Պարույր Սեւակը՝ Անդրանիկի մասին
Ժամանակն է, վերջապես, դադարեցնելու այն գիտակցված հավկուրությունը, որ հավասար է ոչ միայն ազգային դավաճանության, այլեւ վատթարագույն անբարոյականության, որովհետեւ երբ հերոսության ուրացումը յուրատեսակ դավաճանություն է, ապա մեծ մեռելների հիշատակի պղծումը զազրելի անբարոյականություն է…
Ես անհարմար եմ զգում, ուղղակի ամաչում եմ մեծարանքի որեւէ խոսք ասել Անդրանիկի հիշատակին: Այս մեծ ու սուրբ քաջի հանդեպ բոլորովին անպարտ ու անմեղ՝ ես չգիտեմ ինչու այս րոպեիս ինձ անձամբ պարտավոր ու մեղավոր եմ զգում այնքան, որ մեծարանքի ամեն խոսք ինձ թվում է սեփական հանցագործությունից հետո ուրիշի բերանով "մեղա" ասելու պես բան։
Բայց պիտի որ ասվի այդ "մեղան" եւ ասվի ոչ թե խոսքով, այլ գործով, ոչ թե ասած լինելով ձեռքերը լվանալու պիղատոսությամբ, այլ գործնականորեն ու հետեւողականորեն մեր նորագույն պատմության բոլոր աղավաղումները շտկելով, բոլոր սեւացումները սրբագրելով, որ հավասար է մեր կերած հացից ավազը ջոկելուն…