Հայաստանի ընդդիմադիր դաշտում այժմ ճգնաժամային իրավիճակ է, ինչի արդյունքում ընդդիմադիր դաշտի վերաձևավորման նոր գործընթացներն անխուսափելի են: Եթե մինչև վերջին ժամանակներն ընդդիմությունը պայքարում էր իշխանության հասնելու համար, ապա այսօր նրա հիմնական խնդիրը ընդդիմադիր դաշտում մնալն է:


«Ժառանգություն» կուսակցությունում վաղուց արդեն կուսակիցներն իրար չեն հասկանում, ՀԱԿ-ի դիրքերը ևս թուլացել են, ու այդ կուսակցությունը շատ հաճախ է ենթարկվում մյուս ընդդիմադիրների քննադատությանը:


ՀՅԴ-ի մասին ավելորդ է խոսել, քանի որ այս կուսակցությունն արդեն մի քանի ամիս է ինչ իրեն դուրս է դրել ընդդիմադիր դաշտից ու, կարծես, իշխանության անցնելու սահուն փորձեր է կատարում:


Իսկ ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, ապա քաղաքական դաշտում նրա դիրքորոշումը դեռևս մշուշոտ է: Բացի այն որ կուսակիցների մի մասը լքել ու հիմա էլ շարունակում են լքել կուսակցության շարքերը, նրանք այս պահին չունեն անգամ հստակ մշակված ծրագիր' իրենց հետագա անելիքների մասին: Պարզ է, որ ներկայիս ԲՀԿ-ին քաղաքական դաշտում լուրջ կշիռ ունեցող ընդդիմություն համարելն այլևս տեղին չի լինի:


Ստեղծված իրավիճակն, ամենայն հավանականությամբ, ի օգուտ իրենց փորձեցին օգտագործել մի քանի քաղաքական գործիչներ:


Նիկոլ Փաշինյանն առաջինն էր, ով խոսեց «ինստիտուցիոնալ ընդդիմություն» ստեղծելու կարևորության մասին և այսօր հայտարարում է, որ «Քաղաքացիական պայմանագիր» անվամբ կուսակցությունն արդեն ձևավորման փուլում է ու ինքն առաջին անգամ պատրաստվում է կուսակցական դառնալ:


Շատ չանցած Փաշինյանի օրինակին հետևեց նաև Տիգրան Ուրիխանյանը' հայտարարելով, որ պատրաստվում է «Քաղաքացիական շտաբ» ստեղծել' ժողովրդի պատվերը կատարելու համար: Ուրիխանյանը Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր հայտ է ներկայացրել մայիսի 2-ին հիմնադիր համագումար անցկացնելու համար:


Նոր ձևավորվող կուսակցություններն, ամենայն հավանականությամբ ապագայում լրացնելու են ընդդիմության շարքերը: Բայց թե որքանով նրանց կհաջողվի լրացնել այդ դաշտում առաջացած վակուումը, ստեղծել քաղաքական այնպիսի թիմ, որը հետագայում կունենա մեծ թվով գաղափարակիցներ ու հետևորդներ, դժվար է ասել:


Ամեն դեպքում այն, որ ընդդիմադիր դաշտն այսօր տրոհվել է առանձին գործիչների հավակնությունների հետևանքով, փաստ է: Ուստի ընդդիմությունն այսօր ոչ միայն ընդդիմադիր դաշտում մնալու, այլև իր գործունեությունը հստակեցնելու խնդիր ունի:

 

 

Էրիկ Մելիքյան