Պակիստանյան GIDS (Global Industrial & Defence Solutions) ընկերությունը շահագրգռված է համագործակցել Ադրբեջանի հետ ցամաքային, ռազմածովային և ներքին զորքերի մատակարարման հարցում: Այդ մասին հայտարարել է ընկերության ղեկավար, պաշտոնաթող գեներալ Տարիգ Ջավահիդը:
«Ինչ վերաբերում է ՌԾՈւ և ցամաքային զորքերին, մենք արդեն պայմանագրեր ունենք, և սպասում ենք երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների հաստատմանը»,-ասել է պաշտոնաթող գեներալը:

 


Ընկերության ղեկավարն ասել է նաև, որ մտադրություն կա Ադրբեջանին ձեռքի նռնականետերի արտադրության տեխնոլոգիա փոխանցել: «Ադրբեջանի պաշտպանության նախարարության հետ կա որոշակի պայմանավորավծություն այդ հարցում»,-ասել է նա:
Պակիստանը նաև պատրաստ է Ադրբեջանի ռազմա-օդային ուժերն ապահովել JF-17 Thunder կործանիչներով: Այդ մասին հայտարարել է պակիստանյան աէրոնավիգացիոն համալիրի(Pakistan Aeronautical Complex Kamra) ղեկավար, ռազմա-օդային ուժերի մարշալ Արշադ Մալիքը, որը նշել է, որ իրենք սերտորեն համագործակցում են Ադրբեջանի ռազմա-օդային ուժերի հետ ու Պակիստանից կործանիչների առաքման հետ կապված որևէ խնդիր չկա: Ըստ Մալիքի' JF-17-ում հնարավոր է օգտագործել ռուսական, ինչպես նաև ՆԱՏՕ-ի երկրների արտադրության հրթիռներով: Մարշալը հավելել է, որ Իսլամաբադը պատրաստ է Բաքվի հետ կիսվել տեխնոլոգիաներով:

 


Ստոկհոլմի խաղաղության հարցերի ուսումնասիրությունների կենտրոնը(SIPRI) հրապարակել է Ադրբեջանի կողմից 2015-2016թթ.–ին գնված զենքերի ցուցակը։ Ադրբեջանին զենքերի հիմնական մատակարարողներն են 'Իսրայելը, ՌԴ–ը և Թուրքիան։ SIPRI–ի տվյալներով, նախորդ տարի Ադրբեջանն Իսրայելից գնել է OPV-62 նավեր, Orbiter-1K անօդաչու, «Барак-8» զենիթա–հրթիռային համակարգ, EL/M-2080 Green Pine հակահրթիռային համակարգի ռադարներ, LAHAT թեթև հակատանկային կառավարվող հրթիռներ, Harop անօդաչուներ, SandCat զրահամեքենաներ, Spike-NLOS ունիվերսալ հրթիռներ և այլն։ Բացի այդ, Ադրբեջանն Իսրայելից 2016թ.–ին պատվիրել է «Երկաթե գմբեթ» ՀՕՊ համակարգը։
Բաքուն նաև տարբեր զինատեսակներ է գնել ՌԴ–ից'հիմնականում հարձակողական, ինչպես նաև Ուկրաինայից ու Բելառուսից։ Չմոռանանք նաև նրանց «ավագ եղբայր» Թուրքիայի ու Անկարա–Բաքու ռազմա–տեխնիկական համագործակցության մասին։
Ելնելով վերոնշյալից ու այն հանգամանքից, որ Ադրեջանն ունի սեփական ռազմա–արդյունաբերական համալիր'ժամանակ առ ժամանակ ցուցադրում է զրահամեքենաներ, սեփական արտադրությամբ Զերբե անօդաչուներ, փորձում է ինքնաբավ դառնալ արկերի և այլ զինատեսակներում, Բաքուն պատրաստվում է լայնածավալ պատերազմի, սակայն դա երկարաժամկետ ռազմավարություն է։ Մեծ պատերազմն Ադրբեջանին տնտեսապես ձեռնտու չէ, սակայն լոկալ բնույթի հյուծիչ պատերազմն նրանց մարտավարական նպատակն է լինելու։
Ինչ վերաբերվում է մարտավարական խնդիրներին, նրանք փորձում են միջին և մանր սադրանքներով «բարելավել» իրենց համար շփման գիծն ու դիրքերի կոնֆիգուրացիան, ինչպես դա եղել է ապրիլյան քառօրյայի ժամանակ։

 


Ադրբեջանը գնում է անօդաչուներ'հետախուզական ու հարվածային, կամիկաձե տիպի անօդաչուների սեփական արտադրությունն է սկսել զգալով դրանց արդյունավետությունը ապրիլին։ Անօդաչուները հաջորդ ռազմական գործողությունների ժամանակ օգտագործվելու են թե հետախուզական'ԼՂՀ խորքում զորքերի տեղաշարժը հսկելու, ինչպես նաև հարվածային նպատակներով'հարվածելով թիկունքից առաջնագիծ օգնության շտապող զինտեխնիկայի շարասյուններին, շարքից հանելով ենթակառուցվածքներն ու հարվածի տակ պահելով Քելբաջարի ու Լաչինի ճանապարհները, որպեսզի ՀՀ–ից օգնության ինտենսիվությունը սահմանափակվի։

 


Հարվածներ կարող են հասցվել նաև Ստեփանակերտի դեռևս չգործարկված օդանավակայանին, թռիչքուղուն և այլն'Երևան–Ստեփանակերտ օդային ճանապարհով ռազմական աջակցությունը խափանելու համար։
Ինչ վերաբերվում է Իսրայելից գնված հակատանկային զենքերին, ապա դրանք օգտագործվելու են ինչպես հարձակողական նպատակներով' Spike լազերային մարտագլխիկներով հրթիռները ունիվերսալ են'դրանք կարելի է տեղակայել ինչպես զրահապատ մեքենաների, այնպես էլ տանկերի, ուղղաթիռների ու օդանավերի վրա։
Իսկ Spike-NLOS հրթիռները թույլ են տալիս խորքից'ուղիղ տեսանելիության առումով պաշտպանված դիրքերից, հարվածներ հասցնել խրամատներին ու ինժեներական կառույցներին'դզոտ, դոտ և այլն։

 


Բացի այդ, տվյալ զինատեսակները կարող են օգտագործվել տանկային գրոհները խափանելու համար'այդ հակատանկային միջոցներն ու կամիկաձե/հարվածային անօդաչուներն(տեխնիկական միջոցները թույլ են տալիս մարտը վարել առցանց ռեժիմով) կարող են շարքից հանել տանկային ցանկացած գրոհ։
Ադրբեջանը փաստորեն, ըստ գնված զինատեսակների ցուցակի'շատ զինատեսակների մասին տեղեկատվությունը տեղ չի գտնում բաց աղբյուրներում, պատրաստվում է թե հարձակողական, թե պաշտպանական'հայկական կողմի Քռի ափ դուրս գալը կանխող, պատերազմական գործողություններին։

 


Հայկական կողմերը պետք է լրջորեն վերլուծել ռազմական առկա իրավիճակն ու ելնելով նպատակահարմարությունից ասիմետրիկ, կանխարգելիչ հարվածներ իրականացնեն, քանի դեռ սպառազինությունների մրցավազքում խախտված բալանսը չի հասել կրիտիկական մակարդակի։

 

Արտյոմ Բալասանով