Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը ռուսական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում հետաքրքիր «բացահայտումներ» է արել ապրիլյան քառօրյայի մասին ու «մեսիջներ» փոխանցել Բաքվի հետագա ռազմավարության մասին` ՀՀ-ի ու Արցախի հանդեպ։
Հասանովն ապրիլյան քառօրյայի պատասխանատվությունը փորձում է բարդել հայկական կողմի վրա, իսկ ադրբեջանական բանակի հատկապես հատուկջոկատայինների շրջանում մեծ կորուստները «ներկայացնում» իբրև «որոշակի հայկական դիրքեր»` Թալիշի ուղղությամբ վերցնելու փորձ։ Նա նշում է, թե դա լայնածավալ ռազմական գործողություն չէր, «անգամ լրացուցիչ հրետանի ու ռեզերվներ» չեն կիրառել։ Հասանովը փորձում է «ապացուցել», որ նրանք չեն նախապատրաստել ամբողջ ճակատում ռազմական գործողություններ` հարվածել խաղաղ բնակավայրերին, հրետակոծել գյուղեր և քաղաքներ` Մարտակերտ, Մարտունի, Հադրութ, այլ «դիրքային» գործողություն են իրականացրել` հսկողություն հաստատելով Թալիշի բարձրունքների ու Լելե Թեփեի նկատմամբ։
Դա փորձ է թաքցնելու ռազմական ագրեսիան ու մեծ զոհերի`մարդկային, տեխնիկա և այլն, մի քանի, այո, ռազմավարական կարևորության դիրքեր գրավելու համար։ Բացի այդ՝ Հասանովը խորամանկորեն լռում է այն վայրագություններ մասին, որոնք իրականացվել են հայ խաղաղ բնակիչների հանդեպ` կտրել անպաշտպան գյուղացիների, տարեցների ականջներ և այլն, զինվորներին գլխատել և այլն, ինչը միջազգային, ռազմական հանցագործություններ են ու անգամ պատերազմի բարոյական օրենքների (քաղաքացիական անձանց չդիպչել) խախտում։
Երկրորդ` ղարաբաղյան հարցի լուծումը ռազմական գործիչ Հասանովը տեսնում է ուժային ճանապարհով` ակնարկելով, որ միջազգային օրենքները չեն գործում, ու խոսում ՀՀ-ի տնտեսական, ռազմական, ժողովրդագրական ներուժի մասին` «մեսիջներ» ուղարկելով ադրբեջանական ռազմական բյուջեի մեծացման մասին։ Դա հոգեբանական ճնշման միջոց է «կամ տվեք Ղարաբաղը,կամ պատերազմ» Բաքվի տրամաբանության շրջանակներում. կրկնում է Ալիևի ամենօրյա տեքստերը։
Հասանովի խոսքերը ՀՀ-ի տնտեսական և ժողովրդագրական լուրջ խնդիրների մասին տեղին են։ Դրա մասին պետք է մտածեն ու լուրջ աշխատանք տանեն օրվա իշխանությունները, իսկ ինչ վերաբերում է ռազմական բյուջեի ավելացմանն, ապա ՀՀ զինված ուժերն ապրիլից հետո շարունակաբար ուժեղացրել են թե՛ զինանոցը, թե՛ առաջնագիծը, թե՛ հետևություններ արել ռուսական զենքերի` Բաքու վերջին մատակարարումներից։
Երրորդ` Հասանովը խոսում է «Իսկանդերներին» խոցելու մասին։ «Ադրբեջանն ունի 50 անգամ ավել հրթիռներ և կարող է հարվածել ՀՀ-ի ենթակառուցվածքներին ու օբյեկտներին»,- նշել է Հասանովը։ Իսկանդերները խոցելու մասին պետք է խոսեն ռազմական գործիչները, գործի գիտակները, սակայն Հասանովի «մեսիջը», թե հարվածելու են ՀՀ-ի ենթակառուցվածքներին, պետք է ուշադիր վերլուծվի։ Նախիջևանից Երևանին, Սյունիքին հարվածելը կարող է ՀՀ-ին լուրջ վտանգների առաջ կանգնեցնել։ ՀՀ-ի գրեթե ողջ տնտեսական, ժողովրդագրական ներուժը կենտրոնացած է Երևանում, տնտեսականի զգալի մասը` Սյունիքում (չմոռանանք, որ Սյունիքով է անցնում Իրանին կապող «կյանքի ճանապարհը»)։ ՌԴ-ն՝ որպես ՀՀ-ի ռազմավարական դաշնակից, պետք է հստակ հայտարարությամբ հանդես գա։ ՀՀ-ի նկատմամբ ցանկացած ագրեսիա համարվելու է ՌԴ-ի դեմ ագրեսիա` ՀԱՊԿ-ի և ռուս-հայկական պայմանավորվածությունների շրջանակներում, դրանից բխող հետևանքներով։
Եվս մեկ կարևոր «մեսիջ» Հասանովից. նա կրկին փորձում է ռուս-հայկական հարաբերություններում սեպ խրել, ՀՀ-ում հակահայկական տրամադրություններ հրահրել` «ապրիլին Ադրբեջանն օգտագործել է նաև ՌԴ-ից գնված զենքերը» արտահայտությամբ։ Բացի այդ՝ Հասանովը խոսել է թուրք-ադրբեջանա-վրացական համատեղ զորավարժությունների մասին` տարածաշրջանում ընդգծելով նոր կոալիցիա։ Իհարկե, դրա երկու թևերը` Թուրքիա-Ադրբեջան, միանշանակ ուղղված են ՀՀ-ի ու ԼՂՀ-ի անվտանգությանը, իսկ ինչ վերաբերում է Վրաստանին, ապա թուրք-ադրբեջանական տնտեսական և քաղաքական ազդեցությունն այդ երկրում ահռելի է։
Արտեմ Բալասանով