«Բախտաւոր ու զարմանալի մարդ էր Անդրանիկ։ Իր կենդանութեան իսկ՝ իր կեանքը հմայիչ առասպել էր, ինչպես Գարիբալդիի կեանքը, որին նա այնքան նման էր։ Մտաւորական թէ ռազմիկ, յեղափոխական, թէ սովորական ոեւէ անձ նրա մասին խօսելիս փնտռում էին միշտ արտայայտութեան տարբեր, աւելի անուշ, աւելի մտերիմ ձեւեր, ինչպես մայրը կ՛անէր իր զաւկի հանդէպ։ 

Մեր ժողովրդի բոլոր խաւերի համար Անդրանիկ դարձած էր անքննադատելի եւ լուսաւոր մի դէմք, որ արեւի պէս ճառագում էր արդարութեան եւ ազատութեան ծարաւի հոգիներուն։ Անդրանիկ սոսկ յեղափոխական մարտիկ չէր, նա Հայոց աշխարհի ըմբոստացումն էր, հայ տրորուած, անարգուած հողի վիթխարի աղաղակը, թէ «Էլ չե՛մ կարող, չե՛մ կարող տոկալ»։ 



Իր ձեռքի շարժումը լայն էր, տիրական, հայեացքը՝ անխարդախ ու կախարդիչ, խօսքը՝ անկաշկանդ ու միշտ հրամայական, ձայնը՝ իշխանական ու անփութօրէն հզօր, հակառակ իր թովիչ քաղցրութեան։ Գեղջուկ էր իր ապրուստի եղանակով, իր նիստ ու կացով, իր ուտել-խմելով, իր հոգեկան պարզութեամբ, բայց ի սպառ զերծ գեղջկական գձուձ նիւթապաշտութիւնից եւ մանաւանդ ժողովրդի քծնող ստրկամտութիւնից, նրա համբերատար ոգուց։ Սքանչելի մանկական ծիծաղի հետ՝ անհնարին ցասումն ունէր, որպէս ամպրոպային Արամազդ։ Յախուռն եւ յանդուգն իր վճիռների մէջ, նաեւ խիզախ էր գործերի եւ շարժումների մէջ։ 

Կուռք է Անդրանիկը, որ մեր ժողովուրդն է կռել, կոփել ու քանդակել համապատասխան իր դարաւոր իղձերի, ձգտումների, ամբողջ իր իտէալին, արդարութեան եւ իրաւունքի ծարաւ իր հոգու պահանջներին։ Նրան լսելիս մարդ զգում էր, որ համայն հայութիւնը այս անզուգական մարդու կրծքի տակ է ամփոփուած, ինչպէս ճուտերը թուխսի թեւերի տակ»։

ԱՎԵՏԻՍ ԱՀԱՐՈՆԵԱՆ
«ՀԱՅՐԵՆԻՔ» օրաթերթ, Օգոստոս 30, 1973 թ, էջ 3




Հայե՛ր, գիտե՞ք, որ