Զոհրապ Եգանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Քիչ առաջ վերադարձա Սյունիքից: Այցելել եմ նաև Դավիթ Բեկ համայնք, Մեղրի, Ագարակ (առաջնագիծ): Գնացել էի սովորական ճանապարհով, այսօր հետ եմ եկել նույնպես Շուռնուխ-Գորիս հատվածով: Ճանապարհին մինչև այսօր 15:00-ն տարօրինակ ոչինչ չկար, հսկվում էր ՀՀ համապատասխան ստորաբաժանումների կողմից և մարդիկ թե գնացող, թե եկող հատվածներից տեսնելով մեր զորքը' հանգիստ շարունակում էին ճանապարհը:
Իմ տեսածով' ամեն բան անվտանգ էր, եթե հաշվի չառնենք, որ Կապանում (Օդանավակայանին հարող սարեր) Դավիթ Բեկում, Մեղրիից 2-3կմ հեռու «անզեն» կարելի էր ադրբեջանական զինվոր, դրոշ կամ հենակետ տեսնել: Սա ճանապարհի և ընդհանուր վիճակի մասով:
Այնուամենայնիվ' Սյունիքում վախեցած մարդ չտեսա, բայց խիստ զայրացած մարդկանց պակաս չկար և դա նորություն չէ ոչ մեկիս համար:
Զգացվում էր, որ համայնքապետերը լավ կազմակերպել են սահմանամերձ դարձած համայնքների ինքնապաշտպանական ուժերը, որոնց, որքան հասկացա, որոշ նոր հատվածներում աջակցում էին ուժային կառույցները: Սյունեցիներին բնորոշ ոճով մոբիլիզացիոն խնդիր չկար ու չի էլ եղել:
Կարճ ասած' այնտեղ որտեղ շատ է մոտեցել սահմանը' զորք կամ զինված մարդիկ մեր կողմից կային: Հայաստանի հարավային դարպաս Մեղրիի բնակիչները մեկ մարդու նման էին, հավեսս տվեց Ագարակ-Մեղրի հատվածի կազմակերպվածությունից:
Հիմա հարցեր, որոնք տեղական ուժերով լուծելն անհնար է.
1. Ճանապարհները զգալի հատվածի ասֆալտը շարունակում է ալիքներով մնալ, չհաշված փոսերն ու գծանշումների բացակայությունը գոնե ամենակարևոր հատվածներում: Պետք է տեսնել մայրուղիների իրանական հատվածի որակը, ցավոք պիտի ասեմ, ադրբեջանական հատվածինը (արդեն սկսել են իդեական ճանապարհներ կառուցել Արցախի հանրապետության նախկին տարածքներում ու Նախիջևանում ու մեր ճանապարհները: 30 տարվա ընթացքում ռազմավարական կարևորագույն նշանակության այդ ճանապարհներն այդպես էլ խելքի չեկան: Ինչը ամոթ է, սարսափելի ամոթալի փաստ, տարածաշրջանում ամենավատ ճանապարհները են մերը:
2. Հարգելի պետություն, ՀՀ ում չպետք է հենակետ լինի, որտեղ մեքենայի ճանապարհ չկա ու ձիով կամ ոտքով պետք է ինչ որ բան հասցվի: Նայեք ԴՐԱՆՔ ինչպես են աշխատում:
3. Տղեք, 21-րդ դարն է ու շինաշխատանքներ անում են տեխնիկայով, երկաթբետոնը պետք է փոխարինելու գալու «բլինդաժներին» ու դիրքային այլ կառույցներին: Գոնե հիմա 21-րդ դար եկեք ու իրական գործ արեք:
4. Եթե խելքի չգանք շատ-շատ արագ, ուժեղ կենտրանական կառավարում չմտցնեք, գոնե մոտավոր պատկերացում չկազմենք ու չսահմանենք, թե ուր ենք ուզում գնալ, ինչպիսի հարաբերություններ ենք ուզում ունենալ հարևանների հետ' մեր վիճակն ավելի կծանրանա ու մեծ արտագաղթ կլինի: Դեռ զգացողություն չունեմ, թե մեր վիճակը կարգավորվելու միտում կա: Բայց սովորաբար վերջում սթափվում ենք:
Առաջ Աստված»: