Ներկայի ներքաղաքական զարգացումները թույլ են տալիս ենթադրել, որ դեռ երկար ժամանակ քաղաքական դաշտի ընդդիմադիր դաշտը մնալու է այցելուների տրամադրության ներքո: Եթե նախկինում մի քանի ազդեցիկ քաղաքական ուժեր փորձում էին լուրջ դերակատարություն ունենալ կամ առավել ակտիվ հանդես գալ ընդդիմադիր հարթակից, ապա այժմ լայն հնարավորություններ են ստեղծվում, նույնիսկ, նորաթուխ ընդդիմադիրների համար:


Բանն այն է, որ վերջին իրադարձությունների արդյունքում, կարծես, թափուր մնացած, ավելի ստույգ, ԲՀԿ-ի և ՀԱԿ-ի կողմից լքված ընդդիմադիր բևեռը կարող է գրավիչ դառնալ տարբեր ընդդիմադիր միավորների համար: Իսկ կհաջողի նա, ով ավելի նպատակասլաց կգտնվի և կփորձի ամրապնդվել տվյալ հարթության մեջ:


Միևնույն ժամանակ, դժվար է պատկերացնել, թե ում և ինչպես կհաջողվի ընդդիմադիր հայացքների տեր մարդկանց միավորել իր շուրջը, քանզի ՀԱԿ-ի և ԲՀԿ-ի ձախողումից հետո, կարծես, հիասթափության մի մեծ ալիք է բարձրացել հենց հակաիշխանականների շրջանում: Աժ երեկվա նիստից պարզ է դառնում, որ հնարավոր թեկնածու կարող է դառնալ Նիկոլ Փաշինյանը, ով, ամենայն հավանականությամբ, կնախնտրի շարունակել իրավական լուծումների և խորհրդարանի ամբիոնից պայքար մղելու տարբերակը:


Ինչ վերաբերում է Գ.Ծառուկյանին և Լ.Տեր Պետրոսյանին, ապա առաջինի դեպքում պարզ է, որ առավել օպտիմալ տարբերակը քաղաքական դաշտին դիտորդի կարգավիճակով հետևելն է, իսկ առաջին նախագահի պարագայում կարելի է կանխատեսել, որ վերջինս կշարունակի ղեկավարել ՀԱԿ-ը, սակայն արդեն՝ թոշակառուի կարգավիճակով, այն է՝ լուրջ քայլեր կամ նախաձեռնություններ կարելի է միանգամայն բացառել, քանի դեռ չի հայտնվի մեկ այլ հենարան, որը որպես այլընտրանք կփոխարինի ԲՀԿ-ին և մասնավորապես Ծառուկյանին՝ հնարավորություն ստեղծելով հանդես գալու ավելի ակտիվ դիրքերից:


Ներկա շրջափուլը, ընդհանուր առմամբ, կարելի է գնահատել որպես անկումային ներքաղաքական զարգացումների առումով՝ հատկապես ընդդիմության համար: Վերջին ամիսներին իրենց համակիրների հույսը լցրած ընդդիմադիր ուժերի կողմից իրականացվող ակտիվ ջանքերն, ի վերջո, արդյունք չտվեցին, ինչ հետևանք էր հենց վերջիններիս՝ իրականությունն այլկերպ ընկալելու և չափազանց ծայրահեղ ու չկշռադատված քայլերի:

 

 

Անի Սանոսյան