Արմինեն աշխատավայր հասավ արդեն հոգեպես պատրաստված հանդիպելու այն մարդուն, ում սիրել էր դեռ դպրոցական տարիքից: Միասին մանկապարտեզ, ապա տասը տարի դպրոց էին հաճախել: Այն բոլոր զգացողություններն ու հուշերը նորից արթնացան, երբ օրեր առաջ պատահմամբ հանդիպեց նրան:
«Այսօր նորից կհանդիպեմ նրան: Ինչո՞ւ ամեն անգամ նրան տեսնելիս նույն ջերմ ու հաճելի զգացողությունն եմ ունենում, ինչպես տարիներ առաջ էի ունենում: Հիշողություննե՜ր, մանկություն: Ես ամեն կերպ ցույց տվեցի նրան իմ սերը, բայց նա սխալ հասկացավ, համարելով այն միայն հոգատարության դրսևորում»:
«Անակնկալ ունեմ»,- ասել էր Արեգն ու պայմանավորվել երկու օրից գալ սրահ: Արեգն իր մանկության հուշերի անբաժանելի մասն էր: Հիշում էր' ինչպես մի անգամ բարձր դասարանցի տղայի հետ կռիվ արեց միայն նրա համար, որ տեղյակ չէր պահել իրեն, մոտեցել ու տուն ուղեկցելու առաջարկ արել էր Արմինեին: Փոքրամարմին Արեգը մի քանի օր աչքի տակ մեծ կապտուկով էր դասի հաճախում, սակայն չէր ամաչում արածի համար: «Արմինեն իմ քույրն է»,- հայտարարել էր Արեգը, չնայած նրանց միջև ոչ մի ազգակցական կապ չկար: Արմինեն լավ էր հիշում թե ինչ խորամանկությունների էին դիմում տնային հանձնարարությունները կատարելիս: Արեգը մեծ հետաքրություն ուներ բնագիտական առարկաների նկատմամբ, իսկ Արմինեն լեզուների: Համատեղ ուժերով տնային աշխատանքների կատարման հետևանքով, Արմինեի ֆիզիկայի, քիմիայի տետրերը մշտապես Արեգի մոտ էին լինում, իսկ Արեգի լեզվի և գրականության տետրերը' Արմինեի մոտ: Ուսուցիչներն սկզբում գլուխ չէին կարողանում հանել, ինչու Արմինեի «մարգարտահատ» ձեռագիը միայն հայոց լեզվի տետրերում էր երևում, իսկ երբ անցնում էին մաթեմատիկային, ֆիզիկային և մյուս բնագիտական առարկաներին, ձեռագիրը «ագռավի չանչերով գրածից» այն կողմ չէր անցնում:
Դպրոցն ավարտելուց հետո անցել էր տասնմեկ տարի: Արեգը հիմա հաջողակ գործարար էր, Արմինեն էլ կարծես ետ չէր մնում. ղեկավարում էր իր դիզայն-ստուդիան ու հարսանյաց սրահի աշխատանքները:
Բջջայինի ձայնը Արմինեին շեղեց մտքերից:
-Լսում եմ:
-Արմի՞ն, ողջույն: Ինչպե՞ս ես:
-Բարև, որտե՞ղ ես, կարծես թե ինչպես միշտ ուշանում ես:
-Սխալվեցիր, - լսվեց Արեգի ծիծաղը,- մենք արդեն խանութի դռան մոտ ենք…
«Մե՞նք, տեսնես ում հետ է որոշել այցելել»:
Արմինեն արագ դուրս եկավ իր փոքրիկ աշխատասենյակից:

