Բուժիչ նամակներ Այն սև է' ինչպես դևը, դառը' ինչպես դժոխքը, մաքուր է' ինչպես հրեշտակը, և նուրբ' ինչպես սերը։ Թալեյրան Ասում են, թե «Մարդկային կատակերգության» բազմահատորյակի հեղինակը գլուխգործոցը ստեղծելու ընթացքում խմել է 15 հազար գավաթ սուրճ։ Իսկ ահա թե ինչ է գրել սուրճի մասին հեղինակը.

 

«Երբ խմում ես բուրումնավետ սև սուրճը, բռնկվում ես, մտքերդ խռնվում են, ինչպես հզոր բանակի գումարտակները մարտի դաշտում։ (Օ. դը Բալզակ)»։ Սրճենի արաբական' Cofea Arabica, տորոնազգիների (Rubiaceae) ընտանիքին պատկանող բույս է։ Բնական պայմաններում հանդիպում է Եթովպիայում, իր հայրենիքում այն ունի 8-10 մ բարձրությամբ մշտադալար թփի տեսք։ Մշակովի տեսակներն անհամեմատ ցածր են, քանի որ կանոնավոր ձևով էտվում են։ Այդ գործողության շնորհիվ' բույսն առնվազն 30 տարի բերք է տալիս, և նաև հեշտ է հատիկ առ հատիկ հավաքել հասունացած պտուղները։ Թեև որոշ երկրներում բույսի ճյուղերը թափ են տալիս։ Տերևներն օվալաձև են հիմքում, և գագաթում' սրված։

 

Ծաղիկներն աճում են ճյուղի երկայնքով, ոչ մեծ խմբերով։ Ծաղկաթերթիկները հինգն են, առէջքները' արտահայտված, գրեթե ծաղկաթերթերի երկարությամբ։ Գնդաձև պտուղները նույնպես աճում են խմբերով, արտաքուստ նման են բալի, միայն թե կոթուններն են շատ կարճ, գրեթե նստադիր։ Պտղի տրամագիծը և ծաղկաթերթիկի երկարությունը համատեղելի են։ Յուրաքանչյուրը պարունակում է երկուական կանաչ սերմ, որոնք հպված են հարթ մասով։ Կան հավաստի տվյալներ, որ Պարսկաստանում դեռևս Ք.Հ. 875 թ. իմացել են սուրճի մասին։ Գիտական անվանումը ծագում է Աբիսինայի Կաֆա մարզի անվանումից կամ արաբական «կաղվա»=«գրգռիչ» բառից։

 

14-րդ դարի սկզբում «կրքոտ» ըմպելիքը լայն տարածում է ստացել արաբ մահմեդականների շրջանում։ 1511թ. Մեքքա քաղաքում կայացել է պատմական «Սուրճի խորհուրդը», որը հավասարեցրել է այն դիվային ըմպելիքների շարքին և արգելել սուրճի օգտագործումը։ Անհերքելի պատմական փաստ է, որ արաբ վաճառականներն առաջին անգամ սուրճի առևտուր են իրականացրել Արևմտյան Հայաստանի տարածքում։ Կան տվյալներ, թե առաջին մասնագիտացված սուրճի վաճառատունը գործել է Կոնստանդնուպոլսում 1475թ.' «Ղայֆա խան», այնտեղ 1564թ. բացվել է առաջին սրճարանը։

 

Անհերքելի պատմական փաստ է նաև, որ գրեթե նույն ժամանակաշրջանում Թուրքիայում արգելվել է սուրճի ըմպելիքի օգտագործումը. «Եվ եթե կլինեն չհնազանդվողներ, ապա գլխատումը կլինի առավել մեղմ պատիժը»։ Առաջին իսկ գիշերը պատժվել է 146 մարդ։ Ասում են, թե առաջին անգամ սուրճը Եվրոպա է բերվել 1615թ.' Վենետիկի նավահանգիստ։ Մի այլ վարկածով' 1683թ. Վիեննայի պաշարումը ճեղքած զորքերը թուրքերից բռնագրավել են 300 պարկ սուրճ։ 1684թ. Վիեննայում բացվում է սրճարան, որը հավանաբար առաջինն էր Եվրոպայում։ Սակայն հնարավոր է, որ առաջինը եղել է Փարիզում' հավանաբար 1672թ. Սեն Ժերմեն հրապարակում' հայազգի Պասկալը հիմնադրել է «Le cafe Procore» կոչվող սրճարանը։ Մի այլ վարկածով դա տեղի է ունեցել 1685թ.։

 

Սակայն 1672թ. ավելի հավանական է, քանի որ 1674թ. գրվել է «Կանայք ի դեմ սուրճի» հայտնի դիմումը։ Անգլուհիները դժգոհել էին, որ իրենց ամուսինները չափից շատ ժամանակ են վատնում տղամարդկանց մենաշնորհը հանդիսացող «սուրճի ակումբներում»։ Սուրճի բուրմունքն այն աստիճան է հրապուրել եվրոպացիներին, որ Ի.Ս. Բախը 1734թ. գրել է իր հայտնի «Սուրճի կանտատը»։ 1670թ. Դորոթի Ջոնսը ձեռք է բերել Բոստոնի նավահանգիստ սուրճ ներկրելու իրավունք։ Առաջին անգամ սուրճի մասին գրել է գերմանացի բժիշկ Ռաուվելֆը (1573թ.)։ Սակայն բույսի առավել ճշգրիտ նկարագրությունը տվել է իտալացի բժիշկ Պրոսպեր Ալպիրուսը. «Եգիպտոսի այգիներից մեկում ես տեսա մի ծառ, որը սերմեր է տալիսգ. արաբները պատրաստում են դրանից իրենց սիրելի ըմպելիքը' սուրճի։ Օգտակար է մարսողությանը, բուժում է փորկապությունը, լյարդի և փայծաղի ուռուցքները»։

 

Ցար Ալեքսեյ Ռոմանովին (1645-1676թթ.) բժիշկ Կոլինսը նշանակել էր սուրճի ըմպելիք' գլխացավի և մրսածության դեմ։ Պետրոս Մեծի հրամանով սուրճը ներմուծվեց Ռուսաստան։ Եկատերինա Մեծ կայսրուհին (1762-1796) սուրճի մոլի սիրահար է եղել, նա օգտագործել է նաև մրուրը (նստվածքը)' գեղարարական նպատակներով։ Մինչև 18-րդ դարի սկիզբը սուրճի առևտուրը կենտրոնացած է եղել Եմենի Մոկկո նավահանգստում։ Այդ ժամանակաշրջանում եվրոպացիները սկսել են տարածել բույսի տնկիները Երկիր մոլորակի արևադարձային կլիմայական գոտիներում։ Այսօր բույսը մշակվում է 65 երկրներում։

 

Առաջատարը' Բրազիլիան է, որն արտադրում է սպառվող սուրճի 40 տոկոսը։ 1899թ. շվեյցարացի Մաքս Մորգենտալլերը ներկայացրեց իր մշակած լուծվող սուրճի բաղադրատոմսը։ Թրջման եղանակով հատիկից կոֆեինի հեռացման գյուտի հեղինակը գերմանացի Լյուդվիգ Ռոզեմուսնն է։ Դա պատահականության արդյունք էր։ 1903թ. սուրճ տեղափոխող նավի բեռնախցիկը ջուր էր լցվել' սերմերը չորանալուց հետո պահպանել էին ապրանքային տեսքը, սակայն կոֆեինի պարունակությունը զգալիորեն նվազել էր։ Այդ պատահականությունը զգալիորեն նպաստեց սուրճի սպառման ծավալների ավելացմանը, քանի որ նման մշակումից հետո այն գրեթե չի վնասում առողջությանը։

 

Հետաքրքիր է, որ առավել շատ սուրճ սպառողները սկանդինավներն են, հատկապես ֆինները։ Սրճենին, ինչպես և բոլոր բույսերը խորանում է իր արմատներով մայր հողի մեջ, սաղարթը ձգվում է դեպի վեր։ Այն սնվում է օդում և հողի մեջ եղած նյութերով։ Դրա բնականոն աճի համար անհրաժեշտ են օդի և հողի խոնավությունը, Տիեզերքից եկող ջերմությունը, լույսը, դրանց մեջ լուծված ևս շատ կարևոր մի Բան։ Ապա ինչպե՞ս է ստացվել, որ միլիոնավոր տարիների ընթացքում ընդամենը երկու գեներից գոյացել են տասնյակ-հազարավորները։

 

Միանշանակ է, որ այն, ինչ մենք կոչում են Կյանք, չէր կարող զարգանալ առանց Տիեզերքից անընդմեջ եկող այդ Բանի, որը շատերն անվանում են Հոգի, այն ամորֆ է' չունի մարմին, սակայն ունի մարմնավորվելու հատկություն, ընդ որում, անսահման շատ ձևերի մեջ։ Հոգին երկնային Սերմն է, որ զտված է' Երկիր մոլորակի ֆլորայի և ֆաունայի գոյացման և հետագա զարգացման համար ի վերուստ։ Հետաքրքիր է, որ առնվազն երկու հազարամյակ առաջ մարդկությունը գտել է կապը տարվա օրերի, ծառերի հատկությունների և մարդկային բնավորությունների միջև։