Նախկին կայսրությունները կորուսյալ գաղութատիրության պատճառով անդամահատ հաշմանդամի նման հատված վերջույթների քոր են զգում, և այդ քորը տանջում է նրանց, զրկել է քնից, դարձել է երեկվա հակառակորդների բախման իրական պատճառը։ Մեծ Բրիտանիան, որ մինչև երկրորդ աշխարհամարտը աշխարհի տերերից մեկն էր, ու Ռուսաստանը, որ կորցրել է ԽՍՀՄ հանրապետություններն ու Արևելյան Եվրոպայի երկրներին, կարծես թե՝ լուրջ բախվել են իրար։ Մնացածները՝ կողքից կրակի վրա յուղ լցնողներն են, որոնք էլ, ինչպես Լեհաստանը, Հունգարիան կամ Ռումինիան՝ անմասն չեն այդ տանջող քորից։ Աշխարհը մեկն է, բայց մեծապետական շովինիզմով տառապողները, ցավոք, շատ են մեկ՝ փոքրիկ մոլորյալ մոլորակի համար։ Աշխարհի պոտսդամյան բաժանումից հետո շատ ջուր է հոսել, իսկ Կոսովոյի անկախության ճանաչումը աշխարհի վերաբաժանման նոր հիմքերն է դրել։ Ու պատերազմում շահագրգռվածները շատ են։ Այլ բան է, որ ոչ բոլորն են պատրաստ մասնակցելու այդ ցանկալի պատերազմին, սակայն դեմ չեն, որ ուրիշների արյամբ սկսվածից իրենք էլ օգուտ քաղեն։
Մարդկությունը թևակոխում է վերջին կայսրությունների փլուզման մի նոր փուլ, որը կարող է տևել երկու կամ երեք տասնամյակ։ Մերձավոր արևելք, Բալկաններ, Կովկաս, Եվրոպա՝ ահա սրանք են Պանդորայի արկղ հանդիսացող ավանդական տարածաշրջանները, սակայն այս անգամ ԱՄ Նահանգներին չի հաջողվի հեռու մնալ ու տաքացնել ձեռքերը եվրոպական խարույկի վրա։ Պատերազմն այս անգամ ահագնացող արագությամբ կտարածվի, եթե հակամարտող կողմերը կանգ չառնեն ու չվերականգնեն բարիդրացիական հարաբերությունները։