Հովհաննես Թումանյանի կյանքի և ստեղծագործության պատմությունը (1900-1912 թթ.), 2013-ին «Գրական էտալոն» հրատարակչության կողմից հրատարակված Սուսաննա Հովհաննիսյանի աշխատությունը, որը ներկայացնում է Հովհաննես Թումանյանի կյանքի 1900-1912թթ. ընկած հատվածի գիտական կենսագրությունը: Պատասխանատու խմբագիր՝ Զավեն Ավետիսյան: 752 էջ:
Գրքի հանձնարարականը

Գիրքը Թումանյանի գիտական ամբողջական կենսագրությունը ստեղծելու երկրորդ, իսկ 1900-1912թթ. շրջանի գիտական կենսապատման անդրանիկ փորձն է:
Փաստագրական ամուր հենքի և վավերագրական հարուստ նյութերի հիման վրա, գրողի վարքագծի ոճի պահպանմամբ հանգամանորեն լուսաբանվում են Թումանյանի կյանքի շուրջ մեկ տասնամյակի ազգային-հասարակական, գրական-գեղարվեստական և հրապարակախոսական գործունեությունը, երկերի ստեղծագործական պատմությունն ու ժամանակի քննադատական արձագանքները, գրական և այլ բանավեճերը, հասարակական միջավայրը և այլն:
Բացահայտվում են հատկապես բանաստեղծի 1905-1906 թթ. ազգային և 1900-1912 թթ. մանկավարժական, լրագրողական գործունեության նոր մանրամասներ, դասագրքեր կազմելու, «Հորիզոն» լրագիրը խմբագրելու շրջանը, Թիֆլիսում և Բաքվում հրատարակած երկու ժողովածուների (1903, 1908), «Մանկական գրադարան» մատենաշարի ստեղծման հանգամանքները, պոետի քաղաքական հալածանքները, երեք բանտարկություններն ու Պետերբուրգի դատավարությունը, գրողի կյանքի գրեթե բոլոր իրողությունները՝ որպես հայ ժողովրդի կենսագրություն և դարաշրջանի պատմություն:
Ներկայացվում են արվեստագետի ստեղծագործության և նրա կյանքի առնչակցությունը, կենսափաստի և գեղարվեստական փաստի սահմանները՝ գրող-գրական երկ փոխկապակցության պատճառահետևանքային սկզբունքով, Թումանյան ուսումնասիրողի, պատմաբանի, հրապարակախոսի, գեղագետի, ազգային գործչի, մտածողի աշխարհայացքի առանձնահատկությունները, նրա գրական ժառանգությունը:
Ցուցադրվում են ազգային հանճարի անհատականությունը և նրա բազմակողմանիությունը, բնավորության և կյանքի ինքնատիպությունը՝ որպես ազգային հոգևոր արժեք:
Գիրքը ներառում է 20-րդ դարասկզբի հայ ժողովրդի ու մշակույթի պատմության, ազգային-հասարակական և գրական կյանքի բազմաշերտ համապատկերը, ժամանակի խոշորագույն գործիչների, գրողի մտերիմների ու նաև հակառակորդների կյանքի նշանակալից դրվագների նորանոր փաստեր:
Աշխատության մեջ ներկայացվում է գիտական հայեցակարգ նմանօրինակ ուսումնասիրությունների համար: Գրքի հսկայածավալ նյութը հիմք է ազգային-քաղաքական մտքի պատմության, հայագիտության ամենատարբեր ոլորտներում նորանոր ուսումնասիրությունների ստեղծման համար:
Գիրքը կարելի է ձեռք բերել Մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետի մասնաշենքի հարևանությամբ' Ալեք Մանուկյան 15/22 (հեռ. 060 54 03 24) հասցեում գտնվող «Հայ գիրք» գրախանութում: