Դարերի բերումով հայ ժողովուրդը ստեղծել է բարոյահոգեբանական, հասարակական, միջանձնային հարաբերությունների իռացիոնալ մի միջավայր, որը կաշկանդում է իր իսկ արդյունավետ զարգացումը, ներկա աշխարհաքաղաքական իրավիճակում սպառնում սեփական անվտանգությանը: Լուծման ռացիոնալ առաջարկները, ինչպես նշվել է սույն գրքի այլ հատվածներում, դժվար թե ի զորու լինեն շտկել իրավիճակը պահանջվող ժամկետում: Հարկավոր է ունենալ իռացիոնալ այս վիճակը ջարդելու ունակ համակարգ: Եվ որպես այդպիսին ներկայանում է կոնսերվատիվ հեղափոխության իրականացումը' գրեթե այլընտրանք չունենալով: Այս հեղափոխության դեպքում, ինչպես արդեն ասվել է, հասարակությունը ժամանակի մեջ ոչ թե առաջ է գնում, այլ' ետ դեպի իր անցյալի որևէ հերոսական, ընդօրինակման արժանի փուլը: Եվ խոսքն ամենևին ամբողջական վերադարձի մասին չէ, քանի որ պահպանման ենթակա է ոչ թե կոնկրետ պատմական կացութաձևը, այլ համամարդկային արժեք ունեցող սկզբունքների համակարգը:

Կոնսերվատիվ հեղափոխության իրականացումն ամենևին դյուրին չէ, բայց և սույն գրքում բերված օրինակներն ապացուցում են այդ մեթոդի ոչ ուտոպիական լինելը:

Կոնսերվատիվ հեղափոխություն իրականացնելու համար հարկավոր է, որպեսզի Նվիրյալների խումբը, որի կազմում դասական քաղաքագետներից բացի պարտադիր ընդգրկվելու են և խմբի հիմքն են կազմելու ոչ ստանդարտ առնչություններից տեղյակ մարդիկ,
- հստակորեն ձևակերպի լուծման կարիք զգացող, հասարակության առջև ծառացած ԽՆԴԻՐԸ, որի կարգավորումը կհանգեցնի ազգային վերափոխման,
- ընդունի, որ մարդու գեների մեջ խտացված է իր ժողովրդի ողջ անցյալը և համապատասխան ազդման (ոչ ստանդարտ) համակարգի գործողության շնորհիվ հնարավոր է մարդու մոտ գրգռել նրա պատմության այս կամ այլ շրջանի «գենային կոդը»,
- պարզի, թե մեր պատմության հերոսական ո՞ր շրջանը կարելի է համարել վերականգնման արժանի , վեր հանի այդ ժամանակվա արժեքային համակարգը,
- ՏԻԵԶԵՐԱԿԱՐԳԻ մասին ունեցած բավարար տեղեկությունների հիման վրա մշակի ԳԵՐնպատակ, որը կլինի ներդաշնակ ՏԻԵԶԵՐԱԿԱՐԳԻՆ և որին ձգտելու ճանապարհին հասարակությունը կլուծի իր առջև դրված ԽՆԴԻՐԸ,
- գիտակցի, որ մարդու հնարավորությունները չեն սահմանափակվում ներկա, պարզունակ դրսևորումներով և որ մարդու հոգու ԳԱՂՏՆԻ ՈՒԺԻ բանալին գտնելու դեպքում կարելի է անճանաչելիորեն կերպափոխել նրան,
- ՏԻԵԶԵՐԱԿԱՐԳԻՑ և ԳԵՐնպատակից ելնելով' սահմանի ազգի համար համամարդկային առաքելություն, որի առկայությունն արմատապես կփոխի հայի վերաբերմունքն իր ազգակցի հանդեպ և վերջինս բնազդային ՙթշնամուց՚ կվերածվի գաղափարակրի և զինակցի' մեծ իդեալին հասնելու ճանապարհին,
- մշակի մարդու ենթագիտակցության վրա գրոհելու համար (հանրային գիտակցության խաթարված լինելու պատճառով) նախատեսված Ազդման Ոչ Ստանդարտ Համակարգ, որը նպատակ կունենա արթնացնել նրա գենային հիշողությունը:

