Ուկրաինայի ճգնաժամը թևակոխում է նոր փուլ: Ռուսաստանի և Արևմուտքի միջև բանակցությունների անարդյունավետությունը սադրում է Ռուսաստանին համապատասխան քայլեր ձեռնարկել Ուկրաինայի արևելյան շրջանների հարցը «լուծելու» ուղղությամբ:

Տեսեք, պայմանականորեն ասած, մարտ ամսից մենք ականատեսն ենք լինում բազմահազարանոց հանրահավաքների այդ շրջանների ռուսախոս բնակիչների կողմից, ովքեր չեն ճանաչում Ուկրաինայի հեղաշրջումից հետո եկած նոր իշխանությունների լեգիտիմությունը: Այժմ, սակայն մենք տեսնում ենք ակտիվիստների կողմից «մի քիչ» ավելի վճռական քայլեր, որոնք ընդհանուր առմամբ ավելի են սրում երկրում տիրող անկայուն իրավիճակը:

Այսպիսով երեկ' ապրիլի 6-ին, Ուկրաինայի արևելքում գտնվող Դոնեցկ, Խարկով և Լուգանսկ քաղաքներում կրկին եղել են հանրաքվեներ, որոնց բոլորի ժամանակ եղել է միևնույն պահանջը' դաշնայնացնել Ուկրաինան, ասել է թե կատարել Ռուսաստանի հիմնական պահանջը ստեղծված ճգնաժամային իրավիճակում: Բանը հասել է նրան, որ Դոնեցկում և Խարկովում ցուցարարները կարողացել են իրենց հսկողության տակ վերցնել շրջանային վարչության շենքերը, իսկ Լուգանսկում՝ Ուկրաինայի անվտանգության խորհրդի շրջանային վարչությունը: Ակտիվիստները Գեորգյան ժապավեններ և ռուսական դրոշներ են ամրացրել գրավված շենքերի վրա:

Ուկրաինայի իշխանություններն արդեն արձագանքել են այս ամենին' գործ բացելով քրեական օրենսդրության մի շարք հոդվածների համաձայն («զանգվածային անկարգություններ», «խուլիգանություն» և այլն):
Բանն այն է, սակայն, որ նման հանրահավաքներ, բողոքի ակցիաներ մենք արդեն առնվազն մեկ ամիս է ինչ տեսնում ենք, նույնիսկ եղել են դեպքեր, երբ կարճ ժամանակով գրավվել են շրջանային վարչության շենքեր, բայց իրավիճակ որպես այդպիսին չի փոխվել: Այնպես որ այժմ հետաքրքիր է տեսնել, թե այս ամենն ինչքան հեռուն կարող է գնալ բացի նման կարճաժամկետ և էմոցիոնալ ֆոնին կատարվող գործողություններից:

Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավաքովը հայտարարել է, որ երկրի արևելքի հարցը կլուծվի առանց արյան: Արդյո՞ք կկարողանան Ուկրաինայի իշխանությունները լուծել այս հարցը խաղաղ ճանապարհով, արդյո՞ք այդ շրջաններում Ռուսաստանի հետ ինտեգրվելու կողմնակիցները չեն կարողանա ավելի համախմբվել և հարցին հաղորդեն ավելի մեծ լրջություն, և ի վերջո ինչպե՞ս այս ամենին կարձագանքի Ռուսաստանը: Այս վերջին հարցը կարծում եմ ամենակարևորն է, քանի որ մեծ հաշվով Ռուսաստանն է հանդիսանում այն ուժը, որն ի զորու է այս շարժումը տանել իրեն ձեռնտու ցանկացած ուղղությամբ:

Ես անկողծորեն ցանկանում եմ, որ Ռուսաստանն ու Արևմուտքն օր առաջ գան համաձայնության Ուկրաինական ճգնաժամի շուրջ, որպեսզի այս ամենին շուտափույթ կերպով վերջ դրվի: Սա վերջիվերջո վտանգում է առնվազն տարածաշրջանային անվտանգությունը: Պատահական չէ, որ ես քիչ առաջ ասացի համաձայնություն Ռուսաստանի և Արևմուտքի միջև: Ի վերջո, ե՞րբ եք տեսել, որ Ռուսաստանը բանակցի Ուկրաինայի հետ, թե´ Ղրիմի, թե´ առհասարակ մնացած բոլոր հարցերի շուրջ: Ամբողջ գործընթացն այսօրվա դրությամբ Ռուսաստանի և Արևմուտքի ձեռքերում է: Ես կարծում եմ, որ Ուկրաինայի տարածքային ամբողջականության համար (այլև առանց Ղրիմի) անհրաժեշտ է գտնել փոխզիջումային տարբեր այդ երկու կենտրոնների միջև: Անձամբ ինձ համար կոնկրետ այդ փոխզիջումային տարբերակը Ուկրաինայի' դաշնային և նեյտրալ պետություն դառնալն է: Կարծում եմ սա իրավիճակը կայունացնելու համար օբյեկտիվ անհրաժեշտություն է: Սրա այլընտրանքը ամենայն հավանականությամբ կլինի Ուկրաինայի պառակտումը:

 

 

Հայկ Թամրազյան