Հայերեն առաջին Աստվածաշնչի տպագրման 350-ամյակը ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կարևոր իրադարձությունների 2016 թ. պաշտոնական օրացույցում: Աստվածաշունչը տպագրվել է 1666 թվականին Ամստերդամում' հայ նշանավոր տպագրիչ Ոսկան Երևանցու կողմից: Այդ շքեղ և պատկերազարդ գրքի լուսընծայմամբ հայերը դարձան առաջին եվրոպական ազգերից մեկը, որոնք ունեցան իրենց ազգային լեզվով տպագրված Աստվածաշունչ:
Ոսկան Երևանցու Աստվածաշունչը բացառիկ է նաև այն առումով, որ որպես դրոշմապատկերներ գրքում օգտագործվեցին միջնադարյան Եվրոպայի նշանավոր նկարիչների գործերը' Ալֆրեդ Դյուրեր, Ռաֆայել, Հենդրիկ Գոլցիուս և այլն: Գրեթե բոլոր դրոշմապատկերները, որոնք գրքում մոտ 160 հատ են' հոլանդացի հայտնի վարպետ Քրիստոֆել վան Զիխեմ Կրտսերի փորագրություններն են հանդիսանում: Այս առումով Ոսկան Երևանցու Աստվածաշունչը կարելի է նաև համարել միջնադարյան դասական նկարիչների գործերի վերարադրությունների առաջին հայերեն հրատարակությունը:
Աստվածաշնչի տպագրությունը տևեց երկուսուկես տարի: Գիրքը տպվեց այն ժամանակների համար բավականին մեծ' 5000 տպաքանակով, էջերի քանակը' 834: Հետաքրքիր մի փաստ ևս. Աստվածաշնչի շքեղակազմ երկու օրինակները Ոսկան Երևանցին պաշտոնական ընդունելությունների ժամանակ անձամբ նվիրել է Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս 14-ին և Հռոմի Պապ Կլիմենտ 9-ին: Այդ երկու օրինակների կազմերի պատրաստումը Ոսկան Երևանցին պատվիրել էր մեծահամբավ վարպետ Ալբերտ Մագնուսին: Պատմական այդ գրքերը ներկայումս պահվում են համապատասխանաբար Ֆրանսիայի ազգային գրադարանում և Վատիկանի կենտրոնական արխիվում:
Ռուբեն Շուխյան