Փառք Աստծո Պարույր Հայրիկյանի կյանքին վտանգ չի սպառնում: Առայժմս միակ դրական ելքը սա է: Իսկ մահափորձի մոտիվացիան շատ անհասկանալի է, քանի որ կատարվածը տրամաբանությունից հեռու Է: Սակայն փորձենք մեզ հասու եղած ինֆորմացիայի սահմաններում տնտղել և հասկանալ թե ինչ է կատարվում:
Ի՞նչ հնարավոր վարկածներ կարող են լինել:
1. Նպատակը ընտրությունների հետաձգումն էր
Եթե նպատակը դա էր արդեն իսկ համարենք որ գոնե տանսհինգ օրով հետաձգվել են: Հետո՞ ինչ, դրանից ով ինչ կարող էր շահել: Պարզ չէ, ու դժվար թե նպատակը ընդամենը ընտրությունները հետաձգելը լիներ: Այս տարբերակը անհավանական է:
2. Մահվան պարագայում նոր ընտրությունների վերանշանակում որպեսզի շահագրգռվող կողմը նոր թեկնածու առաջադրեր
Նոր թեկնածու առաջադրվելու դեպքում սպանության կասկածները անմիջապես կուղղվեին հենց այդ թեկնածուի վրա: Բացի դրանից ի՞նչն էր խանգարում, որ նա առաջադրվեր ժամանակին: Այս վարկածը նույնպես անհավանական է:
3. Նպատակը հենց Հայրիկյանին վերացնելն էր
Ենթադրենք որ անհայտ պատճառներով Հայրիկյան անձը և քաղաքական գործիչը ինչ որ մարդկանց խանգարում էր: Ընտրություններում Հայրիկյանի հաղթանակը անհավանական էր, ուրեմն եթե Հայրիկյանին ուզում էին մեջտեղից հանել դա ոչ թե նրա ընտրվելու շանսերի հետ էր կապված, այլ հենց իր անձի: Սակայն եթե դա այդպես է կարող էին դա վաղուց անել, անաղմուկ, մինչև նախագահական թեկնածուների առաջադրումը: Այս տարբերակը նույնպես անհավանական է:
4. Արտաքին գործոն
Նախ և առաջ, մահափորձը իրականացնողի պրոֆեսիոնալիզմի բացակայությունը ցույց է տալիս, որ դժվար թե նա արտասահմանյան հատուկ գործակալությունից լիներ: Բայց նույնիսկ եթե անտեսենք ցածր պրոֆեսիոնալիզմը, ապա շարժառիթները անհավանական են:
Ադրբեջանը կամ Թուրքիան ոչինչ չեն շահում Հայրիկյանի մահից կամ ընտրությունները հետաձգելուց: Ենթադրենք նրանք պատրաստվում են պատերազմ սկսել և դրանից առաջ փորձում են Հայաստանի ներքին իրավիճակը ապակայունացնել: Սակայն ինչու՞ հենց Հայրիկյանին սպանելով պետք է դա արվեր: Բացի այդ, նրանք պետք է որ լավ հասկանան, որ պատերազմ սկսվելու պարագայում Հայաստանը իսկույն կկենտրոնանա և կհամախմբվի արտաքին թշնամու դեմ: Մենք 90-ականներին շատ ավելի անկայուն իրավիճակներ ենք ունեցել և կարողացել ենք միասնաբար կռվել և Ադրբեջանին հաղթել:
Արևմուտքը նույնպես ոչինչ չուներ շահելու, բացի այդ նրանք քաղաքական սպանությունների դիմելուց առաջ ավելի խոշոր լծակներ ունեն և քաղաքական սպանությունը որպես մեթոդ հազվադեպ են գործածում: Իսկ Հայրիկյանի արևմտամետ լինելը այս տարբերակը նույնպես բացառում է:
