Թուղթ պատրաստելու արհեստը, որը նախապես հայտնի էր չինացիներին, VI-VII դդ դուրս եկավ Չինաստանի սահմաններից: X դարում այդ արհեստը տարածվեց նաեւ Հայաստանում:

Մեզ հասած մագաղաթյա հայ հնագույն ամբողջական ձեռագիր մատյանը 7-րդ դարի «Վեհամոր Ավետարանն» է: XIX դարի վերջին այն գտնվել է պատմական Ուտիքի Գարդման գավառի Բանանց գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում (ներկայումս' Բայան գյուղ, Դաշքեսանի շրջան, Ադրբեջան):

 

Տեղացիները հնության ու զորության համար ավետարանն անվանել են «Ծեր» ու «Պահապան»: 1975 թվականին Հայ առաքելական եկեղեցու Ադրբեջանի հոգեւոր թեմի առաջնորդ Տեր Վահան եպս. Տերյանը մատյանը բերել է Էջմիածին եւ նվիրվել Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ին: Այն ստացել է «Վեհամոր ավետարան» անունը' ի հիշատակ վեհափառի մոր' Սիրանույշ Պալճյանի:

 

 

Թղթի վրա գրված հայերեն ամենահին ձեռագիրը գրվել է Բագրատունյաց Սմբատ Բ Տիեզերակալ արքայի (977-990) կառավարման շրջանում: Այն հայտնի է «Մատեան գիտութեան եւ հավատոյ Դավթի քահանայի» անունով եւ գրվել է 981 թ.՝ Ղուկաս գրչի ձեռքով: Բաղկացած է 360 թերթից: Ինքնագրով մեզ հասած առաջին ժողովածուն է, հնութեամբ' աշխարհում չորրորդը: Նյութերը տրամադրել է Ղուկասի հայրը' Դավիթ քահանան: Բովանդակում է աստվածաբանական, պատմագրական, տիեզերագիտական, տոմարագիտական, աշխարհագրական, փիլիսոփայական նյութեր ու գեղարվեստական ստեղծագործություններ:

 

 

ՀԳ - Հայաստանը Չինաստանից և Ասորիքից հետո երրորդն է, ուր թուղթ է պատրաստվել: 981 թ. գրված ձեռագրի թուղթը պատրաստված է կտավատի ցողուններից և տարբերվում է չինական ու արաբական թղթից:

 

 


Հայե՛ր, գիտե՞ք, որ