Շատերն են խոսում հայրենիքի ու հայրենասիրության մասին, բայց քչերն են գործում ի սեր հայրենիքի:
Հայ մեծանուն գրող Հովհ. Թումանյանը գործով ապացուցեց իր հայրենասիրությունը: Հովհ. Թումանյանը արեց զարմանալի ու շատ դեպքերում անհավանական մի բան: Հովհ. Թումանյանը ամենայն հայոց բանաստեղծ լինելուց բացի,նաև ամենայն Հայոց արժանի զավակն էր:Մինչ որոշ մարդիկ սեփական անձը ռազմի դաշտից հեռու պահելու համար դիմում էին ամեն տեսակ ստոր միջոցների, Թումանյանն իր բոլոր երեխաններին նվիրեց հայրենիքի պաշտպանության սուրբ գործին: Շատերի համար մահն ավելի գերադասելի է, քան սեփական զավակին ռազմաճակատ ուղարկելը, բայց երբ խոսքը վերաբերում է ամենայն հայոց Թումանյանին... Ահա', թե Թումանյանն ինչ է գրում Անդրանիկին ուղղված իր նամակում.«Սիրելի Անդրանիկ
Ահավոր մոմենտի առջև ամեն մարդ պետք է ընդհանուր սեղանին բերի ինչ որ ունի և կարող է՝ թե վերահաս վտանգը կանխելու և թե բաղձալի հաղթությանը հասնելու համար։

 

 

Ես չորս տղա ունեմ, չորսն ել երկրի կառավարության, Ազգային խորհրդի և քո տրամադրության տակ են, իսկ չորս աղջիկս էլ պատրաստակամ գնում են թիկունքի աշխատանքերին՝ ինչի որ ընդունակ կլինեն։ Ես էլ, անշուշտ, սրանցից թանկ ոչինչ չունեմ, հետևաբար ոչինչ չեմ խնայի, միայն թե կարողանանք բոլոր ազնիվ ժողովուրդների և ազատասեր հոգիների հետ միասին ետ մղել վերահաս վտանգը և պաշտպանել ամենքիս սրբազան իրավունքներն ու ազատությունները։ Ես անսասան հավատում եմ Քո՝ շատ փոթորիների մեջ ձեռք բերած փորձությանը, վառ հայրենասիրությանն ու ազատասիրությանը, այլև բնական մարդասիրությանը ու զինվորական բարձր տաղանդին, և պատրաստ եմ եմ գալու, երբ և ուր կկոչի Քո եղբայրական ձայնը։

 


Համբուրում եմ հերոսական ճակատդ,
միշտ Քո Հովհաննես Թումանյան
Հ.Գ. Սրա հետ միասին, որովհետև ես են կարծիքին եմ, որ ամեն Հայ այժմ պետք է ՝ իրեն դնի կամավոր տուրքի տակ, պարտավորվում եմ ամսական հարյուր ռուբլի տալ էս նպատակով մեր ընդհանուր գանձարանին:»
Այս նամակն ապացույցն է այն բանի, որ Թումանյանն իր բոլոր զավակներին հայրենիքի պաշտպանությանը նվիրելուց բացի, ի բարօրություն հայրենիքի, բացում է նաև՝ իր դրամարկղը և ամսական 100 ռուբլի նվիրաբերում ընդհանուր գանձարանին:
Էլ ինչպիսին է լինում հերոսությունը...
Փաստորեն Թումանյանն արեց մի բան, որը հարիր էր ազնվատոհմիկ մարդուն, ասպետին, վաղնջական ժամանակներում ապրած թագավորին... ցեղակրոնին...
********************************************************************************

 

 


Ցավոք, հետագայում Թումանյանի բոլոր տղաները զոհվեցին, նրանցից մեկը զոհվեց 1918թ. Վանում, մյուսներին զոհաբերեց բոլշևիզմը:
1.ՄՈՒՇԵՂ ԹՈՒՄԱՆՅԱՆ 1889-1938 թթ.
1916 թ. կամավորների կազմում մեկնել է Արևմտյան Հայաստան, զբաղվել որբերի խնդիրներով:1937 թ. Խորհրդային իշխանությունների կողմից ձերբակալվել և աքսորվել է Սիբիր, որտեղ էլ զոհվել է:
2.ԱՐՏԱՎԱԶԴ ԹՈԻՄԱՆՅԱՆ 1894-1918 թթ.
Իր ժողովրդի համար ամենածանր ժամանակ նա մեկնեց Արևմտյան Հայաստան: 1918 թ.-ին 24 տարեկան հասակում զոհվեց Վանում: Արտիկի նահատակությունը մեկընդմիշտ ընկճեց Թումանյանին և մեծապես արագացրեց նրա մահը:
3.ՀԱՄԼԻԿ ԹՈԻՄԱՆՅԱՆ 1896-1938 թթ.
1937 թ. Խորհրդային ռեժիմը ձերբակալեց նրան' հարազատների համար անհայտ թողնելով սպանության օրը և վայրը:
4.ԱՐԵԳ ԹՈՒՄԱՆՅԱՆ 1900-1939 թթ.
1937-ին խորհրդային ռեժիմն Արեգ Թումանյանին աքսորել է և 1939-ի օգոստոսի 30-ին գնդակահարել: Գնդակահարված իր մյուս եղբայրների նման Արեգի մասունքների վայրն անհայտ է:

 

 

Գևորգ Գյուլումյան