Մնաց Ռուսաստանը, որը համեմատաբար ամենահավանական արտաքին ուժն է և ԿԳԲ-ն քաղաքական սպանություններից բնավ չի խորշում: Սակայն կրկին անհասկանալի է՝ ինչու՞ հենց Հայրիկյանին: Հայրիկյանին որպես անկախության սիմվոլ սպանելը նրանց համար ոչ մի նշանակություն չէր կարող ունենալ: Եթե ունենար էլ ավելի վաղուց կանեին: Գործնականորեն Հայրիկյանի մահը մեզ Ռուսաստանից ավելի կախյալ չէր դարձնում քան արդեն կանք: Որպես քաղաքական գործիչ նա ճիշտ է արևմտամետ է, սակայն միևնույն է ոչ մի վտանգ չի ներկայացնում Ռուսաստանին, քանի որ ներկա իշխանություններն իրենք բավականին արևմտամետ են, իսկ Հայրիկյանի իշխանության գալու շանսերը ցածր են:
Եվ կրկին շեշտադրենք՝ եթե ԿԳԲ-ն ցանկանար որևէ անպաշտպան անձի սպաներ ապա դա կարող էր մեծ հեշտությամբ իրականացնել:
5. Մահափորձի հեղինակը օլիգարխիան է և գործում է Սերժի դեմ
Կարծում եմ ամենահավանական տարբերակը սա է: Պրոֆեսիոնալիզմի բացակայությունը նույնպես վկայում է, որ հեղինակը ներքին քրեաօլիգարխիկ ուժերն են և ոչ թե որևէ երկրի հատուկ ծառայություններ:
Վերջերս նկատվել են բավականին լուրջ նշաններ, որ Սերժը փորձում է մինչև այժմ իրեն հենարան հանդիսացող օլիգարխիային փոխարինել նոր ուժերով՝ մասնավորապես բանակով: Այդ մասին մամուլոմ տեսակետներ հնչել են:
Այն որ Սերժը ցանկանում էր մի օր ձիերը փոխել հայտնի էր վաղուց, և հիմա երևի թե գտել է դրա ամենահարմար ժամանակը, քանի որ ընդդիմադիր դաշտի վակուումի պայմաններում օլիգարխիայի ծառայությունները ընտրական կեղծիքներ իրագործելու նպատակով այս պահին ամենաքիչն են հարկավոր:
Հասկանալով սա օլիգարխիան իրեն գտել է քցված վիճակում և խառնվել է իրար, փորձում է ինչ որ բան կազմակերպել իրավիճակը ապակայունացնելու և Սերժի դեմ պայքարելու նպատակաով: Հնարավոր է որ դա ոչ թե բոլոր օլիգարխներն են այլ նրանց մի մասը, հնարավոր է որ մեծ մասը: Քանի որ Սերժը և իր մերձավորները հենց իրենք օլիգարխներ են, նույնիսկ տեսականորեն նա չի կարող լիակատար հրաժարվել օլիգարխիայից: Այսինք տեղի ունեցողը ավելի շուտ քրեական օլիգարխիայի ներքին պայքար է:
Դեպի բանակը արված տեսանելի ժեստերից բացի ուժերի տեղաշարժման մասին վկայող այլ հետաքրքիր նշաններ էլ են նկատվել, որոնք մտածելու առիթ են տալիս: Մի քանի օրինակներ՝
- Այս պահին ամբողջ վարչական համակարգը մոբիլիզացվել է անձնագրի համարներ հավաքելով, աշխատանքից հեռացնելու սպառնալիոքներով և այլն: Նորություն չէ, բայց այս անգամ կարծես թե ընտրակեղծիքի այս տեսակը շատ ավելի կարևոր է դարձել: Կարծես թե Սերժը փորձում է զերծ մնալ օլիգարխների ծառայություններից և հենվում է սեփական վարչական ուժերի վրա:
- Ռեժիմի կարկառուն դեմքերը կրկին և կրկին թմբկահարում են որ այս անգամ լինելու են ամենա-ամենամաքուր ընտրությունները: Իհարկե առաջին անգամ չենք լսում, բայց հնարավոր է որ կեղծիքները քչացնելու են օլիգարխներին պարտք չմնալու համար
- Սերժի նախընտրական կլիպներում ծիծաղելիորեն հայտնվել են Մաշտոցի պուրակի ակտիվիստները, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, ովքեր իր ամենաթունդ ընդդիմադիրներն են: Կարծես թե Սերժը քաղաքացիական շարժումը իրեն վերագրելով նաև ուզում է բարեկամանալ այս աստիճանաբար հզորացող քաղաքական ուժի հետ և մտերմանալու փորձեր է անում:
- ՀՀԿ կարկառուն դեմքերից Գալուստ Սահակյանը անսպասելիորեն այցելում է Անդրիաս Ղուկասյանին և բարեկամական զրույց է ունենում: Նորից քաղաքացիական հասարակությանը մտերմանալու փորձ:
- Երկրի վերնախավը այցելում է Հայրիկյանին և շոու սարքում: Այցելելը մարդկայնորեն շատ հասկանալի է ու ողջունելի, սակայն նույն մարկանց կողմից նման վերաբերմունք չտեսանք Վահե Ավետյանի մահվան ժամանակ, ուրեմն պետք է եզրակացնել, որ նրանք ոչ թե հոյակապ մարդիկ են այլ այստեղ կան այլ հաշվարկներ:
Ամեն դեպքում, Հայրիկյանի դեմ մահափորձը ի՞նչ կապ ունի այս ամենի հետ: Հավանաբար սա պայքար է Սերժի դեմ, միգուցե և ոչ այնքան լավ կազմակերպված, խուճապահար պայքար: Նպատակը իրավիճակը ապակայունացնելն է և դրա միջոցով Սերժի վրա ճնշում գործադրելը, և հնարավորության դեպքում նրան գահընկեց անելը:
Նախագահի թեկնածուներ սպանելով ամենաուժեղ հարվածը հասցվում է Սերժի դիրքերին, ցույց տալով որ նա իրավիճակի տերը չէ, և նույնիսկ կասկածներ հարուցելով, որ նա է մահափորձի հելինակը, կամ պարզապես սպառնալով որ կարող են մյուս թեկնածուներին և ընդհանրապես ցանկացած քաղաքական գործչի սպանել և անկայուն վիճակներ ստեղծել: Փաստորեն արդեն իսկ հասարակությունը գիտակցում է, որ ոչ մի ընդդիմադիր թեկնածու և ոչ մի քաղաքական գործիչ բացի իշխող վերնախավից ապահով չէ և բոլորի կյանքին էլ վտանգ է սպառնում: Ուրեմն մինչև հիմա «դեմը խաղ չունեցող» իշխանությունների առջև խաղ ունեցողներ են հայտնվել:
Այս ամենը լավ պատկերացնեհլու համար հիշենք, որ մեր երկրի քաղաքական վերնախավը միայն արտաքնապես է քաղաքական: Ըստ էության այն քաղաքական չէ, այլ քրեական, մաֆիոզ որակի վերնախավ է: Եվ այսօր մաֆիայի պարագլուխը՝ Սերժ Սարգսյանը կամ չի կարողանում իրավիճակը տնօրինել, կամ էլ նրա մրցակիցները ցանկանում են այդպես ցույց տալ և փորձում են նրան գահընկեց անել: Այս պարագայում մահափորձը միանգամայն հասկանալի է որպես մաֆիային բնորոշ գործելակերպ:
Ամենայն հավանականությամբ Սերժը իրավիճակին մասամբ է տնօրինում և իր ընդդիմադիր օլիգարխները խուճապահար փորձում են իրենց օտարումը կանխել: Եթե նրանք ավելի ուժեղ դուրս գան ապա Սերժին կարող են ստիպել որ հրաժարվի ընտրարշավից և ամեն ինչ հարթվի առանց արյուն թափելու: Իսկ եթե ոչ, ապա կլինեն նոր սպանություններ և այլ կարգի բռնություններ: Հնարավոր է նաև որ Սերժը բանակի օգնությամբ չեզոքացնի իրեն ընդդիմացող օլիգարխներին:
Սակայն կրկին հարց է ծագում՝ իսկ ինչու՞ հենց Հայրիկյանին: Որովհետև Սերժին գահընկեց անելու դեպքում հարկավոր կլինի ունենալ իրենց հարմար թեկնածու, որը ոչ միայն անցողիկ է այլ նաև կառավարելի: Սերժից հետո հավանական թեկնածուները երեքն են՝ Րաֆֆի, Հայրիկյան և Բագրատյան: Իսկ Հայրիկյանը հանդիսանում է բացարձակապես անկառավարելի և հետևաբար օլիգարխիայի համար ամենաանցանկալի հնարավոր նախագահը: Մնացած երկուսից Բագրատյանը համեմատաբար ամենակառավարելին է: Րաֆֆին եթե ուղղակիորեն կառավարելի չէ սակայն նա հավանաբար դիտվում է որպես ավելի միամիտ կամ թույլ ղեկավար և այդ կերպ նույնպես հարմար է օլիգարխիայի համար (իհարկե իրականում կարող է բոլորովին այդպես չլինել): Անշուշտ օլիգարխիայի համար ամենացանկալին իրենց սեփական թեկնածու ունենալն էր, որը մինչև վերջերս Սերժն եր: Սակայն հիմա դրա համար արդեն ուշ է, ուստիև նրանց մնում է մնացած թեկնածուներից մեկին իրենցով անել: Իսկ Հայրիկյանի դեմ մահաբորձով նրանք փորձում էին մեկ գնդակով երկու նապաստակ խփել՝ իրավիճակը ապակայունացնել և ազատվել անցանկալի թեկնածուից:
Եթե ընդունում ենք այս տարբերակը, ապա պետք է ակնկալել որ պատերազմ է սկսվում: Մարտահրավերը արդեն նետվել է: Սերժը կարող է մարտահրավերը ընդունել և պատերազմը մտնի ավելի ակտիվ փուլ՝ սպանություններով ու հակադարձ ձերբակալություններով: Կամ էլ Սերժը կարող է հանձնվել և հրաժարական տալ, և այդ դեպքում ընտրությունները կընթանան միանգամայն այլ հունով: Հիմնական թեկնածուները կլինեն Րաֆֆին, Բագրատյանը և Հայրիկյանը և միգուցե նաև Անդրիաս Ղուկասյանը: Սակայն Հայրիկյանի կյանքին նորից վտանգ է սպառնալու: Րաֆֆիի և Անդրիասի կյանքին նույնպես վտանգ կարող է սպառնալ՝ կախծված թեկնածուների ռեյտինգից: Օլիգարխիան փորձելու է գտնել իրենց ամենահարմար թեկնածուն և հարկ եղած դեպքում պայքարել մյուս թեկնածուների դեմ: Իսկ այս պահին նրանց գլխավոր նպատակը Սերժին ընտրարշավից դուրս բերելն է:
Շատ բան էլ կախված է բանակից՝ արդյո՞ք նրանք կսատարեն Սերժին թե կողքից կնայեն իրադարձություններին: Թվում է թե կսատարեն, բայց բանակի վերնախավի գոնե մի մասը նույնպես կազմում է օլիգարխիայի մաս և ունի իր շահերը: Այնպես որ ոչինչ պարզ չէ:
Ինչ էլ որ լինի, մոտ ապագայում նոր ցնցումների հավանականությունը բավականին բարձր է և վտանգավոր ժամանակներ են սպասվում: