Վաղը, փետրվարի 25-ին Զորավար Անդրանիկի 150 ամյակն է:
Այս նշանակալի տարեդարձի կապակցությամբ եւ արձագանքելով իմ կոչին՝ Զորավար Անդրանիկի զինվորներից Արտուշ Ադամյանի որդին՝ Միր Ադամյանը ինձ է տրամադրել մի նյութ, որում ի մի է բերել իր հոր հիշողություններից երկու դրվագ, որոնք հրաշալի կերպով նկարագրում են Անդրանիկի կերպարը: Ստորեւ ներկայացնում եմ Միր Ադամյանի տրամադրած նյութը:
"24-ամյա վարսերցի Արտուշը գյուղից դուրս իր ապագայի փնտրտուքում շուտով հայտնվում է պատերազմի հորձանուտում և 1914թ. վերջին զինվորագրվում է Կովկասյան Բանակի կազմում Անդրանիկի հրամանատարությամբ գործող հայկական կամավորական ջոկատին, մասնակցում է Արևմտյան Հայաստանում մղված կռիվներին:
Ավելի քան երկու տարի լինելով այդ ջոկատում, մինչև ծանր վիրավորվելը, հայրս կարողացել էր զինվորի իր հայացքով ճանաչել Անդրանիկ Զորավարին և Անդրանիկ մարդուն, մյուս զինվորների նման անսահման սիրով ու նվիրվածությամբ կապվել նրան:
Հորս պատմություններում, որոնք սկսեցի լսել, երբ դեռ նոր էի դպրոց գնում և որոնցում իրականությունն ու առասպելը միահյուսված էին, Անդրանիկը Աստված էր, զինվորի համար հոգի տվող, թշնամուց մի քանի քայլ առաջ իր անելիքն իմացող, իսկական հերոս, թշնամու գնդակից անխոցելի: Այդ պատմությունները հայրս անում էր տանը, թաքուն, գրեթե շշուկով, քանի որ այդ տարիներին Անդրանիկի անունը տաբու էր: Հայրս հիմքեր ուներ վախենալու, որովհետև երկար տարիներ որպես դաշնակցական հալածվել էր իշխանությունների կողմից: Ես հասկացել էի, որ իրականում նա ոչ մի դաշնակցական էլ չէր, ուղղակի Անդրանիկի, Նժդեհի և Դրոյի բանակներում ծառայությունը, ինչի մասին լավ գիտեին այն ժամանակվա տեղի ղեկավարները, արդեն դաշնակցական լինելու փաստ էր: 1949թ. հունիսին միայն երջանիկ դիպվածով մեր ընտանիքը փրկվեց Ալթայի երկրամաս աքսորից:
Անդրանիկի թշնամին նա էր, ով ձեռք էր բարձրացնում հայի վրա: Նրանցից մեկը արյունարբու քուրդ Մուսա Բեկն էր, ով իր մեծաթիվ ելուզակներով հաճախ անսպասելի հարձակվում էր հայկական գյուղերի վրա, ավերում, սպանում ու թալանում էր, բռնաբարում ու գերեվարում կանանց և անպատիժ հեռանում: Նա խուսափում էր հայկական զինված ուժերին հանդիպելուց և հիմնականում խաղաղ բնակչությանն էր ընտրել որպես թիրախ: Ամիսներ շարունակ Արևմտյան Հայաստանի մեկ այս, մեկ այն վայրից տագնապալի ու սահմռկեցուցիչ լուրեր էին հասնում Մուսա Բեկի գազանությունների մասին: Եվ ահա օրերից մի օր Անդրանիկի հետախույզները լուր են բերում գյուղում Բեկի հնարավոր գիշերակացի մասին, որտեղ հնարավոր կլինի հանկարծակի հարձակումով գերել նրան: Սակայն այդ փորձը ձախողվում է՝ կամ տեղեկությունն էր սխալ, կամ Բեկն էր իմացել հայերի մտադրության մասին ու ծլկել: Սակայն այդ տանը հայկական ջոկատը հայտնաբերում է Մուսա Բեկի կանանցից մեկին ու բերում Անդրանիկի դաշտային զորակայան: Երիտասարդ քրդուհուն առանձին վրան է հատկացվում՝ ուժեղացված պահպանությամբ:
