Տեսնես երբվանի՞ց ու ո՞նց մարդիկ սկսեցին մտածել, որ ֆեյսբուքյան դաշտում կարելի է կիսահայհոյական բառեր գործածել։ Գիտե՞ք ինչն է հետաքրքիրը։ Ես համոզված եմ, որ առերես շփման մեջ, փողոցում, սրճարանում կամ այլ հասարակական վայրում, համարյա ոչ ոք նման բառեր չի գործածի, համենայն դեպս եթե մոտերքում աղջիկ կամ կին կա։ Բայց ահա պարզվում է Ֆեյսբուքում կարելի է։ Եթե մարդկանց դեմքերը չենք տեսնում, դա նշանակում է կարող ենք մոռանա՞լ, որ մեզ կարդում են նաև աղջիկներ ու կանայք։ Ո՜նց է հնարավոր...

 


Նույնիսկ եթե դիմակավորում եք տվյալ կիսահայհոյական բառը, ասենք՝ հետույքի անվանումից «ի» ածանցով կազմված հայտնի ածականը փոխարինում եք «հետույքային»-ով կամ ասենք «ռ»-ի փոխարեն կետ կամ աստղանիշ եք դնում, ապա դրությունը շատ չի մեղմվում։ Դե՝ մի քիչ մեղմվում է։ Բայց ո՛չ շատ։
Հատկապես ցավալի է, որ նման բառեր գրում են նաև իմ իսկապես շատ լավ ընկերներից շատերը, որոնց ես շատ եմ հարգում ու գնահատում։ Նրանց գրառումներն ու մեկնաբանությունները հոյակապ են՝ խելացի, կարևոր, սթափ։ Որ կարդում ես՝ քեֆդ գալիս է։ Բայց հանկարծ ռաստ ես գալիս նման բառի ու... Տղեք ջան, հավատացե՛ք, նման բառերից ձեր գրառումները ոչինչ չեն շահում։ Ընդհակառակը, թուլանում են։ Դուք շատ լավ գիտեք, որ իմ զահլեն գնում է ջերմոցային, գալստուկավոր լեզվից։ Մանավանդ խոսակցական անկաշկանդ միջավայրում։ Բայց էդ ամենը ոչ մի կապ չունի կիսահայհոյական բառերի հետ։ Իմ սուբյեկտիվ կարծիքով։
Ներող կլինեք։

 


Հ.Գ. Դե՝ առանձնահատուկ դեպքերում որոշ չափով հասկանալի է. երբ ասենք քննարկում ենք իսկապես վտանգավոր մի վիժվածքի արածը, կամ ասենք պատերազմական վիճակի ահավոր սրացում է, մեծ քանակությամբ զոհեր և այլն, բոլորիս զսպվածությունն էլ կարող է թուլանալ։ Բայց դե եսիմ, պիտի հիշենք, էլի, որ տղեքով բիսեդկայում չենք զրուցում, այլ գրում ենք հրապարակային դաշտում։

 

Հրաչ Մարտիրոսյան