Արշո Շահխաթունին՝ Զորավար Անդրանիկի դերում... Ներկայացվող լուսանկարում առաջին հայ կինոդերասաններից մեկն է, Արշո (Աշո) Շահխաթունին՝ հայ ազգային-ազատագրական պայքարի մեծ հերոս Անդրանիկ Օզանյանի դերում: Նկարի վրա առկա է դերասանի ինքնագիրը՝ ռուսերենով: Մեկ ժամ տևողությամբ «Անդրանիկ» խաղարկային համր ֆիլմը, որի ռեժիսորը, սցենարիստն ու գլխավոր դերակատարը Արշո Շահխաթունին էր, նկարահանվեց 1928 թվականին Փարիզի «Արմենիա-Ֆիլմ» կինոստուդիայում և Ֆրանսիայում մեծ էկրան բարձրացավ մեկ տարի անց: Ներկայացվում է նաև «Անդրանիկ» ֆիլմի գովազդային պաստառը:
Երևանում ծնված, դերասանական ընտանիքում մեծացած և Թիֆլիսի ռազմական ուսումնարանն ավարտած Արշո Շահխաթունին զարմանալի ճակատագիր է ունեցել: Դեռևս 1913-14 թթ. նա նկարահանվում է Մոսկվայում՝ Ալեքսանդր Խանժոնկովի կինոստուդիայի մի շարք ֆիլմերում: Զինվորական մասնագիտությունը կրկին պետք է գալիս Շահխաթունուն 1918 թ. մայիսյան հերոսամարտերի օրերին. Հայրենիքի համար այդ վճռորոշ պահին Շահխաթունին, լինելով Երևան քաղաքի պարետը, մեծ աջակցություն ցուցաբերեց Երևանի նահանգի դիկտատոր Արամ Մանուկյանի ղեկավարած արտակարգ շտաբին' իր ավանդը ներդնելով Սարդարապատի ճակատամարտի հաղթանակում: Հայաստանի առաջին Հանրապետության անկումից հետո Շահխաթունին արտագաղթում է Եվրոպա և հաստատվում Փարիզում: Այստեղ նորից փայլում է նրա կինոդերասանի տաղանդը՝ 1920-30-ականներին Արշո Շահխաթունին նկարահանվում է մի շարք ֆրանսիական գեղարվեստական ֆիլմերում և բավականին մեծ համբավ ձեռք բերում Ֆրանսիայի կինոբոհեմում:
Ռուբեն Շուխյան