Սրահի աշխատակցուհին արդեն հասցրել էր մոտենալ այցելուներին, սակայն տեսնելով, որ այցելուներն ավելի շուտ Արմինեի հյուրերն են, հեռացավ:
-Բարև իմ մանկության քույրիկ, - Արմինեին գրկեց Արեգը, - թույլ տուր ներակայացնել իմ, ը՜… Երևի արդեն ճիշտ կլինի ասել հարսնացուին,- ժպիտով շարունակեց Արեգը:
-Հարսնացուի՞ն, - զարմացավ Արմինեն, աչքի տակով նայելով շիկահեր ու կապուտաչյա գեղեցկուհուն, ապա փորձեց զարմանքը քողարկել ժպիտով, - երեք ամիս առաջ, երբ հանդիպեցինք, ասեցիր, որ դեռ թեկնածու չկա…
-Իսկ հիմա ինչպես տեսնում ես' կա, - ծիծաղելով շարունակեց Արեգը, - ծանոթացեք' Էմիլյա և Արմինե:
-Ուրախ եմ, - ժպտաց Էմիլյան:
-Ես նույնպես: Այ հիմա հասկացա, թե ինչու էիր որոշել այցելել դասընկերուհուդ:
-Դու միշտ էլ եղել ես իմ ընդունակ դասընկերուհին: Ի դեպ քեզնից պատմիր, լսել եմ ընկեր ունես ու չես ծանոթացրել:
-Դու դեռ շարունակում ես իմ եղբոր դերո՞ւմ հանդես գալ: Ոչ ես ընկեր չունեմ, - հայացքը մի կողմ թեքեց Արմինեն' խուսափելով նայել Արեգի աչքերին, - երբ ունենամ, հաստատ քեզ կասեմ:
-Դե հույս ունեմ շուտով…
Արմինեն չլսելու տվեց Արեգի ասածն ու դիմեց Էմիլյային.
-Հարսի զգեստը առանց փեսացուի կընտրենք: Համաձա՞յն չես, - աչքով նշան անելով խոսեց Արմինեն, - իսկ մինչ այդ կարող ենք լավագույն տարոսիկները, ծաղիկներն ու ծաղկեփնջերը ընտրել: Իսկ որոշվա՞ծ է օրը:
-Ուղիղ երկու շաբաթից, ու մեկ էլ մի փոքրիկ հավելում, - շարունակեց Արեգը,- դու ևս հրավիրվածների ցուցակում ես: Երբ ընտրենք հրավիրատոսերը, դու առաջինը կստանաս:

Ահա և վերջ: Արմինեն հավատալ չէր ուզում. վաղն Արեգը կամուսնանա:
«Նա այդպես էլ չհասկացավ իմ սերը, իսկ ես հիմարի պես արեցի հնարավորը ցույց տալու համար, թե որքան եմ սիրում նրան: Նա այդպես էլ ինձ չսիրեց, որպես կին, իսկ հասցրած ցավը… Ցա՞վ, - ինքն իրեն հարցրեց Արմինեն,- բայց չէ որ նա չէր փորձի ինձ ցավեցնել, եթե իմանար: Եթե միայն իմանար, թե որքան սեր կա իմ սրտում, որ պատրաստ եմ նվիրել նրան, ու նվիրել եմ, բայց երբեք բարձրաձայն չեմ ասել»:
Արմինեն սպիտակ թուղթն իր առջև քաշեց: Քա՜նի նման թուղթ է գրել, բայց հետո բոլորն էլ դեն նետել:

«Փոխադարձ սերը բառերի կարիք չի զգում: Լեզուն անկարող է արտահայտել սրտի թրթիռն ու հոգու ճախրանքը: Երբ սրտերը կմիաձուլվեն ու կբաբախեն միաժամանակ, այդժամ հնարավոր կլինի հասկանալ սիրո լեզուն: Այն համր է թվում, բայց ամենապերճահնչյունն ու վեհն է:
Ասում են' սիրում են միայն մեկ անգամ և այն առաջին սերն է, իսկ հետո բոլոր սիրահարությունները համեմատում առաջինի հետ: Նա կմնա հավետ այն իդեալը, որին կձգտեմ տեսնել իմ կողքին, բայց նաև գիտեմ, որ արդեն անհնարին է: Իմ երազանքն ահնաս հեռվացավ: Իրական երազանքը պետք է անհաս լինի, որ նրան միշտ ձգտես հասնել, բայց ես անկարող եմ արդեն առաջ գնալ: Ես գիտեմ, որ ինքն իմը չի լինելու ու ես կշարունակեմ սիրել նրան: Այդպես շատ հեշտ է, քանի որ չեմ սպասի նրա պատասխան սիրուն: Ես կշարունակեմ սիրել նրան և վերջ»:

