Ինչ լավ կլիներ, որ ամեն մարդ իր աշխարհում ապրեր: Այնտեղ նա թույլ չի տա, որ իրեն շրջապատող մարդիկ վիրավորեն միմյանց, անարդարություններ, դժբախտ դեպքեր տեղի ունենան: Այսինքն, նա ինքը կկառավարի իրեն շրջապատող աշխարհը: Այդպես էլ երևի դճբախտ պատահարները, բանտ ընկնելու առիթներն էլ քիչ կլինեն: Բայց ավաղ, այդպես չէ աշխարհի դրվածքը և մարդիկ շարունակում են հող նախապատրեստել իրենց բազում մեղքերը քավելու համար:
Մենք սխալներ ենք գործում' չմտածելով դրանց հետևանքների մասին: Մենք վնասում ենք մեկս մյուսին, ցավ պատճառում, սպանելու աստիճան խեղդում ապրելու ցանկությունը: Ինչքան հոգեկան վերքեր ենք մենք պատճառել մեզ շրջապատող հարազատ կամ ոչ հարազատ մարդկանց, որոնցից շատերի մոտ դրանք երբեք չեն սպիացել:
Ինչպես մաքրենք այս սխալները կյանք կոչվող դպրոցի գրատախտակից: Դրանք ավելի ու ավելի են շատանում, խորանում, սաստկանում, ավելի զորեղ դառնում, ավերիչ դառնում: Մարդիկ չեն հասկանում, որ ուրիշին վնասելով' իրենց են վնասում' ևս մի սև բիծ ավելացնում իրենց դատավճռում: Կամ էլ հասկանում են, բայց դրա լրջությունը չեն ըմբռնում: Ինչու է աշխարհը այսքան անարդար, ինչու են մարդիկ այսքան կեղտ պարունակում իրենց հոգիներում ? Կարծես դրանք ոսկիներ լինեն, որ ինչքան շատ, այնքան լավ( շատ լինի, քիչ չլինի): Իհարկե, դա էլ այդպես չէ: Մենք բոլորս էլ մեղավոր ենք: Մեկս' այն մարդու կամ կենդանու առջև, որին սպանել ենք, մեկս' այն տատիկի, որին չենք օգնել, մեկս' այն մրջյունի առջև, որին տրորեցինք, երբ նա ուտելիք էր տանում իր ընտանիքի համար կամ էլ սեր էր խոստովանում իր սիրած էակին:
Մի խոսքով, շատ է արդարների բանակը, բայց դրանից եռակի, քառակի շատ է անարդարների և չարամիտների բանակը: Եթե ամեն մեկս արդարության մեր մասնիկը ներմուծենք այս անարդարություններով ողողված աշխարհ, արդարների բանակը կհամալրվի ևս մեկով:
Մանիկ Եգանյան ֆեյսբուք