-Ես ե՞րբ պիտի խելքի գամ:

-Բան չմնաց... Գնա:
-Լավ էլի'... Միշտ նույնն ես խոստանում, բայց ամեն անգամ' նույն արդյունքը: Ժամանակը ափսոսա գոնե, էլ ո՞նց ասեմ. "բան չմնաց"...
-Չէ~, դու դիմացի, բան չմնաց...
-Հա, էլի'... Սպասենք:
Ու համբերությունս սեղմելով հոգուս խտություններում' սպասում եմ:
Մեկ, երկու, երեք... Տասը... Տասնութ... Քսանմեկ...
-Հը՞, նու՞յնը:
-Նույնը...
-Է'հ...

Երեսուն... Երեսունչորս...
-Չեմ դիմանում...
-Բայց դու խոստացար, չէ՞...
...Երեսունութ... Քառասուն...
-Չեմ դիմանում: Միշտ նույնը, նույնը: Հետ կանգնել է պետք, գրոհի ճանապարհը նույնն է մատուցում: Հոգնել եմ:
-Հոգնե՞լ ես: Չի կարելի, լսու՞մ ես, չի կարելի: Ճանապարհը վերջ ունի, երբ վերջին հասնես, կզգաս, թե ինչերի ես հասել: Նահանջի պտուղները հաճելի են, բայց անցողիկ: Չի' կարելի: Համբերի':
-Է'հ...
Կծկվում եմ իմ առաջ, ու' տոտիկ-տոտիկ' մեկ, երկու... Չորս... Յոթ...
-Արագ,-բղավում է,-բան չմնաց:
-Չմնա~ց, հա',-գազազում եմ,-քսան... Քսանվեց...
-Բան չմնաց, դու գնա... Գնա:

---

Մինչև ու՞ր կտանի այս վազքը: Ու՞ր կհասցնի Կյանքը: Կանոններով' առաջ, առաջ, հետ, առաջ, առաջ, առաջ, հետ, առաջ... Միշտ նույն կանոններով:
Ե՞րբ եմ ես խելքի գալու: Հոգնել եմ: Միշտ նույնը: Գրոհ այնտեղ, որտեղ հաղթանակ եմ տեսնում, ու չի երևում: Չի~ երևում, գրողը տանի': Ձեռքս մեկնեմ' կբռնեմ, բայց նույն ակնթարթին անհետանում է: Մինչև ե՞րբ:
Ախ, այդ անիծյալ համառությունը, հաղթանակի տենչը: Այդ անիծյալ վազքը, որտեղ ամեն ինչ խամրում է, բացի հաղթանակի ձգող փայլից: Այդ անիծյալ ինքնավստահությունը...
Միշտ առաջ, առաջ, առաջ, մի քայլ պարտություն, ու նորից առաջ, առաջ... Եթե չլիներ այդ համոզմունքը, հասնելու հաստատուն համոզմունքը, ես կկանգնեի վերջապես: Կարգելակեի:
Բայց համոզված եմ: Ավելին, քան համոզված եմ: Հաստատ կհասնեմ, ձեռքս պարզում եմ... Ա'յ, այ... Բռնեցի... Բայց... թռավ... Հե'տ:
-Ուֆ, ես ե՞րբ եմ խելքի գալու...
-Բան չմնաց:
-Էլի՞...
-Դու գնա, գնա... Հասնում ես, բան չմնաց...
-Է'հ...
Առաջ, առաջ... Ութ, տասներկու, տասնինը... Հասնում եմ... Առաջ...
-Է'հ...
-Բան չմնաց...
Առա'ջ...