16.04.13թ

Արմինեն զգաց ինչպես աչքերը թացացան: Չէր էլ հիշում, թե երբ էր վերջին անգամ լաց եղել: Բայց այսօր չլացել անկարող էր: Հոգուց մի բան դատարկվել էր, ասես մանկությունն իսպառ անհետացել, գույները խամրել: Ի՞նչ անել, գնալ ու ասե՞լ Արեգին, թե որքան է սիրում նրան: Ո՜չ, դա անհնար է: Սարսափելի կլինի մտածել, թե ինչ հետևանք կարող է ունենալ իր ամեն մի անզգույշ քայլը, առավել ևս եթե Արեգը իրեն չհասկանա: Որքան հիասթափություն, ցավ կծնվի նրա հոգում: Բավական է այն, ինչ արդեն կա իր հոգում: Չէ՞ որ Արեգն իսկապես սիրահարված է: Նրա աչքերը կրկին փայլում էին ինչպես տարիներ առաջ, իսկ վաղն արդեն հարսանիքն է:
«Եթե ինձ սիրեր այն սիրով, ինչպիսին իմ սերն է նրա նկատմամբ, ապա անկասկած կհասկանար այն բոլոր նշանները, որոնք նրա համար էին: Այնպես որ նա մեղավոր չէ այս ամենի համար: Իմ սերը միակողմանի է եղել: Ընդունի՛ր, Արմինե, ու առաջ գնա և նույնիսկ շնորհակալ եղիր, շնորհիվ Արեգի հասկացել ես ինչ է իրական սերը, բայց պետք է նաև ուժ գտնես մոռանալ նրան»…
Արմինեն երեկվա պես հիշում էր այն օրը, երբ ինքն ու Արտակը զրուցում էին: Հազիվ տասներկու տարեկան կլինեին:
«-Երբ ամուսանամ, դու կլինես իմ հարսնաքույրը, ես հարազատ քույրիկ չունեմ…
-Ինչ հիմարիկն ես,- ծիծաղում էր Արմինեն,- տղան հարսնաքույր չի ունենում: Հարսն է ունենում է հարսնաքույր, իսկ փեսան խաչեղբայր:
-Իսկ մենք կփոխենք,- միամտորեն շարունակեց Արեգը:
-Բայց էդպես չի լինում, - նորից պնդեց Արմինեն, ապա մի փոքր լռությունից հետո հարցրեց. - իսկ ինչպիսի՞ն կուզեիր, որ լիներ հարսնացուդ:
-Կապուտաչյա ու երկար մազերով…
Փոքրիկ Արեգը տետրակով հարված ստացավ գլխին:
-Կապույտ աչքե՜ր, երկա՜ր մազեր, - Արեգի ձևն էր անում և ծիծաղում Արմինեն, - դու քեզ հայելու մեջ նայիր, նոր կապուտաչյա աղջիկների մասին երազիր»:
Արմինեն հիշում էր' ինչպես Արեգը դեմքը ծամածռեց ու ծաղրելով իրեն, փախավ, իսկ ինքը ետևից վազում էր, որ կրկին հավածեր Արեգին:

Մանկության օրերն անհոգ էին ու կարծես արտասովոր գույն ունեին: Աշխարհն ավելի պարզ էր, բայց միևնույն ժամանակ գունեղ ու անսովոր:
«Դու կգնաս ու կշնորհավորես նրան, երջանկություն կմաղթես, անգամ եթե սիրտդ կոտրված լինի, անգամ եթե խանդն ու նախանձը փորձեն կուրացնել, պետք է չմոռանաս, որ Արեգը մանկությանդ անբաժանելի հերոսն է: Դու պարտավոր ես նրան երջանկություն մաղթել, քանի որ սիրում ես»:
Արմինեն սրբեց արցունքն ու վեր կացավ' փնտրելու մանկության հիշողությունների գիրքը' այն գիրքը, որի դատարկ էջերին էր հանձնել զգացողություններն ու հույզերը: Շատ չանցած, իր կյանքի օրագիրն արդեն ձեռքում էր:
Արմինեն բացեց այն էջը, որտեղ գրի էր առել կարճ բանաստեղծություն: Այն արտագրեց բացիկի վրա, ապա խնամքով ծալեց ու դրեց պայուսակի մեջ:
«Սա էլ վերջին նշանը»:

Հաջորդ օրը Արմինեն փայլում էր իր գեղեցկությամբ: Նրա թախծոտ հայացքն ու միաժամանակ գեղեցիկ ժպիտը աննկատ չէր թողնում և ոչ մեկին:
-Մեծ երջանկություն քեզ, իմ մանկության ընկեր ու եղբայր, - շնորհավորեց Արմինեն Արեգին:
-Շնորհակալ եմ իմ քույրիկ: Դու այսօր շլացնող տեսք ունես, որքա՜ն գեղեցիկ ես: Տես, հանկարծ չառևանգեն, - գրկեց Արմինեին Արեգը:
Արմինեին թվաց հիմա սիրտը դուրս կթռնի:
-Ուզում եմ, որ դու էլ իմ պես երջանիկ լինես, - շարունակեց Արեգը:

Արմինեն աննկատ հեռացավ հանդիսությունների սրահից: Երկու գավաթ գինուց գլուխն այնպես էր պտտվում, ասես կարուսել էր նստել: Եթե մի փոքր էլ մնար, ապա գուցե անկեղծությունը թաքցնել անհնար լիներ: Լավագույն տարբերակը հեռանալն էր: Կանգնեցնելով առաջին իսկ պատահած տաքսին' վարորդին խնդրեց իրեն հեռու տանել: Երբ բավական հեռացել էին, վարորդը խնդրեց կոնկրետ նշել հասցեն, բայց Արմինեն տուն գնալ չէր ուզում: Վառվող սիրտը ուզում էր զովանալ Երևանի գարնանային գիշերով: Հակառակ վարորդի պնդմանը, ով հասկացել էր, որ Արմինեն այնքան էլ լավ չի զգում իրեն, մեքենայում չմնաց, վճարեց գումարն ու իջավ:
Հասցրեց ընդամենը մի քանի քայլ անել: Երկար զգեստն ու բարձրակրունկ կոշիկներն էլ ավելի էին դժավարացնում քայլելը: Նստեց մոտակա նստարանին :
«Ես կույր էի: Չէ՞ որ տեսնում էի, գիտեի' նա չի կարող լինել իմը: Աստվա՛ծ իմ, որքա՜ն եսասերն եմ եղել ես: Ես կառուցել եմ իմ ցանկությունները անիրականության հիմքերով, այնինչ այս կյանքում նպատակին հասնելու համար պետք է գծես այն իրականացնելու ճանապարհը և նշես կոնկրետ այն կետը, որտեղից պետք է սկսես ցանկության իրագործման քայլերը: Այդ կետը պետք է ունենա իրական հիմք, հակառակ դեպքում կլինի ձախողում: Ո՜չ, սա երազանք էր, գերնպատակ, որին հասնել անհնարին է, բայց միաժամանակ երազանքին տանող ուղին սովորեցնում է պայքարել, մարտնչել ու պատրաստ լինել դիմագրավելու ցանկացած փորձության: Այսքանից հետո ես ավելի ամուր կլինեմ…»:
Հիշեց պայուսակում գտնվող բացիկը, որին գրված էր այն, ինչ ուզում էր ասել Արեգին, բայց նրա հանդեպ սերը ստիպեց լռել' հանուն նրա երջանկության:

Սիրել եմ լուռ ու անձայն.
Ոչինչ չեմ ասել' իմանալով,
Որ ուրիշնն ես, իմը չես,
Ու չես լինի…
Հարսանիքիդ անպատճառ կգամ,
Բոլորից շատ քեզ բարին կասեմ,
Երջանիկ բախտ կմաղթեմ ու…
Ու լուռ կհեռանամ'
Երջանկությունը թողնելով քեզ…

Հանկարծ քամին բացիկը Արմինեի ձեռքից պոկեց, կամ, գուցե Արմինեն այդ պահին հանձնեց այն քամուն, դժվար է ասել: Բացիկը մի պահ օդ բարձրացավ ու քամուց օրորվելով աճապարեց հեռու:
«Աստվա՜ծ իմ, ես ինձ կորցրել եմ: Կորցրել եմ իմ մենության մեջ: Ես հոգնել եմ քո ընկերն լինելուց: Այս ողջ ճանապարհին զգացել եմ մենության շունչն, այլևս չեմ ուզում: Գնա՛, հեռացի՛ր, մենություն»:
-Գնա՜, - բարձրաձայն գոչեց Արմինեն ու գլուխն առավ ափերի մեջ:
-Ես կարողացա բռնել այն, - լսվեց թիկունքից:
Արմինեն բարձրացրեց գլուխն ու նայեց ձայնի ուղղությամբ: Իրեն էր մոտենում մոտ երեսուն տարեկան տղամարդ:
-Սա Ձե՞րն է, - հարցրեց երիտասրդը մեկնելով բացիկը Արմինեին:
-Շնորհակալություն, բայց այն ինձ պետք չէ այլևս:
-Կարո՞ղ եմ օգնել որևէ հարցում: Ամեն դեպքում բացիկը կդնեմ այստեղ:
«Ինչ է ուզում այս մարդը: Իսկ եթե ավազա՞կ է, - մտածեց Արմինեն' ուշադիր զննելով իրեն մոտեցող տղամարդուն»: Համենայնդեպս հագուկապն ու թանկարժեք կոշիկները տեսնելով' ավազակի տարբերակն անմիջապես հերքվեց:
-Դե՛ն նետեք այն, կամ էլ կարող եք Ձեզ պահել:
Անծանոթը մի հայացք գցեց բացիկի վրա գրված տողերին:
-Ձեր թույլտվությամբ ես այն կվերցնեմ ինձ, - ասաց տղամարդն ու շրջվեց հեռանալու համար:
«Ինչ լավ է հեշտ պրծա»:
-Ամեն դեպքում մեկ հավելում անեմ, - դեպի Արմինեն շրջվեց տղամարդը, - ամենափոքրիկ երջանկությունը դիմացինին ժպիտ պարգելն է:
Տղամարդը մոտեցավ ու խոնարհվեց, որպեսզի Արմինեն վերև չնայի:
- Իսկ ժպիտ պարգևելը շատ հեշտ է, ընդամենը պետք է ժպտալ ու անել հաճելին - շարունակեց տղամարդը գրպանից հանված շոկոլադե փոքրիկ կոնֆետները Արմինեին մեկնելով, - չմերժեք, խնդրում եմ: Այսօր իմ ծննդյան օրն է:
Սկզբում Արմինեն քիչ մնաց ճչար, բայց երբ հենց իր քթի տակ տեսավ կոնֆետների գույնզգույն թղթերը, սկսեց ծիծաղել: Արմինեի ծիծաղը վարակիչ էր: Երիտասարդը նույնպես սկսեց ծիծաղել:
-Կատակ եք անում, այնպես չէ՞, - վերջապես կարողացավ հարցնել Արմինեն:
-Իհարկե ոչ: Ուղղակի իմ ծննդյան օրը տարվա ամենաչսիրածս օրն է: Այդ օրվա տխրությունը ես երջանկության ակնթարների եմ վերածում վազվզող երեխաների, անծանոթների, պարզապես անցորդների համար' նրանց բոլորին շոկոլադ հյուրասիրելով:
Երբ տղամարդը նստեց, Արմինեն համտեսելով կոնֆետը խոսեց.
-Ասեմ, որ Ձեզ հաջողվեց:
Երիտասարդը լուռ ժպտաց:
-Իմ անունը Հայկ է:
Արմինեն նայեց իրեն նայող տղամարդու աչքերի մեջ:
«Մի՞թե ես կարող եմ սիրահարվել կրկին, այն էլ բոլորովին անծանոթ և տարօրինակ սովորություններով տղամարդու»:
-Ես պետք է գնամ:
-Բայց դուք կարծես այդքան էլ լավ չեք զգում Ձեզ: Սպասե՛ք օգնեմ…
-Արմինե, իմ անունը Արմինե է, - բռնելով Հայկի ձեռքը, վեր կացավ Արմինեն, - սխալվում եք, ես ինձ հիանալի եմ զգում: Բայց դա չպետք է խանգարի, որ ինձ ուղեկցեք, -Արմինեի դեմքին հայտնվեց խորմանկ ժպիտ:
Երբ արդեն հասել էին փողոցի անկյունին, Արմինեն նայեց այն նստարանի ուղղությամբ, որին նստած էր քիչ առաջ: Հայկն այդպես էլ բացիկը չէր վերցրել իր հետ: Քամին բացում-փակում էր այն, հավանաբար «կարդալով» տողերը, որոնք այդպես էլ բարձրաձայն չասվեցին այն մեկի համար, ում համար գրված էին:
Հիմա դրանք անցյալի բառեր էին' քամուն հանձնված…