Ալեքսանդր Հովհաննեսի Թամանյան (մարտի 4 (16), 1878, Կրասնոդար - փետրվարի 20, 1936, Երևան)հայ ճարտարապետ, ճարտարապետության ակադեմիկոս (1914 թ), ՀՍՍՀ ճարտարտապետ (1926 թ․)։ 1904 թվականին ավարտել է Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայի բարձրագույն գեղարվեստի ուսումնարանի ճարտարապետության բաժանմունքը՝ նկարիչ-ճարտարապետի կոչումով։

 

1917 թվականին եղել է Պետրոգրադի գեղարվեստի ակադեմիայի խորհրդի նախագահը՝ ակադեմիայի վիցե-պրեզիդենտի իրավունքներով։ 1919-ին տեղափոխվել է Երևան, 1921 թվականին' Իրան։ 1923-ին հրավիրվել է Հայաստան, ծավալել բուռն ու եռանդուն աշխատանք։ Թամանյանը եղել է Ժողկոմխորհին կից պատմական հուշարձանների պահպանման կոմիտեի ղեկավարը 1923 թվականից: Թամանյանի առաջին ճարտարապետական աշխատանքն է եղել Երևանի գլխավոր հատակագիծը 150 հազար բնակչի համար, որն հաստատվել է ՀՍՍՀ Ժողկոմխորհի կողմից 1924 թվականին։ 1934 թվականին սկսել է մշակել «Մեծ Երևանի» հատակագիծը 500 000 բնակչի համար։

 

Այն մնացել է անավարտ։ 1925-1933 թվականներին նախագծել է Լենինականի (Գյումրի), Վաղարշապատի, Ստեփանակերտի, Կամոյի (Նոր Բայազետ, Գավառ), Հրազդանի, Լուկաշինի, Նուբարաշենի և այլ բնակավայրերի հատակագծերն, որոնցից ոչ բոլորն են իրականացվել։ Երևանում նրա նախագծով կառուցվել են աստղադիտարանը (1930-1935), անատոմիկումը (1926-1933), անասնաբուժական, ֆիզիոթերապևտիկ, պոլիտեխնիկական ինստիտուտների շենքերը (1927-1932), հանրային գրադարանը(1932-1938)։
Նրա նախագծով կառուցվել է նաև Կառավարության տունը (1926-1929), Օպերայի և բալետի թատրոնը (1926-1953)։
Ալեքսանդր Թամանյանի մասին գրվել են պոեմներ, որոնցից մեկի հեղինակը Աղասի Այվազյանն է: