Զաքիր Հասանովի՝ Իսրայել կատարած այցը, ինչպես և կանխատեսվում էր, Իրանում չմնաց անպատասխան։ Պատասխանեցին մի փոքր ուշ, բայց կոպիտ և հստակ նախազգուշացնող տեքստով, ընդ որում՝ ԱԳՆ մամուլի խոսնակի մակարդակով։
Երեկ շատ հետաքրքիր հարց է հնչել ԻԻՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Բահրամ Ղասեմիի մամուլի ասուլիսի ժամանակ։
Չնայած ասուլիսի օրակարգային թեման էր Քրդստանում անցկացվող անկախության հանրաքվեն, սակայն ամենավերջում իրանցի լրագրողներից մեկը, հիշեցնելով Ղասեմիին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի՝ Իսրայել կատարած այցի և, առհասարակ, Ադրբեջանի և Իսրայելի միջև սպառազինության՝ միլիարդների հասնող պայմանագրերի մասին, նախ կարծիք է հայտնել, որ Իսրայելից Ադրբեջանին վաճառվող այդ զենքերը կարող են չօգտագործվել հայկական կողմի դեմ՝ հաշվի առնելով վերջին շրջանում հայ-իսրայելական հարաբերություններում նկատվող ջերմությունը (լրագրողն ակնարկել է, որ միգուցե Հայաստանն ունի իսրայելական կողմի վստահեցումներն այդ առթիվ)։
Ապա հարց է տվել ԻԻՀ ԱԳՆ մամուլի խոսնակին, թե արդյոք այդ սպառազինությունը չի՞ կարող դառնալ սպառնալիք հենց Իրանի դեմ, ինչին ի պատասխան՝ Ղասեմին պատասխանել է․
«Իրանի Իսլամական Հանրապետությունը ամեն դեպքում և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ ունի լավ հարաբերություններ, որոնք զարգանալու և շարունակական են լինելու նաև առաջիկայում։
Ինչպես Իրանի շուրջ գտնվող մյուս շրջանները, այնպես էլ Կովկասը, Իրանի համար ունի առանձնահատուկ կարևորություն։ Մենք հետևում ենք տարածաշրջանային զարգացումներին, վերահսկողության և դիտարկման տակ պահում դրանք, իսկ Իրանի սահմանած «կարմիր գծերը» շատ հստակ են, և այն երկրները, որոնք հարաբերություններ ունեն Իրանի հետ, գտնվում են մեր հարևանությամբ, ծանոթ են Իրանի դիրքորոշումներին, տեսակետներին և սահմանած «կարմիր գծերին»։ Անհրաժեշտ պահին, եթե կարիք լինի, մենք խոսել ենք և կխոսենք նրանց հետ այն թեմաների շուրջ, որոնք կարող են լարվածության պատճառ դառնալ»։
Արտյոմ Տոնոյան