է Պետրոգրադի գեղարվեստի ակադեմիայի խորհրդի նախագահը՝ ակադեմիայի վիցե-պրեզիդենտի իրավունքներով։ Երկար տարիներ նա ապրում ու ստեղծագործում է Ռուսաստանում, նախագծում ու տարբեր քաղաքներում կառուցում բազմաթիվ շինություններ։ 1919-ին տեղափոխվել է Երևան, 1921 թվականին՝ Իրան։ 1923-ին հրավիրվել է Հայաստան, ծավալել բուռն ու եռանդուն աշխատանք։ Եղել է Ժողկոմխորհի գերագույն տեխնիկական բաժնի նախագահ, ապա՝ պետպլանի փոխնախագահ (1923-ից), Հուշարձանների պահպանության կոմիտեի (1924-ից), Հայաստանի կերպարվեստի աշխատողների ընկերության նախագահ։


Թամանյանի առաջին ճարտարապետական աշխատանքն է եղել Երևանի գլխավոր հատակագիծը 150 հազար բնակչի համար, որն հաստատվել է ՀՍՍՀ Ժողկոմխորհի կողմից 1924 թվականին։ Այդ նախագծի իրագործումով մեծապես տուժեց 16-18-րդ դդ.-ի Երևանի պատմաճարտարապետական տեսքը։ 1934 թվականին սկսել է մշակել «Մեծ Երևանի» հատակագիծը 500 000 բնակչի համար։ Այն մնացել է անավարտ։ 1925-1933 թվականներին նախագծել է Լենինականի (Գյումրի), Վաղարշապատի, Ստեփանակերտի, Կամոյի (Նոր Բայազետ, Գավառ), Հրազդանի, Լուկաշինի, Նուբարաշենի և այլ բնակավայրերի հատակագծերն, որոնցից ոչ բոլորն են իրականացվել։


Երևանում նրա նախագծով կառուցվել են՝


աստղադիտարանը (1930-1935)


անատոմիկումը (1926-1933)


անասնաբուժական, ֆիզիոթերապևտիկ, պոլիտեխնիկական ինստիտուտների շենքերը (1927-1932)


հանրային գրադարանը (1932-1938)։


Կառավարության տունը (առաջին հերթը՝ Հողժողկոմատ, 1926-1929, հետագայում՝ Կառավարական տուն, 1932-1941, ԽՍՀՄ Պետական մրցանակ, 1942, հետմահու)


Օպերայի և բալետի թատրոնը (1926-1953, սկզբնական նախագծերում՝ ժողովրդական տան թատրոն)։


Թամանյանի անունով են կոչվել Երևանում փողոց՝ հուշարձանով (1974), շինարարական տեխնիկումը (1953), Հայաստանի ճարտարապետների միության տունը (1978), թանգարան-ինստիտուտը (2001)։


2001թվականին ՀՃՄ սահմանել է Թամանյանի անվան ոսկե մեդալ։


ՀՀ կառավարության 2002 թվականի օգոստոսի 5-ի թիվ 1401-Ն որոշմամբ ստեղծվել է Ալեքսանդր Թամանյանի թանգարան-ինստիտուտը։

 

 

Գրիգորյան Ժորա