ՀՀ արտգործնախարարի՝ Իսրայել կատարած պաշտոնական այցը, հաշվի առնելով այցի ընթացքում ամենաբարձր մակարդակով կայացած հանդիպումները, ազդարարում են երկկողմ դիվանագիտական, քաղաքական հարաբերությունների որակապես նոր փուլի մեկնարկ։ Հանդիպումների շարքից առանձնակի կարևորություն է ներկայացնում Նեթանյահու-Նալբանդյան առանձնազրույցը, որտեղ ամենայն հավանականությամբ, անդրադարձ եղել է նաև ռեզիդենտ դեսպանների փոխանակման հարցին։
Իհարկե դա չի նշանակում, որ այս այցելությամբ վերոնշյալ խնդիրը միանգամից կլուծվի, սակայն այն, որ պաշտոնական այցը աննախադեպ դրական և առարկայական ազդեցություն ունեցավ այդ հարցի հետագա կարգավորման գործընթացի վրա, դա միանշանակ է։ Կարող ենք ասել, որ այսօր առավել քան մոտ ենք հարցի լուծմանը։
Առանձնազրույցի ընթացքում, ըստ ամենայնի, կողմերը քննարկել են նաև Իսրայել-Ադրբեջան ռազմատեխնիկական գործակցության հարցեր։ Կարծում եմ, իսրայելական ղեկավար շրջանակներում կմեծանա Իսրայել-Ադրբեջան ռազմատեխնիկական համագործակցության հարցերի հետ կապված հայկական կողմի մտահոգությունների ընկալումը։
Կարեն Վերանյան