Թվում էր, թե Բեկը ուղիներ կորոնի կնոջը ազատելու համար՝ գրոհի կդիմի կամ կառաջարկի բանակցություններ: Սակայն օրերն անցնում էին, նա ոչ մի քայլի չէր դիմում: Միևնույն ժամանակ Բեկը դադարեցրել էր հարձակումները հայկական գյուղերի վրա: Քրդուհին հազվադեպ էր դուրս գալիս վրանից, այն էլ՝ դեմքը գրեթե ամբողջովին ծածկված: սակայն հատկապես նրան գերող զինվորները հասցրել էին նկատել նրա անսովոր գեղեցկությունը, ինչի մասին հիացած պատմում էին: Երբ արդեն սկսում է մարել Բեկի երևալու հույսը, զինվորները սկսում են քննարկել երիտասարդ քրդուհու հնարավոր ճակատագիրը: Ի՞նչ է սպասվում նրան: Նրանք, որ բազմիցս ականատես էին եղել հայ կանանց նկատմամբ քրդերի ու թուրքերի անմարդկային վարմունքին, պատերազմի իրենց անցած ճանապարհներին տեսել էին բազում բռնաբարված ու անարգված, սպանված հայ կանանց ու աղջիկների, լցվել էին ոսոխի հանդեպ անափ ցասումով ու վրեժխնդրությամբ, գտնում էին, որ արյունախում Բեկի կնոջը հասնում է ցանկացած դաժան պատիժ, ընդ որում, զինվորների քմահաճույքին հանձնելը ամենամեղմը կլիներ: Ու նրանց համար անսպասելի էր Անդրանիկի որոշում-հրամանը՝ քրդուհուն անվնաս տանել այնտեղ, որտեղից բերել են:
Բեկի կնոջը ուղեկցողների մեջ էր նաև Արտուշը: Երբ ջոկատը գերուհուն հասցնում է նրա տուն ու որոշում վերադառնալ, քրդուհին խնդրում է առժամանակ սպասել: Շուտափույթ պատրաստում է ուտելիքի և տաք հագուստի մեծ-մեծ կապոցներ, առանձնացնելով Անդրանիկի բաժինը: Իրեն ուղեկցող զինվորներին նույնպես քրդուհին նվիրում է տաք շորեր ու ջերմորեն հրաժեշտ տալիս: «Մի ձեռք տաք գուլպա էլ ինձ հասավ» .- հիշում էր հայրս:
Մինչ այդ Մուսա Բեկի դադար տված ասպատակությունները այլևս չեն շարունակվում: Հիրավի ասպետական վարմունքի արժանի արձագանք: Որերորդ անգամ գթությունը դառնում է իմաստուն Զորավարի հաղթական զենքը:
Ըստ հորս պատմածի՝ Անդրանիկի այդ զենքը ոչ մեկ անգամ է իրեն արդարացրել: Բիթլիսի մատույցներում թուրքերի հետ սպասվող մարտից առաջ Անդրանիկը հրամայում է գերի վերցնել թշնամու ուժերի տեղաշարժն ու մտադրությունը պարզելու համար:
Գիշերը տղաները Զորավարի մոտ են բերում երկու թուրք զինվորի: Ճիշտ կպատասխանեք բոլոր հարցերին, ասում է Զորավարը, ձեզ կյանք կբաշխեմ: Հաջորդ օրվա հաղթական մարտը բերում է համոզման, որ թուրք գերիները չեն խաբել: Խոստման համաձայն՝ Անդրանիկը իր վիրավոր զինվորների հետ նրանց ուղարկում է թիկունք: Երբ տարիներ անց Զորավարը մեկնում է Թիֆլիս ու այցելում հիվանդանոցում բուժվող իր զինվորներին, հանկարծ մի մարդ նրա առջև ծնկաչոք է լինում ու համբուրում ոտքերը: Երբ Անդրանիկը պահանջում է տղամարդուց ոտքի կանգնել ու բացատրել ինչումն է բանը, վերջինս արցունքը աչքերին ասում է. «Փաշա, դու ինձ կյանք ես բաշխել, - ու շարունակում. –հիշում ես այն երկու թուրքին, որոնց դու գերի էիր վերցրել Բիթլիսի մոտ: Ես նրանցից մեկն եմ»: Պարզվում է, թուրքը աշխատում էր հենց հիվանդանոցում:"
Հովսեփ Խուրշուդյան