Կոնսերվատիվ հեղափոխություն իրականացրած այլ ժողովուրդների վերը ներկայացված փորձը հաշվի առնելով, ցանկալի է, որ Ազդման Ոչ Ստանդարտ Համակարգն իր մեջ ներառի'
- Արտառոց հատկանիշներով օժտված, Տիեզերակարգին ու մարդու գաղտնի հնարավորություններին տեղյակ Առաքելակիր-առաջնորդի(ների) կայացումը,
- հանրության մոտ Առաքելակիր-առաջնորդի սպասման ձևավորումը, առաջնորդ, ով կվերադարձնի հերոսական հին շրջանը,
- հայրենիքի սրբացված ընկալման հաստատումը հանրության մոտ,
-վեհության դրդող ծագումնաբանական տեսության մատուցումը,
- հայկական ավետարանի կազմումը' կրոնահավատքային անհրաժեշտ փոփոխությունների իրականացմամբ,
-հայկական էպոսի և բանահյուսության մյուս դրսևորումների մեջ առկա գաղտնիքների պարզումը և քաղաքականության գործիքները դրանցով շաղախումը,
- հայկական էպոսի, լեգենդների, հերոսական պատումների հանրամատչելի տարբերակների ստեղծումը և տարածումը,
- հերոսական հին շրջանի հանդեպ կարոտի առաջացումը,
- հայի բարոյական կոդեքս-կանոնագրքի կազմումը,
- հանրությանն ակտիվացնելու կամ զգոն պահելու համար ներքին (եթե անհրաժեշտությունը կա) և արտաքին թշնամու կերպարի ձևավորումը,
- ազդու կարգախոսների ստեղծումը,
- ազգը միավորող թագավորների, հերոս հայորդիների կերպարների ստեղծումը,
-ազդման ոչ ստանդարտ մեթոդներին տիրապետող հռետորների ձևավորումը,
-ժողովրդական զանգվածներին ոգևորող, նրանց գործողությունների տրամադրող գրավոր փաստաթուղթ-քարոզչամիջոցի ստեղծումը,
- ենթագիտակցության վրա շռնդալից ազդեցության ունեցող, գիտակցությունը շրջանցող երաժշտության (համակարգի) ստեղծումը,
- հանրային գիտակցության վրա ազդող ծեսերի, տոների ստեղծումը,
- մոգական խորհրդանիշների ստեղծումը,
- հասարակության ոգևորումը նրա դրական հատկանիշների ներկայացմամբ,
- հաշվի առնելով հայի զգացմունքային լինելը' դեպի նրա սիրտ տանող «ճանապարհի» հայտնաբերումը,
- խստագույն կանոնակարգով առաջնորդվող էլիտայի ձևավորումը,
-- համապատասխան հասարակական Շարժման ստեղծումը,
հասարակական աջակցությունն ապահելու նպատակով Շարժման արտաքին գործունեության կառնավալային պրակտիկայի կիրառումը,
- Շարժումը հանրությանը որպես ուժի կրողի ներկայացումը և այլն:

Օգտակար կարող է լինել Շարժումն ա’յն մարզի կամ շրջանի ներկայացուցիչների ղեկավարմանը հանձնելը, որի բնակիչներն արդարության, պետականության ընկալման առումով առավել պիտանի են:

Այս խնդիրները լուծելուն զուգընթաց անհրաժեշտ է իրականացնել հասարակության կազմակերպում ներքևից, քանի որ մեր հանրությունն իր պատմության պատճառով որպես սոցիում գոյություն չունի և այն իրենից միայնակ անհատների բազմություն է ներկայացնում: Հանրությանը հարկավոր են փոքրիկ հաղթանակներ, որոնց ձեռքբերման ճանապարհին մարդիկ կհամոզվեն, որ երկրում իրենցից ինչ-որ բան կախված է և հավաքանությունն իսկապես իրենից ուժ է ներկայացնում: Առանձին խմբերի, շերտերի, դասերի համախմբումը կարելի է իրականացնել մասնագիտական (արհմիութենական), սոցիալական, իրավական խնդիրների շուրջ' Նվիրյալների աչալուրջ կառավարման ներքո, որպեսզի համախմբման փորձերը չձախողվեն և պատճառ չդառնան նոր հուսալքությունների:

Պեպանյան Արծրուն «Կոնսերվատիվ հեղափոխություն» , 2007

 

Պեպանյան Արծրուն