Մայայի համար Պարույրը Ջան էր ու Ջան էլ մնաց: Որպես ամուսիններ՝ բաժանված, բայց հոգով՝ անբաժան: Մայայի ծնողները սիրով էին ընդունում իրենց ապերախտ փեսային, որ հինգ տարի ապրեց նույն հարկի տակ՝ որպես հարազատ զավակ, և այնուհետև, որքան էլ տարօրինակ է, այդպիսին էլ մնաց ցկյանս: Վարդան Մարկիչը՝ այդ ծանրակշիռ թերապևտը, որ սիրում է որսորդությամբ զբաղվել, ամեն վերադարձին զանգ էր տալիս ինձ և հրավիրում լորի, կաքավի, նապաստակի խորովածի, իհարկե, «անպիտան» Պարույրի հետ: Անահիտ մայրիկն ազնվական կին էր: Պարույրը Մադոննա էր անվանում նրան:
ԳՐԻԳՈՐ ՉԱԼԻԿՅԱՆ

Մենք պարզապես միմյանց շատ լավ էինք հասկանում, հոգեհարազատ էինք զգում: Պարույրի հետ ծանոթացել եմ համալսարանում: Նա համալսարան էր եկել հարուստ գիտելիքներով, աչքի էր ընկնում հետաքրքրասիրությամբ, չափազանց աշխատասեր էր, համեստ, անսահման բարի էր ու անաչառ: Պարույրը շատ կարդացած էր, գիրք չկար, որ ընթերցած չլիներ:
Հիշում եմ, երբ միասին առաջին անգամ գնացինք իրենց գյուղը, նա առաջին հերթին ինձ տարավ այն տեղը, որտեղ ժամանակին իր պապական այգին է եղել: Գյուղից դուրս՝ սարում՝ ժայռերի մեջ, նա ցույց տվեց զարմանահրաշ գեղեցկությամբ մի անկյուն՝ ամբողջությամբ պատված կանաչով ու փարթամ թփուտներով, աչքից ու աղմուկից հեռու: Այդտեղ էր Պարույրը պատանեկության տարիներին առանձնացել երազելու կամ ստեղծագործելու համար:
Պարույրը միշտ կնամեծար էր, և կանայք, բնականաբար, շատ էին տարվում նրանով, մանավանդ, իր տաղանդի հետ մեկտեղ, Պարույրը բացառիկ հմայքի տեր անձնավորություն էր:
Նրա մահն ընդունեցի ինչպես արևի մայր մտնելը: Մենք՝ որպես ամուսիններ, բաժանված, բայց միշտ մնացել ենք ամենամոտ մարդիկ և որպես այդպիսիք՝ երբեք չենք հեռացել միմյանցից: Երբ Նելլիին դեռևս չէի ճանաչում, չէի կամենում, որ Պարույրը ամուսնանա այլազգուհու հետ: Իսկ Պարույրը պնդում էր, որ Նելլին շատ լավն է, և մենք անպատճառ կմտերմանանք: Այդպես էլ եղավ: Կարող է ծայրահեղ թվալ, բայց Նելլին իմ ամենամոտ մարդն էր: Մի բարձր ու ազնիվ անձնավորություն էր նա՝ հարուստ հոգով ու ինտելեկտով: Մեր մեջ գերակշռում էր զուտ մարդկային, բարեկամական մտերմությունը, և, փաստորեն, մենք այս իմաստով իրար չկորցրինք կյանքում:
... Վերջին հաշվով հալածանքի արդյունք չէ՞ր «Եղիցի լույս» գրքի «կալանքը»: Կամ մի ճակատագրական դիպված, և Պարույրը գնաց Մոսկվա: Պատճառը միայն այնտեղ սովորելը չէր, այլ ավելի շուտ վտանգի սպառնալիքը: Պարույրը հաճախ էր ասում. «Աչո ջան (այդպես էր ինձ անվանում), աշխարհում գիտե՜ս ինչեր են կատարվում, իսկ մենք ոչ մի բանից տեղյակ չենք»:
Իմ կարծիքով՝ Չարենցից հետո Սևակն է բռնում հայ պոեզիայի տարածքը:

(Հարցազրույցը վարել է Լուսինե Թոփուզյանը)

 

Լուսինե Զաքարյան ՖԲ էջից