Մանուկները գոռում, գոչում,
Լալիս էին աղեկեզ.
— Նա՛նի, նա՛նի, հաց ենք ուզում,
Վե՛ր կաց, նա՛նի, հաց տուր մեզ։

Հիվանդ նանը տեղի տակին
Ծանր տընքաց տըխրալի.
— Մենք հաց չունենք, ես ձեզ մատաղ,
Ապին գնաց հաց բերի։

— Չէ, խաբում ես, սուտլիկ նանի,
Չէ՞ դու ասիր՝ քարափին
Հենց որ զարկի շողքն արևի
Հաց կըբերի մեր ապին։

Արևն եկավ անց էլ կացավ,
Մենք սոված ենք դեռ էսպես.
Նա՛նի, նա՛նի, հաց ենք ուզում,
Վե՛ր կաց, նա՛նի, հաց տուր մեզ։

— Հաց չի գտել ձեր ապին դեռ,
Տուն չի գալի սևերես.
Քիչ էլ կացեք, իմ բալիկներ,
Հիմի էնտեղ կերթամ ես...

Մի մեծ ապի կա երկնքում,
Նա շատ ունի էնտեղ հաց...
Նա ձեզ էնքան շատ է սիրո՜ւմ...
Նա չի թողնի ձեզ սոված...

Կերթամ էնտեղ նըրան կասեմ,
Որ սոված եք, իմ բալեք,
Ձեզ համար շա՜տ-շա՜տ հաց կուզեմ,
Որ դուք ուտեք, լաց չըլեք...

Մանուկները գոռում, գոչում,
Լալիս էին աղեկեզ.
— Նա՛նի, նա՛նի, հաց ենք ուզում,
Վե՛ր կաց, նա՛նի, հաց տուր մեզ:

Բայց չէր լսում էլ ականջը
Բազմաչարչար մայրիկի,
Աչքը փակեց նա հավիտյան
Գընաց, որ հաց ուղարկի: