Շրթնածաղկավորների ընտանիքին պատկանող մշտադալար, մինչև 1 մ բարձրությամբ թփանման բույս է։ Տերևները նստադիր, հակադիր են, տերևաթիթեղը երկարավուն-գծային է, ամբողջաեզր, կաշվեպատ, վերևի կողմում' վառ կանաչ, իսկ ցածրից պատված է սպիտակավուն խավով։
Ծաղկաբույլը մինչև 10 ծաղիկ պարունակող գագաթային ողկույզ է, ծաղկման շրջանը երկարատև է։ Պտուղն ընկուզիկ է։ Ըստ ավանդազրույցի' Մարիամ Աստվածածինը դնում է բարուրած որդուն սպիտակ ծաղկած խիտ թփի ստվերում և գնում դեպի գետը, մինչև նրա վերադառնալը ծաղիկների գույնը փոխվում է կապույտի։ Նման գույն ունեն նաև վուշի և տերեփուկի ծաղիկները։

 

 

Ոչ մի բույս այդչափ հայտնի և կիրառելի չի եղել անտիկ դարաշրջանում և միջնադարում, որքան հազրեվարդը։ Ըստ առասպելների' Օլիմպոսի աստվածները մազերը զարդարել են հազրեվարդի ճյուղերով։ Լատիներեն Rosmarinus=ծովի ալիքի փրփուր, անգլերեն' Rosemary=Մարիամի ծաղիկ։ Քրիստոնեական մշակույթում հազրեվարդը հավերժության, ճշմարտության, իմաստության, հավատարիմ սիրո խորհրդանիշ է։
Բոլոր ժամանակներում համարվել է, որ հազրեվարդն աստվածներին արժանի բույս է։ Պյութագորասի աշակերտները կրել են հազրեվարդից հյուսված պսակներ։ Մեծ իմաստասերը ոչ մի գրավոր աշխատություն չի թողել, իսկ հազրեվարդն ամրապնդում է հիշողությունը։ Բույսի նման հատկության մասին հազարամյակներ անց գրել է Շեքսպիրը. «Այս փարթամ բույսը դիմավորում է հյուրերին քաղաքի դարպասների մոտ։ Մոտակայքում երևաց Օֆելյան և դիմեց եղբորը. «Սա ռոզմարին է' այն հիշողության համար է, վերցրու և հիշիր»։ Հազրեվարդը մաքրում է արյունը, ըստ Դիոսկորիդիսի' ունի մարմինը ջերմացնող հատկություն, օգտակար է սեռական խանգարումների դեպքում' ուժեղացնում է փոխադարձ սիրո զգացումը։

 

 


Բժիշկները կարծում են, որ հազրեվարդը վերականգնում է նույնիսկ ծանր վիրահատության ենթարկված հիվանդի ուժերը։ Նյարդային խանգարում, ուժասպառություն. 300 գ թարմ (200 գ չոր) տերևը 10 ժամ թրմել 3 լ եռացրած ջրի մեջ, տաք տեղում։ Առավոտյան թուրմը քամել, լցնել լոգանքի (38-40 C) ջրի մեջ։
Հազրեվարդն ունի արտահայտված հակաբորբոքային և հականեխիչ հատկություն. հնում այն դրել են գրքերի և շորեղենի պահարանների մեջ, ծխել են (ուրցի հետ) եկեղեցիներում և այլ մարդաշատ վայրերում։
Համարվել է, որ բույսը վանում է չարքերը, բարձրացնում է տրամադրությունը, երջանկություն և հավերժ երիտասարդություն է պարգևում։ Անգլիացիները կախել են ճյուղերը դռան վերևը, իսկ Ուէլսում այսօր էլ համոզված են, որ հազրեվարդի բնափայտից պատրաստված գդալը բարձրացնում է ուտեստների օգտակարությունը։ Հազրեվարդը շատ հարգի է ժամանակակից Ֆրանսիայում, Իտալիայում և Անգլիայում, մշակվում է Ղրիմում և Վրաստանում' որպես համեմունք և արժեքավոր եթերային յուղ ստանալու նպատակով։

 

 


Մեր հարևանները լայնորեն օգտագործում են այն որպես համեմունք' հատկապես սացիվիի մեջ։ Հեռվից հազրեվարդը նման է փշատերև բույսի, և, իրոք, տրորելիս' արձակած բուրմունքը հիշեցնում է սոճին, գիհին, եղևնին, և այլն։ Բույսի էներգետիկան հանում է հոգնածությունը, վախի և տագնապի զգացումը (հատկապես երեխաների մոտ), հանգստացնում է անհավասարակշռված, հիստերիկ մարդկանց։
Հազրեվարդի չոր տերևներից պատրաստում են թեյ. 1 ճ/գ հումքը լցրել 300 մլ ջրի մեջ, եփել մինչև եռալը, թրմել։ Խմել 50-ական մլ' օրը 5-6 անգամ, վերջինը' քնելուց 2-3 ժամ առաջ։
Թեյը կարգավորում է արյան շրջանառությունը, նպաստում ֆիզիկական և մտավոր աշխատունակության բարձրացմանը։ Խորհուրդ է տրվում խմել այտուցվածության, փքվածության, մարսողության խանգարման, գազերի կուտակման դեպքում։ Գլխացավ. 3 ճ/գ հումքը 20 րոպե թրմել 200 մլ եռացրած ջրում, քամել, դրել թրջոց։ Հերպես. հազրեվարդի այդ բացառիկ հատկությունը կայանում է նրանում, որ եթերային յուղը և վերգետնյա մասից ստացված պատրաստուկներն ի զորու են ճնշել հերպեսի վարակը։
Հազրեվարդը և գինին լավացնում են տեսողությունը և ամրացնում փոխադարձ սերը.
Տեսողությունը պայծառացնող. հավաքել տերևը և ծաղիկը, մանրացնել։ 50 գ հումքը 48 ժամ թրմել չոր սպիտակ գինու մեջ, մութ տեղում, քամելու անհրաժեշտություն չկա։ Խմել 1-ական ճ/գ' օրը 3 անգամ, ուտելուց առաջ։

 

 


Սիրո բալասան. 20 գ չոր հումքը 5 օր թրմել 700 մլ կարմիր գինու մեջ։ Խմել 25-ական մլ' օրը 2 անգամ, ուտելու ժամանակ։
Ոգեթուրմ
50 գ չոր հումքը 10 օր թրմել 500 մլ օղու մեջ, մութ տեղում, պարբերաբար թափահարել տարան, քամել, զտել քառատակ ծալած թանզիֆով։
Հիպոտոնիա. 150 մլ եռացրած ջրում լուծել 45 կաթիլ ոգեթուրմ։ Խմել 50-ական մլ' օրը 3 անգամ, ուտելուց 1 ժամ առաջ, 1 թ/գ մեղրի հետ։ Շարունակել 15 օր, կրկնել 10 օրից։
Ռևմատիզմ, հոդատապ. Ներմերսել ոգեթուրմը ցավոտ մասերին։
Կոպերի այտուցվածություն. 1 թ/գ հազրեվարդի չոր տերևը 1 ժամ թրմել 100 մլ եռացրած ջրի մեջ, դնել թրջոց։
Նոր առաջացող կնճիռներ. խառնել հավասար քանակի երիցուկի և վաղենակի ծաղիկներ, դաղձի և հազրեվարդի տերևներ։ 60 գ հումքը 15 օր թրմել 700 մլ չոր սպիտակ գինու մեջ, քամել։ Մաքրել դեմքը ոգեթուրմով և մշակել ճարպոտ մաշկի խնամքի համար նախատեսված քսուքով։
Թեփի դեմ. 2 ճ/գ խոտը լցնել եռացրած ջրի մեջ, 2-3 րոպե եփել, 10-15 րոպե թրմել, քամել։ Մաքուր լվացած մազերը ցայել եփուկով։

 

 

 


Մազաթափություն. Սոֆորա ճապոնականի պատիճը մանրացնել, խառնել հազրեվարդի չոր խոտի հետ (1։1), 1 ճ/գ հումքը 1 ժամ թրմել 200 մլ եռացրած ջրում, քամել և զտել։ Ներմերսել գլխամաշկին և քսել մազերին։
Հազրեվարդի եթերային յուղը կիրառվում է մոտ 40 հիվանդությունների բուժման համար, սակայն, կախված կլիմայական պայմաններից' բաղադրությունը և ազդեցության չափը կարող են փոփոխվել։ Խորհրդակցել բժշկի հետ։
Հեպատիտ, խոլեցիստիտ. 2-ական կաթիլ վարդի, հազրեվարդի, եղեսպակի յուղերը լուծել 20 մլ բուսայուղի մեջ, կատարել մերսում լյարդի շրջանում' ժամացույցի սլաքի ուղղությամբ։
Գիրություն. 36-38°C ջերմաստիճանի լոգանքի ջրի մեջ լուծել 1 ճ/գ ծովի աղ, 4-ական կաթիլ' նարնջի և կիտրոնի, 2 կաթիլ հազրեվարդի եթերային յուղեր։ Կատարել 15 լոգանք' 10-15 րոպե տևողությամբ, օրը մեջ։

 

 

 

 

Վրեժ Հովսեփյան